
«Հին գվարդիան» վերադարձել է. առաջնագծում հանգիստ է
Արցախի դիրքերում գիշերը հանգիստ է եղել: Ադրբեջանցիների կողմից կրակոցներ եղել են, սակայն դրանք որևէ վնաս չեն հասցրել: Այս մասին Արցախից հայտնում է «Հետքի» խմբագիր էդիկ Բաղդասարյանը: Նա քիչ առաջ խոսել է նաև ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, ով վստահեցրել է, որ որևէ միջադեպ չի գրանցվել՝ բացի ադրբեջանցիների մշտական կրակոցներից:
Երեկ Էդիկ Բաղդասարյանն այցելել է զորամասեր, որտեղ տեղի էին ունեցել սահմանային վերջին միջադեպերը: Զրուցել է զինվորների և սպաների հետ: Իր այցերի մասին նա հեռախոսով մանրամասներ է պատմում.
«Ընդհանուր առմամբ հանգիստ էր զորամասերում: Մի քիչ լարվածություն էի զգում, որովհետև տղաներն արդեն երեք օր է՝ նորմալ չեն քնում, հերթապահության են անում: Մի քիչ հոգնածություն կա, բայց երբ զրուցում էինք գործողությունների մասին, սկսում էին ոգևորված պատմել՝ ոնց է եղել, ոնց են դիմադրել:
Երեկ զորամասերի շրջակայքում տեսա հին կռվող տղաներին, որոնք առաջնագիծ էին եկել հերթապահության: Ըստ երևույթին Ղարաբաղում ոչ պաշտոնապես գործում է կիբուցիների նման ինչ-որ խումբ, որ պատերազմական իրավիճակներում նրանք հավաքվում և հայտնվում են առաջին գծում: Երեկ էլ Ստեփանակերտում զրուցում էի մի քանիսի հետ, որոնք պատրաստվում են մեկնել առաջին գիծ: Չգիտեմ՝ սա պաշտոնական է, թե ոչ, բայց Ղարաբաղի իշխանությունները դրա մասին երբեք չեն խոսել: Ես փորձեցի ճշտել՝ ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին, որ նման բան կա: Իսկ տղաների երբ խոսեցի, ասացին՝ իհարկե, հենց մի բան լինում է, մենք պետք է զինվորների հետ լինենք և զինվորներին անհրաժեշտության դեպքում տանենք մարտի:
Բնակչությունը անհանգստացած է իրավիճակով, բայց լարվածություն չկա: Անհանգիստ են այնպես, ինչպես պատերազմական շրջանում, որովհետև գրեթե ընտանիք չկա, որը բանակում ծառայող չունենա, մանավանդ վերջին օրերին ոչ ոք տուն չի գալիս, բոլորը հերթապահության են:
Ադրբեջանական ապատեղեկատվությանը, որն անընդհատ տարբեր բաներ է գցում, առանձնապես լուրջ չեն ընդունում և նորմալ են վերաբերում: Խոսեցի նաև բարձրաստիճան սպաների հետ, ովքեր դա կապում են ադրբեջանցիների մեծաթիվ զոհերի հետ և թաքցնում են իրենց զոհերի իրական թիվը: Բայց ստացված տարբեր ինֆորմացիաներով հասկանալի է դառնում, որ նրանք դա երկար չեն կարող թաքցնել: Այսօր ասում են, որ միջադեպ է եղել, սակայն այդ զոհերը եղել են մի քանի օր առաջվա դեպքերում: Նրանց մոտ մեծ թիվ են կազմում վիրավորները, որովհետև երբ մերոնք ետ են մղել, վնասել են նաև թիկունքը, և իրականում նրանք մեծ զոհեր են տվել:
Հետախույզներից մի քանիսի հետ եմ զրուցել: Նրանք ասում են, որ Ադրբեջանը ուրախանալու առանձնապես բան չունի, որովհետև հատվածներ կան, որ նրանց դիրքերը դատարկ են, ադրբեջանցիները ուղղակի հերթապահության միայն ցերեկն են կանգնում: Կարծում եմ՝ իրենց պաշտպանության նախարարը մեծ խնդիրներ պետք է ունենա, որովհետև դա բացահայտվում է նաև մեր գործողություններով. երբ մերոնք հետ են մղում նրանց հարձակումները, բացահայտվում է նրանց բանակում տիրող անկազմակերպ վիճակը: Իրականում այդքան զինամթերք, այդքան ռազմական բյուջե ունեցող բանակը որևէ արժեք կարծես թե չունի:
Երեկ տղաներից մեկի հետ էի խոսում, կատակով ասում էր, որ նրանց զենքերը շատ է դուրս եկել, տղաներից խոստացել են իսրայելական զենքերից մի քանի հատ բերեն: Իրենց համար էլ դա առիթ է՝ բանակի զինատեսակները համալրելու: Նախանձելի զենքեր ունեն ադրբեջանցիները, բայց չեն կարողանում օգտագործել, դիվերսիաների ժամանակ էլ թողնում ու գնում են այդ զենքերը»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել