HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ից կրճատել են շնողցի ու թեղուտցի բանվորների

«Թեղուտ» ՓԲԸ-ի շինտեղամասերում վերջին մեկ ամսում աշխատողների կրճատումներ են սկսվել: Կրճատվել են Շնող և Թեղուտ գյուղերի 38 աշխատող: Նրանցից 30-ը շնողցիներ, իսկ 8-ը թեղուտցիներ են: Աշխատողներից 15-ը ազատվել են օգոստոսի 1-ին: Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանն ասում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատող 260 շնողցիներից մեծ մասը աշխատում են հենց շինտեղամասերում և աշխատանքից զրկվելու վտանգի առաջ են կանգնած: Երեկ առավոտյան աշխատանքից ազատված 15 շնողցի գնացել են Շնողի գյուղապետարան: Նրանք գյուղապետ Հովիկ Սահակյանին բողոքել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն այս պահին աշխատանքից ավելի շատ կրճատում է Շնողի և Թեղուտի գյուղացիներին:

Հովիկ Սահակյանն երեկ մեզ տեղեկացրեց, որ բողոքից հետո Թեղուտի համայնքապետ Ֆրունզիկ Նորեկյանի հետ գնացել են «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ընդհանուր հարցերով տեղակալ Ռուբեն Պապոյանի մոտ: Վերջինս հիմնավոր չի համարել կրճատվածների բողոքը: «Այդպիսի բան չի կարող լինել, մեզ հետաքրքրում են ուղղակի որակյալ և ոչ որակյալ մասնագետները»,- ասել է նա: Հովիկ Սահակյանն էլ նեղացած հակադարձել է Ռ. Պապոյանին, թե բանից պարզվում է ընկերության անորակ աշխատողները հենց շնողցիներնն ու թեղուտցիներն են: Ռուբեն Պապոյանը գյուղապետերին հավաստիացրել է, թե մի երկու-երեք ամիս հետո ակնհայտ կլինի, որ ընկերությունը նախապատվությունը տվել է տեղացիներին: Ասել է նաև, որ կրճատվածները քննություն են հանձնելու, որից հետո այդ մարդկանց կարող է նորից ընդգրկել աշխատանքում: Գյուղապետերը դժգոհել են, թե տրանսպորտ եք դնում, ծախս անում, տարբեր վայրերից մարդիկ բերում ընկերությունում աշխատելու, երբ տեղացին և դրսից եկածը աշխատողները նույն որակավորումն ունեն: «Ինչու՞ Օձունից , Ծաղկաշատից և հարևան մյուս բնակավայրերից Թեղուտում աշխատողներին էլ չեք կրճատում»,- Ռ. Պապոյանին հարցրել է Հովիկ Սահակյանը:

Այսուհանդերձ, «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրինությունը արդեն կրճատվածների անցատոմսերը հետ է վերցրել: «Ինչի՞ պետք է հենց առաջին զոհը մեր գյուղացիք լինեն, ըհը մեր գյուղացի Ջոջը, պատվոգիրը ձեռքին կրճատել են աշխատանքից: Ջոջը մեր ընկերներից ա, Հովիկ Եսայանն ա, պատվոգիր ունի Մեջլումյանի կողմից: Պատվոգիրը տվել են, որ գործից հանեն: Մեր գյուղացի բարձրագույնավարտ Հայկ Խառատյանը բանվոր է աշխատում, նրան էլ են ազատել աշխատանքից: Դուքանաձոր պահեստներ են սարքում, կարող էին մեզ աշխատանքի վերցնել այնտեղ: Անտառն ա, փոշին ա, կեղտն ա, ջուրն ա, ճառագայթն ա, մենք ենք, չէ՞, էդ վնասը կրում»,- ասաց շնողցի Ռուբեն Միրզոյանը:

Կրճատվածները համաձայն են, որ ընկերությունը աշխատանքի ընդունելիս առաջնությունը պետք է տա լավագույն մասնագետներին, սակայն բանվորական աշխատանքերում նրանք պահանջում են առաջնահերթությունը տալ Շնողի և Թեղուտի բնակիչներին: «Ես 4,5 տարի աշխատել եմ «Թեղուտ» ՓԲԸ-ում: Շինարարական բրիգադի առաջատարն եմ եղել»,- բացատրեց Հովիկ Եսայանը, ում շնողցիները Ջոջ են ասում: «Ինչպե՞ս եղավ, որ Ձեզ ազատեցին աշխատանքից»,- հարցրի Հովիկին: «Խաբեցին, կրճատեցին, էլի: Ես իմ պատվոգիրն իրենց ցույց եմ տվել, ասել եմ՝ էս Ձեր տված պատվոգիրը չի՞: Ի՞նչն է պատճառը, որ ինձ կրճատել ես: Հիմի ոչ անասուն ունենք, ոչ բաղում միրգ ունենք, իմ միակ եկամտի աղբյուրը իմ աշխատանքն էր: Խաբեցին ուղարկեցին ներքև, անցակետից դուրս էինք գալիս, անցատոմսերը վերցրեցին, թե էգուց գործի չեք: Պետք է մենք աշխատենք, ոչ թե օձունցիներն ու ծաղկաշատցիները: Վանաձորից էլ կա Թեղուտում աշխատող: Մեր հողերն ամբողջությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն վերցրել է ջրի գներով, օձնեցիք թող գնան իրենց հողերը մշակեն, մենք էլ մեր տված հողի դիմաց ընկերությունում աշխատենք»,- ասաց Հովիկ Եսայանը:

Էլեկտրագազաեռակցող Վասիլ Սարգսյանը նույնպես վրդովված էր իրեն աշխատանքից կրճատելու համար: «Մեզ ասին՝ ոչ մի բան չկա, ստորագրեք: Ահագին գրություն էր, թե բա կարդացեք, ծանոթացեք: Մենք էլ, դե մեր տարիքի համեմատ ակնոցների պրոբլեմ կար: Ասին ուղղակի մեր շինարարությունը պրծնում է, Ձեզ տեղափոխելու ենք ուրիշ տեղ աշխատելու: Միայն, երբ նստեցինք վերջնական ժողովի, Ռուբեն Պապոյանը ասաց, էսենց է, դուք գնալու եք ինչ-որ քննություն տաք` ֆաբրիկայում աշխատելու համար: Երկուշաբթի էլ, երբ մենք գնացինք, նույնիսկ անցակետին մոտ չթողին»,- պատմեց Վասիլը:

Աշխատանքից կրճատված շնողցիներն ու թեղուտցիները տեղյակ են վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ այսօր «Թեղուտ» ՓԲԸ նախատեսված այցին: Նրանք ասում են, որ ընկերություն գնացող ճանապարհը փակելու և սպասելու են վարչապետին` իրենց վրդովմունքն ու բողոքը հայտնելու համար: