HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Աբրահամյան.«30 սահմանամերձ բնակավայրերում գործարարությամբ զբաղվողները կազատվեն բոլոր տեսակի հարկերից»

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նապատասխանել է նաեւ «Հետքի» հարցերին:

՞նչ գնահատական կտաք Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

-Մենք տեղում ծանոթացել ենք Ղարաբաղում ստեղծված լարվածությանը: Կարևորը, որ դիրքերից սկսած`բոլորը տրամադրված են մարտական: Կրակոցները միշտ եղել են, այդ ակտիվությունը ես կապում եմ նաև Սոչիում օգոստոսի 8-9-ի կայանալիք երկու նախագահների և Ռուսաստանի նախագահի հանդիպման հետ: Ինչևիցե, սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան,որ իրենք այսօր Արցախի և Հայաստանի բանակներին ձեռնոց նետելու հնարավորություն չունեն: Եթե թվերը համադրում ենք, մենք ունենք 6 կորուստ, իրենք ունեն 8 անգամ ավելի: Իհարկե, յուրաքանչյուր զինվորի կորուստ ժողովրդի և տվյալ ընտանիքի համար ծանր կորուստ է: Այս առումով մեր ցանկությունն է, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Ստեղծված իրավիճակում, որպեսզի մեր բնակիչները չլքեն սահմանամերձ գյուղերը և աշխատանք ունենան, մենք հիմա օրենքի նախագիծ ենք պատրաստում, որը սեպտեմբերին կներկայացնենք ԱԺ: Ըստ օրենքի նախագծի 30 սահմանամերձ բնակավայրերում գործարարությամբ զբաղվողները կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Դա մեծ կորուստ է մեր բյուջեի եկամուտների մասով, բայց մենք գնալու ենք այդ քայլին: 

-Դուք օրեր առաջ ոչ կոռեկտ գնահատական եք տվել Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին խոսելիս: Չեք կարծում, որ Լևոն Հայրապետյանին աջակցելը ՀՀ կառավարության համար պետք է դառնա ազգային արժանապատվության խնդիր:

-Ինձ լրագրողը հարցրեց. «Դուք ինչ կապ ունեք Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ»: Իրոք, ես ինչ կապ ունեմ»: Իմ պատասխանը ոչ թե Լևոնին էր վերաբերվում, այլ լրագրողին: Եվս մեկ անգամ ասեմ, մենք Լևոն Հայրապետյանի բարեգործությունները շատ բարձր ենք գնահատում: Նա միշտ օգնել է Արցախի զարգացման բոլոր ծրագրերին, միշտ եղել է Արցախի կողքին: Մենք փորձելու ենք մեր լիազորությունների շրջանակներում որպես մեր բարերար և հայ ազգի ներկայացուցիչ օգնել Լևոն Հայրապետյանին: Դա մեր պարտականությունն է:

-Չեք կարծում, որ Կառավարությունը պետք է լուրջ հսկողություն սահմանի  երկրի պետբյուջեի և համայնքային բյուջեի ծախսերի նկատմամբ:

- Ես, այո, ձեզ հետ համաձայն եմ: Այն չինովնիկները, ովքեր կփորձեն պետբյուջեի եկամուտները ծախսել անարդյունավետ, մեզ հետ ճանապարհ չունեն անցելու: Դա մեզ համար լինելու է կարևոր խնդիր, երկրի համար այս պայմաններում մենք իրավունք չունենք շռայլության գնալ: Ամենակարևորը` մենք պետք է աշխատենք թափանցիկ և արդար: Այդ հարցով ես շատ հետևողական եմ լինելու:

-Լոռու մարզը արտագաղթի ամենաբարձր ցուցանիշներն է ապահովում: Ինչ  է ձեռնարկելու կառավարությունը արտագաղթը կանխելու համար:

-Մենք պետք է մեր եղած սահմանափակ ռեսուրսները օգտագործենք արդյունավետ և ստեղծենք աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդը չլքի Հայաստանը: Ես երկու չարիք եմ գնահատում` արտագաղթը և աղքատությունը: Դրա դեմ մենք պայքարելու ենք:

նչ է սպասվում «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությանը: Ընկերությունը չի կարողանում լուծել իր բնապահպանական խնդիրները: Սպառման շեմին են այժմ շահագործվող հանքավայրի պաշարները եւ ընկերության նոր սեփականատերը պատրաստվում է պղնձի հանք շահագործել սողանքային Կաճաճկուտ գյուղում:

- Ինչ վերաբերում է Ձեր բարձրաձայնած հարցերին, յուրաքանչյուր հանքարդյունաբերություն պետք է աշխատի օրենքի շրջանակում, ինչքան էլ բյուջեին փող վճարի, ինչքան էլ աշխատատեղ ունենա, մեզ համար ամենակարևորը նաև մեր բնակչության առողջությունն է և բնապահպանական խնդիրները: Հիմա ես բնապահպանության նախարարությանը և պատկան բոլոր մարմիններին կհանձնարարեմ, որ անպայման այդ հարցերի շուրջ փորձեն քննարկում կազմակերպել և հասկանալ այդ ծրագրերը երբ է իրականցվելու: Իհարկե , ուրախ ենք, որ իրենք իրացման խնդիր չունեն, ուրախ ենք , որ ձեռնարկությունում 700-ից ավելի մարդ է աշխատում: Կա հնարավորություն այստեղ ևս 200 աշխատատեղ ավելացնելու: Ամփոփեմ խոսքս, կարևորում ենք այս գործարանի աշխատանքը, կարևորում ենք, որ օրենքի շրջանակներում աշխատի և ես որպես կառավարության ղեկավար աջակցելու եմ, որպեսզի հանքարդյունաբերությունը զարգանա:

-Ինչ հանգուցալուծում է ստանալու «Վանաձոր –Քիմպրոմում» ստեղծված իրավիճակը:

-Այս ընկերության, ինչպես նաև «Նաիրիտի» աշխատողները շատ ծանր կացության մեջ են: Ես իրենց չեմ մեղադրում: Մտահոգվում եմ իրենց բարձրացված խնդիրներով: Իրոք մարդիկ աշխատել են և աշխատավարձ չեն ստացել: Լավ է, որ այստեղ 350 մլն դրամ է պարտք, ոչ թե 15 մլն դոլար, ոնց որ «Նաիրիտն» է, բայց ես պայմանավորվածություն ունեմ, որ մինչև օգոստոսի 10-ը մեկ ամսվա աշխատավարձ վճարվի: Պետք է փորձենք մտածել նաև վերագործարկվելու մասին: Իհարկե, սեփականատերերը խոսում են, որ իրենք ծրագրեր են անում, ես տեղյակ եմ այդ ծրագրերից, եթե դա իրականանա ,շատ լավ կլինի: Մենք կաջակցենք, որպեսզի իրականանա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter