HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». զենքերը, որ ձեռք է բերելու Ադրբեջանը Թուրքիայից, կիրառմամբ բնորոշ են թուրքի տեսակին

Օրերս ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն` թուրքական ROKETSAN ընկերությունը հաջորդ տարեսկզբից ռեակտիվ արկերով է ապահովելու Ադրբեջանին` Հայաստանին թշնամի այդ պետության զինված ուժերի պատվերով: Տեղեկատվությունը հավաստի է. այդ մասին APA-ին հայտնել է ROKETSAN ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակը:

Այսպիսով Թուրքիան հերթական անգամ ապացուցում է, որ անդավաճան է Հայաստանի հանդեպ իր թշնամական քաղաքականության սկզբունքին, քանզի միանշանակ պարզ է, որ Ադրբեջանն այդ հրթիռները ոչ թե կարկտաբեր ամպերը ցրելու, այլ Ղարաբաղի ու Հայաստանի դեմ օգտագործելու համար է ձեռք բերելու: Սա` ի գիտություն բոլոր այն հայերի, որոնք ոգևորված էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ ու ջատագովն էին դրանց վավերացման: Հետաքրքիր է, թե վերոնշյալ փաստն ինչպես կմեկնաբաներ այդ արձանագրությունների ստորագրման «քավորը»` Հիլարի Քլինթոնը: Մենք նրան համապատասխան հարցեր տալու հնարավորություն չունենք, հետևաբար լավ կլիներ, որ այդ մեկնաբանությունը նրանից ստանար մեկ-մեկ Ամերիկա գնացող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բայսակը նաև հայտնել է, որ սկզբնական փուլում ծրագրվում է համատեղ արտադրել 107 և 122 մմ տրամաչափի ռեակտիվ արկեր, որոնց շարժիչները կպատրաստվեն Թուրքիայում` ROKETSAN ընկերության կողմից: Հաջորդ փուլում քննարկվելու է 122 մմ տրամաչափի հրթիռների արձակման հատուկ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Թե իրենցից ինչ են ներկայացնում այդ հրթիռները, ինչ սպառնալիք կարող են լինել Հայաստանի համար, խնդրեցինք մեկնաբանել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանին:

«Այդ լուրը սպասելի էր. 2009 թե 2010 թ. դրա պայմանագիրը կնքվել էր, քննարկումներն էին ընթանում, համապատասխան խնդիրներն էին ճշտվում,- ասաց Ա. Հովհաննիսյանը:- 107-ը նատօյական հին (50-ական կամ 60-ական թթ.) ստանդարտ է, որն արդեն մերժված է, 80-ականներին ՆԱՏՕ-ի անդամ զարգացած պետությունների արտադրությունից հանվել է. եթե այդ երկրների որոշ մասնավոր ընկերություններ արտադրում էլ են, ապա ոչ ՆԱՏՕ-ի բանակի, այլ հետամնաց երկրներին տալու համար:

Ինչ վերաբերում է 122 միլիմետրանոցին, ապա այն զուտ խորհրդային տրամաչափ է, թուրքական, անգամ չինականացված, Վարշավյան պայմանագրի պետություններում վերափոխված հրթիռների վերափոխված տարբերակն է: Թուրքիան սկսեց դրանցով զբաղվել ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ մասնավորապես ԳԴՀ-ից «Գրադ»-ների ու հրթիռների մեծ խմբաքանակ ստացավ: Հասկանալով, որ աշխարհով մեկ այդ տրամաչափը տարածված է ու լայն կիրառություն ունի, քիթը խոթեց տվյալ արկերի արտադրության ոլորտ: Ինչպես 107, այնպես էլ 122 միլիմետրանոց այդ ռեակտիվ արկերը, այսպես ասած, աշխարհի ապագա պատերազմներում տեղ չունեն, կիրառվելու են այնքանով, որքանով զինապահեստներում կուտակված են»:

Ըստ մեր զրուցակցի` Հայաստանը 122 միլիմետրանոց ռեակտիվ արկերի արտադրությունն աննպատակ է համարում, դրանք էժան գնով ձեռք է բերում արտերկրից:

Քանի որ ռազմական փորձագետի վերը բերված պատասխանից հայտնի չդարձավ, թե ռեակտիվ արկերը, որոնք Ադրբեջանը շուտով ձեռք է բերելու, խորհրդային կամ ռուսական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից որի՞ն են համարժեք` «Գրադի՞ն», «Ուրագանի՞ն», «Թայֆունի՞ն», թե մեկ այլ համակարգի, փորձեցինք նրանից հենց այդ հարցը ճշտել:

«122-միլիմետրանոց այդ արկերը «Գրադի» արդիականացված տեսակն են, հիմնականում հեռահարությունն են ավելացրել, հասցրել մինչև 40 կիլոմետրի, բայց դրա համար մարտական մասի զանգվածն են նվազեցրել,- պարզաբանեց Ա. Հովհաննիսյանը:- Ադրբեջանին այդ արկերի վաճառքը, բոլոր դեպքերում, երևույթ է, այսինքն` այնպես չէ, որ այդ փաստն ընդհանրապես անտեսել է պետք, սակայն դա ինչ-որ առանձնակի ձեռքբերում ներկայացնելն էլ սխալ է: Եվ երկրորդ` 107 և 122-միլիմետրանոց այդ արկերը զինատեսակներ են, որոնք նախատեսված են բնակավայրերի, մարդկային մեծ զանգվածների հրետակոծման համար, ժամանակակից պատերազմների համար բարձրակարգ զենքեր չեն:

Քանի որ թիրախը խոցելու դրանց ճշտությունը շատ փոքր է, շեղումը կարող է հասնել 1000-1500 մետրի, առավելապես կիրառելի են բնակավայրերի, քաղաքացիական բնակչության զանգվածային հրետակոծման համար, որովհետև որքան էլ շեղվեն, քաղաքում կամ գյուղում եթե մի տանը չկպչեն, կարող են մյուսին կպչել: Այդ զինատեսակի վերջին կիրառությունը տեսանք 2008 թ. վրաց-ռուսական պատերազմում, երբ Վրաստանը դրանք կիրառում էր հիմնականում բնակավայրերի նկատմամբ:

Զորքերի նկատմամբ ռազմական գործողությունների ժամանակ դրանք մեծ արդյունավետություն չունեն: Մենք ունենք ավելի հզոր, գերճշգրիտ, հեռահար, մարտավարական և օպերատիվ-մարտավարական հրթիռներ և գերակայությունը տալիս ենք հակառակորդի զինված ուժերին խոցելու մեծ արդյունավետություն ունեցող այդպիսի հրթիռների ձեռքբերմանը: Թուրքի դատողությանը, տեսակին օրինաչափ է քաղաքացիական բնակչությանը հնարավորինս ջարդելը, վնասելը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter