Քարինջում անփուշ մոշ ու ընկույզի թզուկ ծառ են աճեցնում
Էմմա Պետրոսյան
Լոռու մարզի Քարինջ գյուղում բոլորն են զբաղվում անասնապահությամբ. սա գյուղում ապրուստի հիմնական միջոցն է: Գյուղի բնակիչներից միայն քչերն են իրենց ուժերը կենտրոնացնում նաև հողագործության վրա: Ռաֆայել Հարությունյանը նրանցից մեկն է: Արդեն մի քանի տարի է, ինչ նրա ընտանիքը հողագործությամբ է զբաղվում, այգուց բացի, նաև ջերմոցային տնտեսություն են հիմնել, որտեղ լոլիկ են աճեցում: Ջերմոցն ու այգին՝ իր տեսակի մեջ միակն են գյուղում: Գնորդների պակաս արտադրողը չի ունենում. քարինջցիները լոլիկը գնում են միայն նրանից:
«Գյուղացիք շատ հավանել են պամիդորը, մինչև անգամ էն հեռու թաղից էլ գալիս են, ստեղից են առնում»,- ասում է ֆերմեր Ռաֆայել Հարությունյանը, բայց նաև ցավով նշում, որ ազնվամորու թփերն այս տարի բերք չեն տալու, քանի որ բույսը ցրտահարվել է:
Ցրտահարվել է նաև ձիթենու ծառը, որի հետ նույնպես ֆերմերը հույսեր էր կապում. մտածում էր Քարինջում ևս ձիթենի աճեցնել: Ջերմոցը, որտեղ միայն լոլիկ է աճեցվում, ամբողջ տարին չի գործում, քանի որ ջեռուցման խնդիր կա: Սակայն մի քանի ամսվա ընթացքում այնքան եկամուտ է ստանում, որ դժգոհելու առիթ ֆերմերը չի ունենում: «Շատ աշխատատար գործ ա էս ջերմոցային գործը, անընդհատ պետք ա զբաղվես, պետք ա մարդ ըլի, որ ջերմոցին հետևի: Դե մենք էլ էդ ա՝ ընտանիքով զբաղվում ենք էլի»,- ասում է ֆերմեր Ռաֆայել Հարությունյանը, ով ցանկություն ունի մեծացնելու իր տնտեսությունը:

«Ստեղ էլ տեղ չկա ջերմոց սարքելու: Էս ջերմոցը սարքելու համար էլ շատ չարչարվել ենք, տեղը հարթեցրել ենք: Էն սկզբում ստեղ նպատակահարմար չի ելել էլի ջերմոց սարքելու համար՝ տեղանքը թեք ա: Բայց դե չարչարվել ենք, սարքել ենք»,- ասում է ֆերմերը: Վերջինիս տնտեսության հարցում շատ է օգնում իր որդին՝ Հարությունը, ով Հայաստան վերադառնալուց հետո սկսել է համագործակցել տարբեր կազմակերպությոունների հետ, որոնք փորձում են Հայաստանում տարածել ոչ ավանդական մշակաբույսերի մշակումը:
Այս պահին Հարությունյանների այգում մեկական եզակի ծառ ու թուփ կա. առաջինն ընկույզի թզուկ ծառն է, որի հասակը չի ավելանում, իսկ երկրորդը՝ առանց փշերի մոշի թուփն է: Այն արդեն իսկ լավ հարմարվել է տեղի բնակլիմայական պայմաններին: «Էս մոշի թուփը բացի իրա բերքատվությունից, նաև ահագին բաների դեմ պայքարում ա՝ հողերի սողանքներին կապված: Էֆեկտիվ բույս ա, կարելի ա շատացնել: Մենք էդպիսի նպատակ ունենք ու արդեն իսկ սկսել ենք շատացնել»,- ասում է կրտսեր Հարությունյանը: Նշված թփերի մոշի բերքը թեև համային ոչ մի տարբերություն չունի սովորական մոշի բերքից, սակայն կրկնակի խոշոր է և, ի տարբերություն վայրի մոշի, ոռոգման կարիք է զգում: Հարությունի կարծիքով՝ տեղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են հողագործության համար:

«Շատ շուտ ըտեղ էլ էլի պամիդորի, սմբուկի, բիբարի, ձմերուկի, տենց կուլտուրաներ ժամանակին աճեցնելիս են եղել ու շատ համով ա եղել: էս նույն տարածքում էլ, որ հիմա արդեն մոշ ենք հիմնել, հերս անցյալ տարի սմբուկ ու բիբար էր ցանել: Բայց դե բերքատվությունը նաև սերմերից, ջրից ու էդ ամեն ինչին հետևելուց ա կախված: Կլիման էլ դե մի տարի չի ներում, օրինակ՝ կարկուտ ա ըլնում, ցուրտ ա ըլնում, բայց մի տարի էլ բարենպաստ ա ըլնում: Նենց չի, որ ասես չի ըլնում, խիստ լեռնային չի էլի մեր տարածքը: Էս լեռները մի տեղ էլ նպաստում են, օգնում են՝ քամու սառը հոսքը կասեցնում են: Ստացվում ա, որ անեն՝ ստացվում ա»,- ասում է ֆերմեր Հարությունը, բայց նաև գիտակցում է, որ գյուղատնտեսությունից մեծ եկամուտներ սպասել չի կարելի, մանավանդ Հայաստանում, որտեղ գյուղատնտեսությունը չի սուբսիդավորվում:
«Ուրիշ պետություններում ուղղակի սուբսիդավորվում ա՝ մի քիչ գյուղացու հոգսը թեթևանում ա: Ըստեղ՝ պետություն ա՝ պետության մեջ. դու ինքդ քու հողով, քու ջրով, դու քու հոսանքով, քո հոգսերով, տենց պտի ըլնի էլի, մեզ մոտ տենց ա»,- ասում է Հարություն Հարությունյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել