
Հայ շախմատիստուհիներն այսօր մրցելու են առաջատար ռուսների հետ
Տրոմսյոյում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, ինչպես հայտնի է, երեկ ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի թիմի հետ եւ նահանջեց 6 հորիզոնական ու հիմա 14-րդն է:
Արշակ Պետրոսյանի թիմը վաստակել է 12 միավոր, ինչպես 7-18-րդ տեղերում գտնվող թիմերը: Աղյուսակը գլխավորում է Չինաստանը, որը երեկ Ադրբեջանին հաղթելուց հետո դարձավ միանձնյա առաջատար՝ վաստակած 14 միավորով: Ֆրանսիան, Ուկրաինան, Ադրբեջանը, Չեխիան, Ռումինիան ունեն 13-ական միավոր:
Այսօր կայանալիք 9-րդ տուրում մեր հավաքականը կմրցի Սերբիայի ընտրանու հետ, որն ընթանում է 15-րդ տեղում: Կկայանան նաեւ Չինաստան-Ուկրաինա, Չեխիա-Ֆրանսիա, Ադրբեջան-Ռումինիա մրցավեճերը:
Մեր կանանց թիմը բարելավել է մրցաշարային դիրքը երեկ կոլումբացիներն հաղթելուց հետո: Այս պահին մերոնք ունեն 13 միավոր եւ 4-րդ տեղում են: Առաջատարը Ռուսաստանն է, որը 8 խաղում 8 հաղթանակ է տարել եւ ունի 16 միավոր: Չինաստանը 14 միավորով երկրորդն է: Ֆրանսիան, Հայաստանը, Ուկրաինան վաստակել են 13-ական միավոր եւ ըստ լրացուցիչ ցուցանիշների դասավորվել են նշված հերթականությամբ: Այսօր մեր թիմը կխաղա հենց ռուսների հետ, կմրցեն նաեւ Ֆրանսիա-Չինաստան, Հնդկաստան-Ուկրաինա զույգերը:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել