Ուղևորներն ու սպասարկողը միմյանց են մեղադրում. ավտոբուսները պարբերաբար ստիպված են վերանորոգել
Նոռա Անանյան
«Հետքը» ընթերցող Անահիտ Ղուկասյանից նամակ էր ստացել, որտեղ վերջինս նշում էր թիվ 58 երթուղու ավտոբուսներից մեկի նստարանների անբարեկարգ վիճակի մասին: Նամակին կից Անահիտ Ղուկասյանը ներկայացրել էր նաև մաշված և պատառոտված նստարաններով սրահի լուսանկարները:
Ավտոբուսի նման վիճակի պատճառները պարզելու համար զրուցեցինք երթուղուց արդեն մոտ 1 տարի օգտվող Աննայի հետ: «Պարզապես անհնար է օգտվել այս ավտոբուսից, տհաճ է անգամ նստել այս նստարաններին, չնայած՝ ում կարող է հաճելի լինել այս վիճակը: Ես հույս էլ չունեմ, որ օրերից մի օր այն սարքին և պատշաճ տեսք կունենա»:
Մեզ հետ զրույցում, սակայն, վարորդ Գագիկ Սահակյանը նշեց, որ երթուղին սպասարկող ավտոբուսների սրահներն այժմ վերանորոգվում են:
«Որ ես էլ չասեմ, գիտեք, շատ «նուրբ» ժողովուրդ ունենք: Ջարդում, փշրում, ճղում, գրում են ու չեն մտածում, որ էլի իրենք են օգտվելու ավտոբուսից. հետո էլ կբողոքեն, թե վատ վիճակում է գտնվում ավտոբուսը: Իսկ ամեն մի սրահը վերանորոգելու համար 200.000 դրամից ավելի գումար է ծախսվում: Ամիսը մեկ հո չեն կարող վերանորոգել: 80%-ով ուղևորների մեղքով է սրահն այս վիճակում»,- ասաց Գագիկ Սահակյանը:
Երթուղին սպասարկող «ՍԱՔ-ԽԱՉ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Քերոբյանը նման վիճակի համար նույնպես մեղադրեց ուղևորներին:
![]() |
![]() |
![]() |
«Վերանորոգման աշխատանքներ մենք անցած տարի էլ ենք կատարել, իսկ նստարաններն այդ վիճակում են հայտվել ուղևորների անփույթ վերաբերմունքի արդյունքում` բռնվելու տեղը թողած, նստարաններից են բռնվում: Այդ պատճառով այս տարի աշխատանքները կատարվել են մի փոքր այլ եղանակով, ինչպես նաև ավելի ամուր կտորներ են օգտագործվել: 18 մեքենայի համար ծախսվել է մոտ 3.800.000 դրամ. 10 ավտոբուսի սրահ արդեն վերանորոգվել է»:
Արմեն Քերոբյանը հավաստիացրեց, որ մինչեւ սեպտեմբեր վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված կլինեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ


Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել