HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտադրական վթար՝ Ալավերդու պղնձաձուլարանում

Վերջին մի քանի օրերին երեկոյան Ալավերդու փողոցներում քայլելը կրկին դարձել է անհնարին: Այսօր՝ ժամը 18:00-18:30 –ին էլ ալավերդցիները քաղաքի Ս.Սարահարթ թաղամասի  փողոցներում քայլում էին՝ թաշկինակներով  քթանցքներն ու բերանները փակած: «Գիշերը՝ ժամ 1:40-2:00-ին, պղնձաձուլական գործարանից ուժեղ պայթյուններ են լսվել Ս.Սարահարթ թաղանասի 2-րդ զանգվածում»,- «Հետքին» այսօր տեղեկացրեց Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը, ով ապրում է  2-րդ զանգվածի շենքերից մեկում:

Պայթյունները խուճապ են առաջացրել 2-րդ զանգվածի բնակելի շենքերի բնակիչների շրջանում. «Սարսափելի էր, խուճապահար ամբողջ ընտանիքով   արթնացանք և երկար ժամանակ, հատկապես երեխաները չէին կարողանում քնել»,- ասաց  թաղամասի բնակչուհի Քրիստինե Իսոյանը:  

Գործարանի պայթյունների ձայնը հասանելի է եղել նաև քաղաքի Սպանդարյան,  Զորավար Անդրանիկի այլ թաղամասերում: Արտանետումների վերջին օրերի մեծ ծավալի մասին «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունը բնակչության շրջանում պաշտոնական որևէ բացատրություն  չի տարածել: Այսօր երեկոյան գործարանի 20 մետրանոց  խողովակի արտանետումների մեծ հոսքի պատճառով Կոշաբերդ սարը ծխի մեջ չէր երևում: Ալավերդիում շատերը ենթադրում են, որ ձուլարանում  միաժամանակ  գործարկվում են երկու վառարանները:

Ստեղծված վիճակի մասին մեր հարցմանը քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը նշեց, որ իր կարծիքով  պղնձաձուլական գործարանի արտանետումներում  բան չի փոխվել, նույնն է մնացել: Սակայն մեր հեռախոսազանգից հետո քաղաքապետը գործարանի տնօրինությունից պարզեց, որ երեկ կեսգիշերի պայթյունները եղել են պղնձաձուլական գործարանի արտադրական վթարի հետևանք:

«Ասում են՝ ձուլարանի վառարանից շլակը փախել է, դա արտադրական պրոցեսում պատահող երևույթ է»,- բացատրեց  քաղաքապետը:

Վերջինս տեղյակ էր, որ  գիշերվա պայթյուններից հետո ալավերդցիների շրջանում խուճապ է առաջացրել նաև այսօր առավոտյան Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում վայրէջք կատարած  ուղղաթիռը: «Այդ ուղղաթիռով կանադացի ներդրողներ են եկել պղնձաձուլական գործարան: Ամենայն հավանականությամբ Ալավերդու պղնձաձուլական գործարանը կդառնա  Հայաստանի պղնձի կենտրոնացված արտադրավայր` իհարկե, տեխնիկական վերազինումից հետո»,- ասաց Արտավազդ Վարոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter