HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անդրանիկ Ավետիսյան.«Ես վերցնում եմ նրանց ստեղծագործություն սարդոստայնն ու ստեղծում իմը»

Կեսօր է ու արեւը վերեւից կրակ է թափում: Գյումրեցի արվեստագետ Անդոյի (Անդրանիկ Ավետիսյան) արվեստանոցում զով է, սակայն նրա գործընկերներին տեսնել չի հաջողվում: Անդոն ասում է՝ ցերեկները հանգստանում են: Գործընկեր բառի վրա հյուրընկալս ժպտում է:

Նրանք 0,7-ից 110մմ երկարությամբ, վեց զույգ վերջույթներով, 8 աչքանի, մազմզոտ փորիկներով արարածներ են՝ գիշատիչներ, որ ամուր ու գեղեցիկ թակարդներ են հյուսում իրենց զոհերի համար:

Ում համար թակարդ, ում համար՝ գեղագիտական հաճույքի աղբյուր. նկատում է Անդոն: «Ես վերցնում եմ նրանց ստեղծագործություն սարդոստայնն ու ստեղծում իմը»,- բացատրում է զրուցակիցս:

Իսկ սարդոստայնի միջոցով պատկերներ ստեղծելու գաղափարը ծնվել է շատ հանկարծակի: Երկու տարի առաջ էր, գնացել էր նկարիչ ընկերոջը՝ Հայկին տեսության: Սովորության համաձայն նստել էր անկյունում դրված աթոռին, իսկ ընկերը կտավի վրա ինչ որ ուղղումներ էր անում: Պարապ էր ու հայացքը պտտեցնելով սենյակում՝ սկսել էր ուսումնասիրել պատուհանի անկյունում ձգված անձեռակերտ գեղեցկությունը:

Սարդոստայնը արեւի ճառագայթների ազդեցությամբ հետաքրքիր գունավորում էր ստացել: Իր իսկ ստեղծածի կենտրոնում բազմել էր տանտերը՝ վայելելով պատուհանից թափանցող ջերմությունը:

«Սարդին բռնելու ու տուն տանելու գաղափարը գլխումս ծագեց միանգամից: Դեռ հստակ պատկերացում չունեի, թե ինչ եմ անելու, բայց զգում էի, որ բնության այդ ստեղծագործությունը ինչ որ այլ բանի վերածելու համար սարդին պետք է անպայման հետս տուն տանեմ,- պատմում է Անդոն,- մի քիչ չարչարվեցի, որովհետեւ համ ուզում էի բռնել, համ չէի ուզում սարդոստայնը քանդել: Վերջը բռնեցի, բերեցի էս սենյակում բաց թողեցի: Մի երեք օր կորավ, հետո սկսեց գործել անկյունում: Ու այդ ժամանակ արդեն մեկ այլ միտք սկսեց ինձ տանջել՝ լավ ասենք գործեց, բա գործածն ինչպե՞ս վերցնեմ»:

Այն, ինչ պետք է աներ՝ տեսել ու արդեն ընդհանրացրել էր մտապատկերով, սակայն թե այդ ամբողջական պատկերն ինչ տեխնիկայով պետք է ստանար՝ բավական ժամանակ չէր կողմնորոշվում: Լուծումը պետք է գտնվեր միանգամից փայտ, ապակի, ստվերափոշի եւ էլի մանր-մունր նրբություններ, որոնց մասին զրուցակիցս գերադասում է լռել:

«Գաղտնիքները շատ չեմ ուզում բացել»,- ասում է Անդոն ու մանկական անմիջականությամբ ժպտում՝ կարծես խնդրելով չնեղանալ մասնագիտական գաղտիքները չբացելու իր որոշումից:

Անդոն իր աբստրակտ գործերը ցույց չի տալիս: Ասում է՝ դրանք հիմա այլեւս արդիական չեն իր համար: Պատի մոտ շարված յուղաներկ կտավները հոր՝ գեղանկարիչ Հովհաննես Ավետիսյանի գործերն են: Պատմում է, որ մանկության տարիներին նկարչությունը պարզապես զբաղմունք է եղել՝ «բզբզացել» է: Շատ հաճախ նեղվել է, երբ հայրն իրեն խաղից կտրելով ինչ որ հանձնարարություններ է տվել՝ կապված նկարչության կամ փայտարվեստի հետ:

«Գուցե դա էր պատճառը, որ ես այդպես էլ չսիրեցի այն, ինչով զբաղվում էր հայրս, նկարչական դպրոց չհաճախեցի, Մերկուրով ու Թերլեմեզյան չավարտեցի: Պարտադրանքն իմ մեջ այդ տարիներին սպանեց սերը արվեստի նկատմամբ: Ես նկարչական ակադեմիական կրթություն չեմ ստացել, բայց նկարում եմ: Նկարչության մեջ ավելի շուտ աբստարկտ ուղղության հետեւորդ եմ: Գուցե շատերն ասեն, թե գեներն են, ես կասեմ, որ գենետիկան կապ չունի: Ուղղակի մանկությունից շրջապատված եմ եղել արվեստագետներով, տեսել եմ, թե հայրս ինչպես է աշխատում»,- ասում է Անդրանիկ Ավետիսյանը:

Նա ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը: Մասնագիտությամբ երբեք չի աշխատել: Բանակից վերադառնալուց հետո սեփական գործ է հիմնել: «Երկաթի հավաքման կետ էր, ես էլ տնօրենն էի, թեեւ ընդամենը 22 տարեկան էի: Երկար տարիներ զբաղվելով բիզնեսով՝ երկու տարի է թողել եմ, որ կարողանամ իմ այս նոր գործը զարգացնել»,- նկատում է զրուցակիցս:

Այն, ինչ անում է Անդոն սարդերի օգնությամբ՝ առայժմ անուն չունի: Նկարիչն ինքն էլ է անկեղծանում, թե դեռեւս չի կարողանում հասկանալ արվեստագետների որ ընտանիքին է պատկանում, քանի որ իր ոճի մեջ միակն է համարվում աշխարհում: Սեփական ստեղծագործությունները մարդկանց ու աշխարհին հասանելի է դարձնում ֆեյսբուքյան էջի միջոցով: Անդոն իր ստեղծած մոտ 40 գործերն առայժմ վաճառելու միտք չունի: Ասում է դեռ բավարար շատ գործեր չկան, եւ եթե պատրաստին վաճառի, ապա ցուցադրելու բան չի ունենա:

Խուսափում է ցուցահանդեսներից: Ստեղծել է սեփական պատկերասրահը, որտեղ ամեն ցանկացող կարող է գնալ ու ծանոթանալ սարդանկարչության նրբություններին:

«Ի՞նչ պետք է ասի իմ ցուցահանդեսն այցելած գեղանկարիչն ինձ,- հարցնում է Անդոն ու ինքն էլ պատասխանում,- մեծ հաշվով ոչինչ, որովհետեւ դժվար է դատել մի բանի մասին, որի մեջ դու չկաս: Մի անգամ ինձ ծանոթ մի նկարչից կարծիք հարցրի, նայեց-նայեց, հետո թե՝ կոմպոզիցիան խախտված է: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ նկատի ուներ: Դրա համար էլ ոչ ցանկություն ունեմ ցուցահանդես անելու, ոչ կարծիքներ ու դիտողություններ լսելու: Մանավանդ, որ մասնագիտական դիրքորոշում հայտնելու համար գոնե մի տաս հոգի պիտի զբաղվի սրանով, որ հնարավոր լինի կարծիք հայտնել: Իսկ այսպես՝ ես միակն եմ դեռ»:

Սարդը Անդոյի համար տիեզերաստեղծ կենդանի է: Սարդոստայնով ստեղծած նրա պատկերները անծայրածիր տիեզերքի լաբիրինթոս են հիշեցնում: Սարդերով տարվածության համար գյումրեցիք նրան կոչել են Սարդ-Անդո: Զրուցակիցս չի նեղանում, ասում է, որ երկու տարի առաջ վերաբերմունքը շրջապատի ավելի անհասկանալի էր ու ոչ ադեկվատ, քան հիմա:

«Մտածում էին, թե գժվել եմ, խաղ եմ անում: Չէին հասկանում, թե ինչու եմ այդպես տարվել սարդերով: Հիմա ամեն ինչ առավել քան հասկանալի է դարձել մարդկանց համար,- ծիծաղում է,- ես գիտեի, որ գյումրեցիք անուն կպցնելու են, առանց դրա այս քաղաքում անհնար է: Այս քաղաքում երբեմն իրենց սերն արտահայտում են հենց մականուն կպցնելով, քեզ ամբոխից առանձնացնելով, քո յուրահատկությունն ընդգծելով: Եվ ես չնեղացա, երբ իմացա, որ ինձ կոչում են Սարդ-Անդո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter