«Ալեքս Գրիգ»-ը բռնվել է շաքարավազի բեռնաթափման պահին. օպերատիվ հետախուզությունն արձանագրել է խախտումներ
Շաքարավազի բեռնաթափման պահին ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել «Ալեքս գրիգ» ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդից: Տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք:
Ինչպես նշվում է Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրությունում՝ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500կգ շաքարավազի հարկային հաշիվ, սակայն փաստացի առաքել էր 5500կգ, որից 3000կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ:
Մեկ այլ դեպքով էլ` օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումներով Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 1 հասցեում զննման էր ենթարկվել անհատ ձեռնարկատեր Սարգիս Աղումյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում, առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի հայտնաբերվել էր վաճառքի ենթակա ավելի քան 1 միլիոն դրամ արժողությամբ մսամթերք:
Երկու դեպքով էլ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել