
Հայաստանը վայր դրեց օլիմպիական չեմպիոնությունը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը քիչ առաջ 2-2 ավարտեց հանդիպումը Վիետնամի ընտրանու հետ, որն իր կարգով ավելի ցածր է մեր հավաքականից: Արոնյանն ու Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, Հակոբյանը հաղթեց սպիտակներով, փոխարենը Մովսեսյանը պարտվեց սեւերով: Ընդ որում` Սերգեյը զիջեց իրենից 171 կետով ցածր վարկանիշ ունեցող մրցակցին: Ցավալի է, բայց մեր թիմը միավորներ է շռայլում ավելի թույլ թիմերի հետ մրցավեճերում, հաղթանակները կարծես դժվարությամբ են տրվում: Առաջատար Լեւոն Արոնյանն էլ, որից շատերը հաղթանակներ են սպասում, խաղաղասիրաբար է տրամադրված ու ոչ-ոքի է ավարտում պարտիաները ավելի թույլ մրցակիցների հետ:
Այպիսով` մեր թիմը վաստակեց ընդամենը 1 միավոր: Վերջին 4 մրցավեճերում թիմը 2-2 է ավարտել պարտիաները Հունգարիայի, Հնդկաստանի, Սերբիայի եւ Վիետնամի հետ, որոնք բոլորն էլ վարկանիշով զիջում են Հայաստանի ընտրանուն: Մեր թիմը վերջին տուրից առաջ տարել է 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի խաղացել, 1 պարտություն կրել` ունենալով 14 միավոր:
Զուգահեռ խաղերում առաջատար Չինաստանը 2,5-1,5 հաշվով հաղթեց Ֆրանսիային, Ուկրաինան ու Ադրբեջանը 2-2 խաղացին, Հունգարիան էլ 3-1 հաշվով հաղթեց Ռումինիային: Չինաստանը առաջատար է 17 միավորով, Հունգարիան 16 միավոր է վաստակել, մի շարք թիմեր ունեն 15-ական միավոր:
Այսպիսով, Հայաստանը վայր դրեց իր չեմպիոնությունը:
Կանանց մրցաշարում մեր թիմը այս պահին 1,5-1,5 է խաղում հորվաթուհիների հետ: Դանիելյանը սեւերով պարտվել է, Մկրտչյանը` սպիտակներով ոչ-ոքի խաղացել, իսկ Գալոյանը` սեւերով հաղթել: Այս պահին սպիտակներով հանդես եկող Կուրսովան որոշակի առավելություն ունեցող մրցակցի հանդեպ:
Առաջատար Ռուսաստանը 1,5-2,5 հաշվով պարտվեց ուկրաինուհիներին, սակայն դրանից չկարողացան օգտվել չինուհիները, որոնք 2-2 խաղացին իսպանուհիների հետ: Փաստորեն ռուսները կրկին միանձնյա առաջատարն են 18 միավորով:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել