
Վերսկսվել է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը
47-օրյա ընդմիջումից հետո այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում(Վանաձոր), դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարան հրավիրված վկաներ, տուժողի այրի Սաթենիկ Սարգսյանը և դեպքին ականատես վկա Էդվարդ Խլղաթյանը այսօրվա դատական նիստին չէին ներկայացել:
Հիշեցնենք, որ նախորդ` հունիսի 25-ի դատական նիստում դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարեց, որ 2014թ.-ի հունիսի 5-ին գրավոր դիմում է ստացել Սամվել Շարբաթյանի այրի`Սաթենիկ Սարգսյանի անունով: Դատավորը հրապարակեց դիմումը: Դիմումում Սաթենիկ Սարգսյանը հայտնել էր, որ տուժողի հարազատները և բոլոր ականատես վկաները գտնվում են վախի ու սարսափի ազդեցության և ծանր հոգեբանական ճնշման տակ:
«Հայկը ավելի մանրամասը, քան քննիչի մոտ մեզ պատմել է կատարվածը, մանրամասը նկարագրելով նրանցից յուրաքանչյուրի վայրենի, անմարդկային արարքը: Ձեզ ասեմ, որ ունեմ Հայկի հետ խոսակցության ձայնագրությունը և այն ներկայացնելու եմ հատուկ քննչական ծառայություն: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել նաև դատարանին»,-տեղեկացրել է Սամվել Շարբաթյանի այրին: Վերջինս օգոստոսի 7-ին դատարանին գրավոր հայտնել է, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ իր ամուսնու սպանության, ինչպես նաև հարուցված քրգործի նախաքննության փուլում հոգեկան ծանր ապրումների պատճառով ունեցել է առողջական վիճակի կտրուկ վատացում, ենթարկվել է ծանր վիրահատության: Այժմ գտնվում է արձակուրդի մեջ և բուժման նպատակով մեկնելու է մայրաքաղաքից:
«Հայտնում եմ, որ իմ ընտանիքն ունի անվտանգության խնդիր: Նախաքննության ընթացքում Տաթևիկի (Ասլիկյան) միջոցով ընդգծված մանրամասնությամբ փորձել են պարզել, թե որտեղ են սովորում երեխաներս, որ ժամին և որտեղ են գնում պրակտիկա, ինձ տրվել են նյութական աջակցության ակնարկներ, որոնցից ես հրաժարվել եմ»,- 2-րդ դիմումով հայտնել էր Սաթենիկ Սարգսյանը: Նա խնդրել էր դատական նիստն անցկացնել առանց իրեն, հիմք ընդունելով իր նախաքննական ցուցմունքը, ինչպես նաև դատավորին հասցեագրված իր դիմումում նշված փաստերը:
«Մենք այս պահի դրությամբ որևէ փաստաթուղթ չունենք, որով հիմնավորվում, կամ հերքվում է վկայի որևէ հիվանդությամբ տառապելու, կամ բուժման մեջ լինելու հանգամանքը: Տեղեկացնելով իր արձակուրդի մեջ գտնվելու մասին, դա չի նշանակում, թե վկան պատշաճ կերպով դատարանին տեղեկացրել է իր դատարան չներկայանալու հանգամանքի մասին»,-վկայի դիմումի հետ կապված իր դիրքորոշումը հայտնեց մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը, ով միջնորդեց դատարանին կայացնել վկային բերման ենթարկելու որոշում և նրա նկատմամբ կիրառել պաշտպանական միջոցներ: Մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց բերման ենթարկելու որոշում կայացնել նաև վկա Էդվարդ Խլղաթյանի նկատմամբ: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանն ասաց, որ համամիտ է մեղադրողի միջնորդության հետ: Պաշտպան Ռուբեն Հակոբյանը չներկայացած վկաների բերման ենթարկելու որոշումը թողեց դատարանի հայեցողությանը: Դատարանը երկու վկաների վերաբերյալ ընդունեց բերման ենթարկելու որոշում: Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց Սաթենիկ Սարգսյանի անձի նկատմամբ պաշտպանական միջոցառումներ կիրառելու մասին դատախազ Պետրոս Մարտիրոսյանի միջնորդությունը: Հունիսի 25-ի դատական նիստում հրապարակված տուժողի այրի` Սաթենիկ Սարգսյանի դիմումի հետ կապված դատարանում ուշագրավ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Վերջինս այդ դիմումը որակեց անհայտ անձի անվամբ գրված դիմում, որից պարզ չէ, թե ով և ինչ եղանակով է այն հասցրել դատարան: Պաշտպանը դատարանին հայտնեց, որ 2014թ.-ի հուլիսի սկզբներին իրեն զանգահարել է ամբաստանյալներ Արեն և Արտակ Վերանյանների փոքր եղբայր Սերգեյ Վերանյանը, ով հայտնել է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում իր եղբայրների քրեական գործով, Արթուր Սաքունցի հիշյալ կազմակերպությունում լրացվում է դիմում-բողոք`Սաթենիկ Սարգսյանի անունով, ով այդ կազմակերպությունում չի գտնվում: Նշված հեռախոսազրույցից որոշ ժամանակ անց պաշտպանը հանդիպել է Սերգեյ Վերանյանի հետ: Վերջինս պաշտպանին տեղեկացրել է, որ տեղեկությունը իրեն հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Սուրեն Անանյանը: Ըստ վերջինիս Սուրեն Անանյանը նաև հայտնել է, որ դիմումը կազմակերպության կոնկրետ աշխատակցի կողմից է հանձնվել դատախազություն: Ռուբեն Հակոբյանը նաև հայտնեց, որ Սուրեն Անանյանը այդ մասին պատմել է նաև Սերգեյ Վերանյանի ծննդյան օրը` հրավիրված ընկերների ներկայությամբ, ընկերներից մեկի ծաղկի խանութում: Պաշտպանը թվարկեց 17 մարդկանց ազգանուններ, ովքեր պատրաստ են դատարանում կրկնել Սուրեն Անանյանի պատմածը: Դատարանը որոշեց նախ լսել վկա Սաթենիկ Սարգսյանի ցուցմունքները, ապա անդրադառնալ պաշտպանի միջնորդության փաստերին: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին:
Մեկնաբանել