Ալավերդի քաղաքում 4 բազմաբնակարան շենքերի տանիքներ կվերանորոգվեն
Էմմա Պետրոսյան
Ալավերդի քաղաքում վերանորոգման կարիք ունեն բազմաթիվ բազմաբնակարան շենքեր տանիքների, սակայն եղած միջոցները չեն բավարարում միանգամից մեծ թվով շենքերի տանիքներ վերանորոգելուն: Այս տարի, օրինակ, պետական բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումներով կհիմնանորոգվեն «Սանահին» կայարան թաղամասի 44-րդ, Սանահին/Սարահարթի 2/29, 2/7Բ և 2/10Ա շենքերի տանիքները:
«Պատահական չի, որ վերջերս կայացած ավագանու նիստի ժամանակ շեշտադրումները դրվեցին հենց բնակֆոնդի պահպանման վրա, քանի որ բոլորս էլ քաջ գիտակցում են դրա կարևորությունը»,- ասում է Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Ավագանու նշված որոշմամբ` 26 շենք է ընդգրկվել տանիքի հրատապ վերանորոգտման կարիք ունեցող շենքերի ցանկում, սակայն նշված քանակով շենքերի տանիքների վերանորոգումն իրականացնելու համար շուրջ 273 մլն դրամ է անհրաժեշտ: Ինչպես նշում է քաղաքապետը, մինչ այժմ, սակայն, քաղաքապետարանը երբևէ այդպիսի գումարի սուբվենցիա չի ստացել մեկ տարվա համար: Այդ պատճառով էլ շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրն իրականացվում է աստիճանաբար, ամեն տարի մի քանի շենք ընդգրկելով:
Շենքերն ընտրվել են` հաշվի առնելով մի քանի գործոններ. կառուցման տարեթիվը, տանիքների վիճակը, ինչպես նաև բնակիչների մասնակցությունը շենքի տանիքի վերանորոգման գործում: «Կարևորագույն չափանիշներից մեկը հենց իրանց մասնակցությունն է այդ գործին, քանի որ բնակիչների շրջանում այդպիսի թյուր կարծիք կա, որ բնակելի շենքերի ներսում գնտվող բնակարանն իրենց սեփականությունն է, իսկ ահա տանիքը՝ ոչ: Այնինչ այդպես չէ: Էսպիսի մի օրինակ բերեմ. առանձնատան բնակիչը երբեք չի եկել մեզ մոտ ու դիմել մեզ իր առանձնատան տանիքը վերանորոգելու խնդրանքով, քանի որ քաջ գիտակցում է, որ դա իր պարտավորությունն է: Բազմաբնակարան շենքերում էլ նույն սկզբունքն է գործում, պարզապես այդ դեպքում մեկ տանիքի տակ ապրում են մի քանի ընտանիքներ: Ու մենք հատուկ գումար չենք սահմանել, որ էսքան մասնակցություն ունեցեք, չէ, ով ինչքան կարող է»,- ասում է Արտավազդ Վարոսյանը:
Վերջինս շեշտում է նաև, որ այս դեպքում խնդիրը ոչ այնքան բնակիչների կողմից ֆինանսական ներդրում ունենալու մեջ է, որքան նրանց մոտ սեփականատիրոջ զգացում արթնացնելու: Իսկ բնակիչների կողմից հատկացված գումարներն ուղղվում են ԲՇՏ-ում գոյացած իրենց իսկ նախկին պարտքերի մարմանը: «Որ ներդրում են ունենում, նաև պահպանում են, ավելի ջանացավ են գտնվում իրենց գույքի նկատմամբ: Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ տանիքների ազբոթիթեղները ջարդվում են հենց բնակիչների մեղքով, քանի որ հաճախակի են բարձրանում տանիք՝ անտենաներ դնելու: Անգամ դեպքեր ունենք, երբ երեխեքը տաիքի վրա գնդակ են խաղացել: Այս բոլորը չի լինի, եթե բնակիչները ջանացավ գտնվեն»,- նշում է Ալավերդու քաղաքապետը:
Սկզբնական շրջանում, երբ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման այսպիսի հնարավորություն ստեղծվեց, և կառավարության որոշմամբ սկսվեցին իրականացվել հրատապ ծրագրեր, մարզերի համայնքներում բնակիչները հրաժարվում էին մասնակցել ծրագրին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ստիպված քարոզչական աշխատանքներ էին իրականացնում: Հիմա արդեն հակառակ պատկերն է. բնակիչները շահագրգռված են նշված ծրագրի իրականացման հարցում, սակայն միջոցները բավարար չեն:
«Էն ժամանակ եթե 15 շենքի տանիքների հիմնարորոգման հնարավորություն ունեինք, 5-ն էին պատրաստ ներդրում անելու, հիմա 5-ի հնարավորություն ունենք՝ 15-ն են պատրաստ: Բնակիչներն էլ գնալով սկսեցին կարևորել էս հարցը»,- ասում է Արտավազդ Վարոսյանը: Արդեն իսկ ընտրված 4 շենքերի տանիքների հիմանորոգման նախագծանախահաշվարկային փաստաթղթերը կազմվել են, անհրաժեշտ ֆինանսական միջոցների կոնկրետ չափը դեռևս հայտնի չէ, բայց ընդհանուր հաշվով մոտավորապես 40-45 մլն դրամ կկազմի:
Տանիքների հիմնանորոգման աշխատանքները ամենայն հավանականությամբ կսկսվեն օգոստոս ամսվա վերջին: Ալավերդու քաղաքապետը կոչ է անում մյուս շենքերի բնակիչներին համբերություն ունենալ և սպասել շենքերի տանիքների վերանորոգման իրենց հերթին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել