HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը

«Հայկական ժամանակ» օրաթերթի 14.10.2010թ. թիվ 188 (2623) համարում հրապարակված` «Ութից յոթը ցուցակում են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ

Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ վեճերով  խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է 14.10.2010թ. «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 188 (2623) համարում հրապարակվել է «Ութից յոթը ցուցակում են» վերտառությամբ հոդվածը, որն ուղեկցվել է  ութ անձանց, այդ թվում`  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի լուսանկարների հրապարակմամբ, և հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը:

ՀՀ Ազգային ժողովի վերոնշյալ պատգամավորները 08.11.2010թ. դիմել են  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ 07.02.2011թ. առաջին ատյանի դատարանը կայացրել է վճիռ՝ պարտավորեցնելով «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին` հերքելու «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածում հայցվորներ Ռ. Հայրապետյանի, Լ. Սարգսյանի, Ս. Ալեքսանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները և հերքումը տպագրել «Հայկական ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո։ Վճռվել է նաև «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Ս. Ալեքսանյանի, Ռ. Հայրապետյանի,  Լ. Սարգսյանի համապատասխանաբար բռնագանձել 2.044000-ական (երկու միլիոն քառասունչորս հազար) ՀՀ դրամ յուրաքանչյուրի համար, որից` 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ «Հայկական ժամանակ» օրաթերթը վճիռը բողոքարկել է, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը:  Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, եւ ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքը ետ է վերադարձրել:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածը եւ դատարանների վճիռները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ վիրավորանքի և զրպարատության գործերով ներկայումս լայնորեն ճանաչված սկզբունք է, որ որոշ հանգամանքների ներքո լրատվամիջոցները և լրագրողները պետք է պաշտպանված լինեն նույնիսկ իրականությանը չհամապատասխանող և զրպարտող բնույթի հայտարարությունների համար: Այս սկզբունքն արտահայտվում է մի շարք  պաշտպանական կառուցակարգերով, որոնք հետևյալն են՝ բարեխիղճ հայտարարություն (fair comment), ողջամիտ հրապարակում (reasonable publication), այլ անձանց հայտարարությունների վերարտադրում: Ըստ եվրոպական դատարանի, «Հարցազրույցի ընթացքում ուրիշի կողմից արված հայտարարությունների տարածմանն աջակցող լրագրողին պատժելը լրջորեն կխոչընդոտի`հանրային շահին առնչվող հարցերի քննարկմանը՝ մամուլի ունեցած նպաստին և նման պատիժ չպետք է նախատեսվի, եթե չկան դրա համար առանձնապես հիմնավոր պատճառներ»:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ եվրոպական դատարանի փորձի հիման վրա անհրաժեշտ է քննարկել լրատվամիջոցի տեղեկատվության աղբյուրի, այդ աղբյուրի վստահելիության,  լրագրողի կողմից անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու, լրատվանյութը հավասարակշռված կերպով տարածելու, լրատվամիջոցի կողմից զրպարտված անձանց իրենց պաշտպանելու ողջամիտ հնարավորություն ընձեռելու և փաստերը ստուգելու ողջամիտ հնարավորություն ունենալու հարցը: Հոդվածի հրապարակումից հետո լրատվամիջոցը բացահայտել է իր տեղեկատվության աղբյուրը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. նոյեմբերի 2-ի համարում հրապարակելով լրատվամիջոցին համապատասխան տեղեկություններ տրամադրած անձի/տեղեկատվության աղբյուր/ հետ ընդարձակ հարցազրույցը, որով վերջինս ընդունել է համապատասխան տեղեկությունների տրամադրման փաստը և հաղորդել է նաև նշված հրապարակմանը առնչվող այլ մանրամասներ: Հատկանշական է, որ լրատվամիջոցն իր աղբյուրը բացահայտել է դեռ արտադատական փուլում՝ հայցվորներին ուղարկած նամակով:

Լրատվամիջոցի աղբյուրի բացահայտումը խոսում է լրագրողական բարեխղճության դրսևորման, լրատվամիջոցի կողմից իր աղբյուրի նկատմամբ վստահության առկայության, ակնհայտ չարամտության (actual malice) բացակայության և լրատվամիջոցի կողմից զրպարտված անձանց՝ իրենց պաշտպանելու ողջամիտ հնարավորություն ընձեռելու մասին: «Բարեխիղճ հայտարարություն» չափորոշիչի կարևոր տարրերից է նաև լրատվանյութի հասարակական հետաքրքրություն ներկայացնելու հանգամանքը:

Ինչ վերաբերվում է լրատվանյութի հավասարակշված կերպով տարածելու չափորոշիչին, ապա այս առումով հոդվածի հեղինակը խուսափել է հանցագործությունների  կատարմանը «մասնակցություն» արտահայտության օգտագործումից, որն հակառակ դեպքում կենթադրեր համապատասխան հանցագործությունների կատարման մեջ հիշատակված պաշտոնատար անձանց ուղղակի մեղադրանքի առաջադրում:

Խորհուրդը գտնում է, որ դատարաններն իրենց որոշումներում չեն կիրառել վերը նշված չափորոշիչները: Ավելին, դատական վարույթն իրականացվել է այնպես, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը զրկվել է վերը նշված պաշտպանությունից օգտվելու համար իր փաստարկները և փաստաթղթերը ներկայացնելու հնարավորությունից: Այս ամենը հանգեցրել է լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ միջամտությանը:

Խորհուրդը համաձայն չէ նաեւ վերաքննիչ դատարանի այն եզրահանգման հետ, որ «պատասխանողը կարող էր ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե հոդվածում հստակ հղում կատարված լիներ այլ անձի հրապարակային ելույթին, որը տեղի է ունեցել մինչև հրապարակումը և որ այդ հրապարակումը լիներ այլ անձի հրապարակային ելույթի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը»:

Խորհուրդը գտնում է, որ դատարանի նման եզրահանգումը խիստ սահմանափակող բնույթ ունի։

Մյուս կողմից, որպես նվազագույն պայման պահանջվում է, որպեսզի լրագրողն իրեն բավարար չափով տարանջատի զրպարտող կամ վիրավորող բնույթի հայտարարության բովանդակությունից: ՙ«Բավարար չափով»՚ հասկացությունը որոշվում է յուրաքանչյուր գործի հանգամանքների ներքո, մասնավորապես, թե արդյոք լրագրողը կամ լրատվամիջոցը տվյալ հանգամանքների ներքո և ողջամտության սահմաններում կիրառե՞լ է նվազագույն ճիգեր տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու համար: Թեև յուրաքանչյուր գործ յուրահատուկ է իր փաստական հանգամանքներով, սակայն բոլոր դեպքերում ընթերցողը պետք է ստանա այն տպավորությունը, որ հրապարակվածը ոչ թե լրատվամիջոցի հայտարարությունն է կամ կարծիքը, այլեւ լրագրողական աղբյուրի հայտարարության վերարտադրությունն է՝ խուսափելով ընթերցողին մոլորության մեջ գցելուց։

Ինչ վերաբերում է սահմանված փոխհատուցման չափին,   Խորհուրդը գտնում է, որ հայցվորների կողմից պահանջվող 6,000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամի չափով  փոխհատուցման պահանջը   ակնհայտորեն չի բխում միջամտության համաչափության և անհրաժեշտության սկզբունքներից, քանի որ լրատվամիջոցը հայտնվում է խիստ անհամաչափ ծանր ֆինանսական բեռի տակ, որի արդյունքում վտանգվում է լրատվամիջոցի բնականոն գործունեությունը, որը որպես այդպիսին որևէ առնչություն չունի հայցվորների արդարացի փոխհատուցման պահանջի հետ: Միջամտության համաչափության հարցում ՄԻԵԴ-ի մոտեցման համաձայն` պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները պետք է հաշվի առնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը: Դատավարական սահմանափակումներն անկասկած պատասխանող լրատվամիջոցին դատավարության մյուս կողմի համեմատ դրել են անհավասար պայմանների մեջ:

Այսպիսով,  Տեղեկատվական վեճերի խորհուրդն արձանագրում է, որ վերոնշյալ սկզբունքների, վերլուծությունների և չափանիշների լույսի ներքո դատարանները դրսևորել են անհամաչափ միջամտություն լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքին:                       

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter