
Հայաստանի հավաքականն աշխարհում 36-րդն է
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքակաների դասակարգման հերթական ցուցակը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 36-րդ տեղում է: Մեր թիմը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 5 տեղով:
Համաշխարհային ցուցակը գլխավորում են աշխարհի չեմպիոն գերմանացիները, երկրորդն ու երրորդը աշխարհի առաջնության մրցանակակիրներն են՝ Արգենտինան եւ Հոլանդիան: Լավագույն 10-նյակում են Կոլումբիան, Բելգիան, Ուրուգվայը, Իսպանիան, Բրազիլիան, Շվեյցարիան, Ֆրանսիան:
«Եվրո-2016»-ում Հայաստանի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Պորտուգալիան՝ 11-րդ տեղ: Դանիան 26-րդն է, Սերբիան՝ 31-րդը: Ալբանիան 70-րդն է, իսկ տանտեր ֆրանսիացիները, որոնք հանդես են գալու այս թիմերի հետ խմբից դուրս հաշվարկով, ինչպես նշվեց, 10-րդն են:
Նախկին ԽՍՀՄ-ից լավագույնը Ուկրաինան է (22), որին հաջորդում է Ռուսաստանը (23), մյուս հավաքականները Հայաստանից ավելի ցածր տեղերում են: Մասնավորապես, ուզբեկները 51-րդն են:
Տարածաշրջանում լավագույնը Թուրքիան է (32), Իրանը 48-րդն է, Ադրբեջանը՝ 73-րդը, Վրաստանը՝ 95-րդը:
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 18-ին:
Մեկնաբանել