Մարզպետական ընդունելություն. բողոքներն այնքան էլ տարաբնույթ չէին
Երեկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Թումանյանի տարածաշրջանի համայնքների բնակիչներին ընդունեց Ալավերդի քաղաքում: Բնակիչների պահանջներն այնքան էլ տարաբնույթ չէին. դրանք հիմնականում ունեին սոցիալական ուղղվածություն: Ընդունելության ընթացքում ակնհայտորեն բացահայտվում էր տարածաշրջանի բնակչության սոցիալական աղետալի վիճակն ու բնակչության անապահով շերտերի անպաշտպանվածությունը:
«Շուտով կլրանա երեք տարին, որ չեմ աշխատում, որտեղ դիմում եմ, մերժվում եմ: Համայնքապետին եմ դիմում, ասում ա` ես ի՞նչ կարամ անեմ: Իրա աշխատանքի բնույթը, ես չգիտեմ էլ, ինչո՞ւմն ա կայանում: Եթե ես իր փոխարեն լինեի, էլի մի բան կանեի»,- մարզպետին իր բողոքը հայտնեց Ախթալա համայնքի բնակիչ Կարինե Ներկարարայանը, ով ընդունելության էր եկել իր հաշմանդամ քրոջ հետ:
«Իրեն առաջարկե՞լ եք՝ Ձեզ որտեղ տեղավորի աշխատանքի»,- դիմողին հարցրեց մարզպետը:
«Օրինակ ես մանկապարտեզը նշում եմ, ասում եմ՝ մանկապարտեզում կա ծեր կին, արդեն ութսունքանի տարեկան, ասում եմ՝ ի՞նչ կլինի՝ նրա փոխարեն ինձ վերցնեք աշխատանքի: Ասում է` տենց հրաման չկա: Բայց ես էն գիտեմ, որ էդ կնիկն ամեն օր հետները մտնում ա, հետները դուրս է գալիս մանկապարտեզից:
Լեռնահարստացման ֆաբրիկայում 100 հատ դիմում ունեմ գրած, ոչ մի հատին ընթացք չի տրվում, ինձանից հետ 100 հոգու ընդունել են: Չգիտեմ, իրոք չգիտեմ, պարոն մարզպետ, ի՞նչ անեմ: Ես մտածել եմ, որ Դուք, որպես նոր մարզպետ, միգուցե կարողանաք ինձ համար որևէ բան անել: Տանը կա 2 հաշմանդամ, մենք ապրում ենք հաշմանդամների հաշվին»,- ասաց գործազուրկ կինը:
Կարինե Ներկարարյանը մասնագիտությամբ բուժքույր է:
«Կարո՞ղ է Դուք որակյալ բուժքույր չեք»,- հարցրեց մարզպետ:
«30 տարի և ծննդատանը, և թերապևտ, և մյուս բաժանմունքներում բուժքույր եմ աշխատել և որակյալ եմ եղել, հիմա որակյալ չե՞մ»,- պատասխանեց Կարինե Ներկարարյանը:
«Լավ, քանի որ մանկապարտեզում բուժքրոջ հաստիք չկա, իսկ մասնագիտական առումով Դուք չեք կարող դաստիարակ աշխատել, բժշկական ամբուլուլատորիայում էլ նույնպես Ձեր մասնագիտությամբ աշխատատեղ չկա, ես կպայմանավորվեմ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարության հետ, Ձեզ կընդառաջենք»,- ասաց մարզպետը:
Ալավերդի քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ Նիկոլայ Գրիգորյանը մարզպետին հայտնեց, որ օրերս անդամահատել են նաեւ իր կնոջ 2-րդ ոտքը. «Ուժ չունեմ պահելու, պարոն մարզպետ, թոշակս 36 հազար դրամ է: Լրիվ մեր եկամուտները դեղերի փող ենք տալիս: Տեղս նեղ ա: Դրամական օգնություն եմ խնդրում»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
«Մի հատ արագ-արագ դիմում ես գրում, և Ձեզ կօգնենք»,- դիմողին պատասխանեց մարզպետը:
Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի 3/27 տան բնակիչ Գոհար Եպիսկոպոսյանը մարզպետին հայտնեց, որ 7 տարի է՝ հիվանդ է, երիկամներից մեկը՝ հեռացված: Այդ տարիներին նա հիվանդության կարգից օգտվել է և թոշակ ստացել: Սակայն այս տարի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը նրան զրկել է հաշմանդամության կարգից: Հիվանդը հայտնեց, որ սոցիալապես շատ ծանր վիճակում է: Խնդրում էր մարզպետին աջակցել իր հիվանդության կարգը վերականգնելու հարցում:
Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը մարզպետին դիմողի պահանջի հետ կապված տվեց լրացուցիչ տեղեկատվություն. «Բժշկասոցիալական հանձնաժողովը հիվանդության կարգ նշանակելու համար հիվանդից պահանջում է գնալ Երևան և մեկ շաբաթ պառկել հիվանդանոցում, այսինքն՝ հանձնաժողովում ոչ մեկը չի ժխտում, որ նման հիվանդության համար հիվանդության կարգ է հասնում, բայց երրո՞րդ, երկրո՞րդ, թե՞ առաջին կարգ, դա պարզվելու է բժշկական ուսումնասիրության արդյունքներից ելնելով: Բայց ստացիոնար բուժումն արժե որոշակի գումար: Ես նրան առաջարկել եմ՝ քանի որ տղան զինվորական ծառայող է, կարող է զեղչերով ստանալ այդ բուժումը»:
Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի պարզաբանմամբ՝ հիվանդը պետք է իր առողջական վիճակի մասին բժշկասոցիալական հանձաժողովին տեղեկանք ներկայացնի հանրապետության ուրոլոգիական կենտրոնից:
«Այս խնդիրը բժշկասոցիալական հանձնաժողովի կողմից հաճախ է դրվում»,- ասաց Ալավերդու քաղաքապետը:
Պարզվեց՝ հիվանդին հաշմանդամության կարգից բժշկասոցիալական հանձնաժողովն ընդհանրապես զրկել է. «Եթե գնամ հիվանդանոցում պառկեմ, պոչկես գա՞լ տի տեղն ընկնի: Ինձ հիմա շատ թանկ դեղեր են նշանակել, ես ինչպե՞ս առնեմ այդ դեղերը»,- նեղսրտած ասաց հիվանդը:
«Եթե հիվանդության կարգը պարտադրում է, որ Դուք պետք է հիվանդանոցում պառկեք, մենք այդ հիվանդանոցին միջնորդագիր կգրենք և կխնդրենք, որ Դուք գնաք պետպատվերով պառկեք, և Ձեր հիվանդության թղթերով գաք ներկայանաք բժշկասոցիալական հանձնաժողովին»,- ասաց մարզպետը:
Ալավերդի քաղաքի բնակիչ Մանյակ Վանյանը մարզպետին խնդրում էր աջակցել պետպատվերով իր բուժման և զինվորական ծառայությունից զորակոչված տղային աշխատանքի տեղավորելու հարցում: Մարզպետը պետպատվերով բուժման համար քաղաքացուն ասաց, որ իր անունով դիմում գրի, իսկ ծառայությունից վերադարձած որդու համար խոստացավ աշխատանքի տեղավորել Թեղուտի հանքավայրում:
Ալավերդի քաղաքի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանն էլ մարզպետին հայտնեց, որ 2008թ.-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից Ալավերդու հանքավայրը փակելուց հետո աշխատանքից զրկվել է: Նա հանքում աշխատելիս ընկերության երաշխավորությամբ վարկ է վերցրել, որը չի հասցրել մարել: Ներկայումս 91 հազար դրամից վարկի գումարը դարձել է 221 հազար դրամ: Սուսաննան կանգնել է փաստի առաջ: Բանկը դատի է տվել վարկառուին, հոկտեմբերի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում պետք է տեղի ունենա առաջին նիստը: Նա մարզպետից աշխատանք էր խնդրում, որպեսզի կարողանա շուտափույթ փակել վարկը: Արթուր Նալբանդյանը նրան խոստացավ աշխատանքի տեղավորել «Թեղուտ» ՓԲԸ-ում:
Ընդհանուր առմամբ, մարզպետի ընդունելությանը ներկայացան 13 քաղաքացիներ: Ընդունելությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, մարզպետն ասաց. «Պետք է ասեմ, որ մարզի բոլոր համայնքներում իմ ընդունելություններին քաղաքացիների պահանջները գրեթե նույնն են: Ինձ ուղղված հարցերի 90 տոկոսը սոցիալական բնույթի են: Միայն Ալավերդի քաղաքում չէ սոցիալական վիճակը լարված»:
Արթուր Նալբանդյանն ասաց, որ մարզի զարգացման քառամյա ծրագրով՝ Թումանյանի տարածաշրջանի բնակչության աշխատատեղերի լուծման խնդիրը կապվում է հանքավայրի շահագործման հետ: Նա համոզված է, որ հանքավայրի շահագործումից հետո ալավերդցիներն ու հարևան համայնքերի բնակիչները աշխատանքի խնդիր չեն ունենա:
Աշխատատեղերի ստեղծման լավագույն ճանապարհներից մեկը մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացումն է: «Հետքի» հարցին, թե Լոռու մարզպետարանի կողմից ի՞նչ է արվում մարզում մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար, Արթուր Նալբանդյանն ասաց, որ համայնքներին տրվող լիազորությյունների մեջ մանր ու միջին բիզնեսի զարգացման մեջ այդքան էլ մեծ գործառույթներ չկան: Նրանք ընդամենը կարող են աջակցել: Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը կապվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի հետ: Ըստ մարզպետի՝ կառավարությունը վերջին տարիներին շատ լուրջ ուշադրություն է դարձնում մանր ու միջին բիզնեսի զարգացմանը:
Այս կապակցությամբ մարզպետը նշեց, որ մանր ու միջին բիզնեսի մարդկանց ավելի շատ մտահոգող ստուգումների կարգը հստակեցված է՝ թե որ կազմակերպությունն ունի ստուգումներ անցկացնելու իրավունք և տարվա մեջ քանի անգամ:
«Հետքի» հարցին, թե քաղաքացիների դիմում-բողոքների հետ կապված աշխատանքներում մարզպետարանի և համայնքապետարանների համապատասխան ծառայությունների գործունեության որակն արդյոք չի՞ նպաստում բնակչության սոցիալական վիճակի սրմանը, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Իմ պաշտոնավարման հենց առաջին օրվանից զգացել եմ, որ այդ խնդիրներն ունենք թե համայնքներում, թե մարզպետարանում: Հատկապես մարզպետարանի այն վարչություններում, որոնք շփվումեն բնակչության հետ, և կան լուրջ դժգոհություններ, մենք այդ վարչություններում արդեն ունենք թեժ գծեր: Թեժ գծեր արդեն տեղադրված են առողջապահության և կրթության ոլորտի համար: Այդ մասին տեղեկացված են մարզի բոլոր լրատվամիջոցները: Մարզպետարանում պատրաստ ենք անմիջապես արձագանքել քաղաքցիների բողոքներին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել