HY RU EN

Վահե Սարուխանյան

Համալիրը վաճառվում է այն գնով, որքան սեփականատիրոջ ունեցած պարտքն է

Այսօր ԴԱՀԿԾ-ն հայտարարել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 7-րդ հարկադիր աճուրդի մասին: Համալիրն այժմ գնահատվում է 10,2 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին առաջին անգամ աճուրդի հանվելիս շինությունը գնահատվում էր 19,3 մլրդ դրամ: ՄՀՀ-ի վաճառքից ստացած գումարով փակվելու է կառավարության հանդեպ ՓԲԸ-ի ստանձնած վարկային պարտավորությունը, որը կազմում է հենց 10,2 մլրդ դրամ:   

Ինչպես ավելի վաղ նշել էինք, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքը սահմանում է, որ «երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Քանի որ նման լիազորություն ունի միայն ֆիննախը, իսկ ՄՀՀ-ի գինն էլ այս պահին հենց 10,2 մլրդ դրամ է, շատ հավանական է, որ նախարարությունը ամսի 25-ին ավարտվող այս աճուրդից հետո դիմի ԴԱՀԿԾ-ին եւ պարտքի դիմաց ընդունի ՄՀՀ-ն: Այդպիսով, փաստորեն, մարզահամերգային համալիրը կրկին կդառնա պետական սեփականություն, ինչպիսին եղել է մինչեւ 2005-ի մասնավորեցումը: