Մոսկվայի, Երեւանի ու Բաքվի տխրահռչակ «ճոճանակների» մասին
Հիմա շատերն են վերլուծում, թե ինչու հենց Մոսկվան՝ ի դեմս ՌԴ նախագահ Վ.Պուտինի կազմակերպեց հանդիպումը Ղարաբաղում եւ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնապես ճանաչված սահմանների երկայնքով հայկական եւ ադրբեջանական զինուժերի միջեւ բախումների օրերին: Բախումներ, որոնք աննախադեպ էին 1994 թվականից սկսած:
Ռուսաստանցի վերլուծաբանները բացատրում են դա որպես ինքնըստինքյան հասկանալի մի բան, քանի որ Ռուսաստանն առանձնահատուկ է շահագրգռված, որ հիմա էլ իր հետաքրքրությունների հարավային ուղղությունում չբռնկվի ուժեղ հրդեհ:
Չէ՞ որ հակառակ դեպքում ստիպված է լինելու հանդես գալ նրանք ասում են՝ Հայաստանի, ես պետք է ընդգծեմ՝ հայերի կողմից: Կան պայմանագրեր այն մասին, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է կիրառի իր ռազմուժերը:
Ինչո՞ւ եմ ընդգծում` «հայերի, այսինքն նաեւ՝ դե ֆակտո ԼՂՀ կողմից» ձեւակերպումը: Քանի որ իրադարձությունների այս կարգի ծավալման դեպքում Հայաստանը միանգամից կճանաչի Ղարաբաղը կամ որպես իր մաս, կամ՝ որպես անկախ պետություն: Այս մասին Երեւանը հայտարարել է մի երկու անգամ, մանավանդ որ կան արդեն նման նախադեպեր, եւ դրա հեղինակը նույն ինքը՝ Ռուսաստանն է:
Այդպես արեց Ռուսաստանը 2008թ., երբ ճանաչեց Աբխազիայի ու Հ. Օսիայի անկախությունը այս երկու հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձից հետո: Եվ 2014թ., երբ «ռուս բնակչության ոչնչացման կամ վտարման սպառնալիքի պատճառով» Ղրիմը ճանաչեց ՌԴ մաս:
Ցանկացած տարբերակում Ռուսաստանը ստիպված է լինելու կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ: Քանի որ ռազմական ցանկացած սցենարի դեպքում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է: Այս մասին վկայում են Ղարաբաղում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների մոտ ընթացած զուգահեռ բախումները:
Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի վերջի ու օգոստոսի սկզբի օրերին (6-7 օր) կարելի է համարել հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավոր տարբերակի միայն նախերգանքը: Մի տարբերակ, որին հղումներ է արել Ադրբեջանն անցած 20 տարիների ընթացքում` որպես հողերը վերադարձնելու վերջին հնարավորություն:
Ճոճանակներ քաղաքական տիրույթում
«Շահերի ճոճանակ» արտահայտությունը ակտիվորեն օգտագործվում էր անցած տարիների ընթացքում, քանի որ հակամարտող հայերի ու ադրբեջանցիների մոտեցումներն ու նպատակները մշտապես բեւեռային են եղել: Ըստ էության, պայքարն ինչպես եղել, այնպես էլ մնացել է Ադրբեջանի դեպքում՝ տարածքների համար, բայց առանց հայերի ներկայության, իսկ Հայաստանի ու ԼՂՀ դեպքում՝ այդ տարածքներում հայերի կյանքը երաշխավորված ու անվտանգ շարունակելու համար:
Հասկանալի է, որ նման մոտեցումների պայմաններում փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող:
Բանն էլ հենց այն է, որ եթե մինչեւ վերջերս շահերի ճոճանակներ կային նաեւ պաշտոնապես ընդունված միջազգային միջնորդների, այս տարածաշրջանում այս հակամարտության ելքով խիստ հետաքրքրված այլ երկրների ու բիզնես կառույցների միջեւ, սակայն միաժամանակ կային նաեւ որոշ արգելքներ, որոնց շնորհիվ հնարավոր էր դառնում հակամարտողներին ետ պահել առավելագույն վերելքների ու անկումների տանող անշրջելիության կետից:
«Ոչ խաղաղության, ոչ պատերազմի» ռեժիմ ասվածն իր ներքին տրամաբանությամբ նույնպես լիովին արտահայտում էր այդ ճոճանակի բնույթը. չէ՞ որ, ըստ էության, այն կարելի է հասկանալ եւ́ որպես «ոչ մեկը՝ խաղաղությունը, ոչ էլ մյուսը՝ պատերազմը», եւ́ որպես՝ «կամ խաղաղությունը, կամ՝ պատերազմը»:
Այդ «ոչ, ոչ»-ի ռեժիմը, երբ այդ ճոճանակին նստած կողմերը պետք է դրա վրայից վայր չընկնեին ուժեղ տատանումների ժամանակ, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել շնորհիվ այն բանի, որ կողմերը պատրաստ չէին պատերազմի երկրորդ փուլին: Նաեւ այն պատճառով, որ միջազգային խոշոր դերակատարների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի շահերն այստեղ խաղաղությունը պահելու հարցում համընկնում էին:
Համընկնում էին ոչ թե մեկընդմիշտ, այլ մինչեւ այն ժամանակ, երբ կհասունանա սեփական, ուրիշներից տարբերվող շահերն առաջ տանելու հնարավորությունը:
Հիմա կարծես թե գալիս է դա անելու փուլը: Շահեր, որոնք ոչ լիովին են համընկնում կամ իսպառ չեն արտահայտում հակամարտող կողմերի նպատակները:
Արդեն դժվար է միանշանակ հաշվարկելը, թե կա՞ ստատուս-քվոյի պահպանման համընդհանուր պահանջ, քանի որ մեջտեղ բերված բոլոր թեզերը, թե ո՞ւմ (Ռուսաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի) օգտին է լինելու նոր պատերազմը, ապշեցնում են իրենց տրամաբանական հիմնավորվածությամբ: Պատասխանի երկու տարբերակների (Ռուսաստանի օգտին, ԱՄՆ-ի օգտին) դեպքում էլ:
Սա խոսում է այն մասին, որ պատերազմը կարող է եւ́ Ռուսաստանի եւ́ ԱՄՆ-ի համար տեղի ունենալ «ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին»: Բայց ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների համար:
Եվ այդ պատճառով Սոչիի հանդիպումից առաջ զարմանալի էր ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի տարակուսանքը, թե բախումներ կողմերի միջեւ միշտ են եղել, սակայն այս անգամվանը, չգիտես ինչու, ընկալվում ու ներկայացվում է ուրիշ կերպ:
Ողջ ետպատերազմյան փուլի ընթացքում կողմերի միջեւ անվերջ ընթացող բանակցությունների խնդիրը հենց «փոխզիջում եզրույթի» թյուրըմբռնումն է: Այն, մեծ հաշվով, նշանակում է զիջում երկու կողմերից: Ընդ որում՝ այդ զիջումները պետք է կողմերի մեջ առաջ բերեն ինչպես կորուստների, այնպես էլ ձեռքբերումների համաչափ զգացողություն: Եթե հայերը զիջում են այս բանը, ապա ադրբեջանցիները ետ են կանգնում իրենց այս պահանջներից: Եվ սկզբունքորեն բոլորը բավարարված են հակառակորդի կրած կորուստների էությամբ ու չափով:
Ուղերձները, որ հնչեցրեցին Սոչիում երեք նախագահները՝ խաղաղություն (Վ.Պուտին), փոխզիջումներ (Ս.Սարգսյան), արդարություն (Ի. Ալիեւ) եւս մեկ անգամ ցուցադրեցին կողմերի դրդապատճառների միջեւ եղած էական տարբերությունը:
Ալիեւի արդարությունը
Ի. Ալիեւը գնաց Սոչի «բավական երկար ձգված հարցը լուծելու» համար: Եվ այդ արդարության իմաստը պարզապես տարածքների վերադարձն էր առանց հայ բնակչության ներկայության: Այլապես Ալիեւը կվարեր ուղղակի հակառակ քաղաքականություն ինչպես պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի, այնպես էլ սեփական քաղաքացիների ու իր երկրի կազմակերպությունների նկատմամբ: Մարդիկ եւ խմբեր, որոնք չեն համարում, որ հայրենասիրության պաշտոնական բանաձեւը (հայերի հետ ոչ մի հաղորդակցություն, քանի դեռ նրանք չեն կապիտուլացվել) ճիշտ է եւ ռազմավարական տեսանկյունից նպաստավոր է հետագայում:
Այլապես Ալիեւը չէր փակի բանտում հասարակական ուժերի մի մասին, որը հանդես է գալիս հարցի խաղաղ լուծման օգտին եւ հասարակական ու ազգային մակարդակներում միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի տրանսֆորմացման կողմնակից է: Եվ գլխավորը՝ այլապես Ալիեւը չէր արդարացնի սպա Սաֆարովի արարքը, այսպես կոչված խաղաղ քելբաջարցիների ներթափանցումը նախնիների տարածք եւ ընթացքում երեք հայի (այդ թվում՝ հատուկ դաժանությամբ 17-ամյա երիտասարդի) սպանությունն այն բանով, որ առաջինը չկարողացավ տիրապետել իրեն, քանի որ հարազատներ էր կորցրել Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Իսկ երկրորդ դեպքում՝ որ ներթափանցածներին Քելբաջար էր բերել կարոտն ու հարազատների շիրիմներին այցելելու անհաղթահարելի պահանջը:
Բոլոր այդ արդարացումներն է́լ ավելի են ամրապնդում հայերի այն ընկալումները, որ եթե ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ կամ այլ վայրեր, նրանք էլ կարող են Սաֆարովի կամ «մոլորյալ քելբաջարցիների նման» ուզենալ «բաց թողնել իրենց գոլորշին» իրենց կրած զրկանքների համար:
Շարունակելի
Մեկնաբանել