HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Լոռու մարզի բնապահպանական խնդիրները

Ալավերդու «Օրհուս» կենտրոնը երեկ` օգոստոսի 14-ին, հանդիպում-քննարկում էր կազմակերպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ մարզի Ալավերդի, Աքորի, Հաղպատ, Հագվի և Օձուն համայնքներին պետբյուջեից հատկացվող բնապահպանական սուբվենցիաների նվազման պատճառների և Ալավերդու  նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի վերականգնման աշխատանքների շուրջ: Քննարկմանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ազգային համակարգող, փորձագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը  հայտարարեց, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող  Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կոշաբերդ սարի գագաթի ծխնելույզից տարեկան 30 հազար տոննա ծծմբաթթու է արտանետվում  շրջակա միջավայր: «Որպեսզի պատկերացնեք, թե 30 հազար տոննան ինչ է, պատկերավոր ասեմ` դա նշանակում  է, որ դուք օրական 8 վագոն ակումուլյատորային կիսլատա եք թափում շրջակա միջավայր»,- «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչներին ասաց  փորձագետը:

Հիշեցնենք, որ գործարանի արտանետումների խողովակը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը  ՀՀ կառավարությանը հայտնել է, որ ծծմբային անհիդրիդի սահմանային թուլատրելի քանակի գերազանցումը Ալավերդու մթնոլորտում նախկին 10-12 անգամի փոխարեն 2011թ. գերազանցել է 1,3-1,5 անգամ: Դրա հիման վրա 344 մլն դրամով նվազեցվել են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության  կողմից պետբյուջե վճարվող  բնապահպանական վճարները (2011-ին վճարվել է 444 մլն դրամ, 2014-ին` 100 մլն դրամ) :

«Ես ուղղակի ուզում եմ ակնարկել, որ իրականում Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների խողովակը 20 մետր է, ոչ թե 400: Գործարանի արտանետումներն իրավական ակտերով հաշվարկելու դեպքում ընկերության կողմից պետբյուջե վճարվելիք բնապահպանական վճարները կկազմեն մոտավորապես 2 մլրդ դրամ,- մարզպետին հայտնեց Արամ Գաբրիելյանը: Վերջինս կարծում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարները Բնապահպանության նախարարությունում «խոսացել են», որի արդյունքում էլ արտանետումների քանակը 30 հազար տոննայի փոխարեն 6 հազար տոննա են դարձրել: «Չեմ ուզում խարդախություն բառն ասեմ, բայց դա է: Այդ 6 հազարի շնորհիվ նրանց արտանետումը պակասել է»,- ասաց պարոն Գաբրիելյանը:  «Լավ կլիներ քննարկմանը ներկա լիներ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը»,- նկատեց Արթուր Նալբանդյանը, ով նաև փորձագետին հարցրեց, թե 6 հազար մետր ծխատարը, որը գործարանից գնում է դեպի Կոշաբերդ սար, խողովակի բարձրության մեջ մտնու՞մ է, թե՞ ոչ:  Արամ Գաբրիելյանը պատասխանեց, որ ծխատարը խողովակի բարձրության մեջ  չպետք է մտնի: «Օրենքով խողովակի բարձրությունը հաշվվում է գետնի մակերեսից»,- ասաց նա: «Եթե մենք խողովակը ամրակցել ենք սարի բնական բարձրությանը, որպեսզի այն ավելի ամուր լինի և ավելորդ տնտեսական ծախսեր չլինեն, այդ խողովակը դադարու՞մ է լինել խողովակ»,- փորձագետին հարցրեց «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը: «Բայց չէ՞ որ մենք ամրության մասին չենք խոսում, մենք խոսում ենք մթնոլորտի աղտոտման մասին»,- պատասխանեց Ա. Գաբրիելյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Տոմաշ Դեմբսկին բնապահպանական ռիսկերի կանխման գործում կարևորեց նոր տեխնոլոգիաների կիրառումը, որը մեծ գումար արժե. «Ալավերդու պղնձաձուլական գործարանը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, իր բնապահպանական ազդեցության, այդ թվում` մինչ այդ իր գործունեությամբ պատճառված  իրավիճակի համար:  Սա է այն բանալին, որը պետք է կիրառի գործարանը, որպեսզի  ունենա վարկանիշ»,- ասաց Տոմաշ Դեմբսկին:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը փորձագետ Արամ Գաբրիելյանին առաջարկեց 10-օրյա ժամկետում իր առաջարկությունները մասնագիտական հիմնավորմամբ ներկայացնել մարզպետարան` բնապահպանության նախարարություն ուղարկելու համար: «Մենք պատրաստ ենք քննարկումը տեղափոխել ՀՀ բնապահպանության նախարարություն»,- ասաց  մարզպետը:   Փորձագետն ընդունեց մարզպետի առաջարկությունը:

Քննարկվեց նաև Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի վերականգնման աշխատանքների խնդիրը: Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության  ազգային ծառայություն» գործակալության հանձնաժողովի եզրակացությամբ` գերեզմանոցի կառույցի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատվել է բարձր, օբյեկտի տարածքում մինչև 8 բալ երկրաշարժի դեպքում գերեզմանոցի կառույցի կոնստրուկցիաներում կարող են առաջանալ վնասվածքներ: Մկնդեղի գերեզմանոցում  հայտնաբերվել են մկնդեղի մեծ արտահոսքեր, որի կանխման համար անհրաժեշտ է իրականացնել պատնեշավորման և ջրահեռացման աշխատանքներ: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը   տեղեկացրեց, որ գերեզմանոցի վերականգնման աշխատանքները, ըստ Ալավերդու զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրի, նախատեսված է իրականացնել 2015թ.:

Արթուր Նալբանդյանը փորձեց պարզել ԵԱՀԿ-ի մասնակցությունը մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման աշխատանքներին: Տոմաշ Դեմբսկին մարզպետին  պատասխանեց, որ մկնդեղի գերեզմանոցի հետ կապված համագործակցությունը շարունակելու համար պետք է պաշտոնական գրություն ուղարկել  ԵԱՀԿ երևանյան գրասենյակ: «Մենք  2015թ. 1-ին կիսամյակում գերեզմանոցի վերականգնման նախագծերը պետք է ունենանք>,- ասաց  Արթուր Նալբանդյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter