
Եթե Հայաստանը չաջակցի Իրաքի եզդիներին, երբեք ազդեցիկ պետություն չի դառնա
Արդեն օրեր շարունակ բոլորս ականատես ենք լինում, թե ինչպ ես են Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն կոչվող խմբավորման ներկայացուցիչները ցեղասպանություն իրականացնում Իրաքի հյուսիսում ապրող եզդիների նկատմամբ: Տեսարաններն ու լուսանկարները շատ նման են Ցեղասպանության թանգարանում առկա՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը ցուցադրող լուսանկարներին: Հարյուր հազարավոր մարդիկ թողել են իրենց տները և ապաստանել Սինջար սարի մոտակայքում: Համաձայն պաշտոնական աղբյուրների՝ արդեն 500 խաղաղ եզդի սպանվել է, իսկ 400 եզդի կանայք գերի են ընկել և սեռական ստրուկներ դարձել:
Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հայտարարել է, որ տարածաշրջանում եզդիների համար ստեղծվել է 3-րդ (ամենաբարձր) մակարդակի հումանիտար աղետալիության վիճակ: Թուրքիան արդեն կահավորել է ճամբար` 6000 փախստականների ընդունելու համար: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Ֆրանսիան արդեն մեկ շաբաթ է, ինչ օդից հումանիտար օգնություն են գցում բաց երկնքի տակ մնացած եզդիներին:
Իսկ Հայաստա՞նը
Հայաստանը եզդի բնակչության քանակով աշխարհում 5-րդ տեղում է` զիջելով Իրաքին, Գերմանիային և Սիրիային: Մեր երկրի բնակչության շուրջ 1,5 տոկոսը եզդի է, և, անշուշտ, այդ եզդիները բողոքի ցույցերով փորձում են սատարել Իրաքի իրենց ազգակիցներին: Մեր կառավարությունը, սակայն, այս հարցում անգործություն է ցուցաբերում:
Հասկանալի է, Հայաստանը չափազանց հեռու է Իրաքից` եզդի փախստականների համար ճամբարներ կառուցելու համար: Եզդի փախստականները այստեղ հազիվ թե հասնեն (հասնողներին, անշուշտ, պետք է աջակցել): Բայց մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ աջակցելու այդ մարդկանց տեղում:
Մեր երկիրն ունի սննդամթերքի ռազմավարական պահեստներ, որտեղ, ըստ պաշտոնական աղբյուրների, առկա է այնքան սննունդ, որ բավարար է 3 միլիոն մարդու մի քանի ամիս կերակրելու համար: Մեր ուժայիններն ունեն նաև ԻԼ76 ինքնաթիռներ, որոնք կարող են հասցնել օգնությունը Իրաք:
Եթե հաշվի առնենք, որ ըստ ՄԱԿ-ի՝ ծայրագույն վիճակում է միայն 30 հազար եզդի, ապա այդ անձանց մի ամիս «կերակրելու» համար մեր ռազմավարական պահեստների մեկ տոկոսն էլ չի ծախսվի: Մյուս կողմից՝ նման օպերացիա անելու համար միշտ էլ կարելի է գումար խնդրել եվրոպական երկրներից, որոնք ուրախ կլինեն այդ գումարը տալ, որ մենք «կիսենք» եզդիներին աջակցելու իրենց «գլխացավը»:
Հաստատում ենք մեր տեղը երրորդ աշխարհու՞մ
Երբ Հայաստանում ողբերգություն էր (1988-ի երկրաշարժը), ամբողջ աշխարհն աջակցում էր մեզ: Առավել մեծ աջակցույթուն էին ցուցաբերում այն երկրները, որտեղ կար հայկական սփյուռք, քանի որ այդ երկրների իշխանությունները հաշվի էին նստում տեղի հայերի կարծիքի հետ: Այդ տեսանկյունից Հայաստանը պետք է առաջինը օգնության ձեռք մեկներ եզդիներին, սակայն դեմոկրատական այս մեխանիզմը, կարծես, չի գործում մեր երկրում:
Իրականում խնդիրն ավելի խորն է: Մեր իշխանությունները համարում են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններից դուրս, իրենց գործը չէ: Չկա ընկալումն այն մասին, որ մենք էլ ենք աշխարհի մի մասը և հզոր պետություն դառնալու ճանապարհին պետք է (դրական իմաստով) խառնվենք մեր սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացներին:
Անշուշտ, եթե մենք ուզում ենք հավերժ մնալ 3-րդ աշխարհի երկիր, ապա մեր իշխանությունները շատ ճիշտ ճանապարհին են: Սակայն, ,եթե մենք ի հեճուկս մեր չափերի, ուզում ենք դառնալ Իսրայելի կամ Շվեյցարիայի պես ազդեցիկ, ապա չենք կարող չմասնակցել տարածաշրջանի կյանքին:
Իշխանությունների աշխարհընկալման մեջ խորը նստած է այն, որ աշխարհի գերտերությունները լուծում են բոլոր հարցերը, իսկ մենք իրենց հլու հնազանդ ենք և չենք կարող խառնվել այդ հարցերին: Դա այնքան խորն է արմատավորված, որ անգամ երբ մեր ու գերտերությունների շահերը համընկնում են, մենք միևնույնն է չենք խառնվում, քանի որ մեր գործը «տեղում սսկվելն է»:
Անգամ այնքան պարզ, ծախս չպահանջող և ակնհայտ գործողություն, ինչպիսին է ՄԱԿ-ում և մյուս կառույցներում հարցը բարձրացնելը և տարբեր ատյաններում խնդրի քննարկումներին մասնակցելը, պարզվում է, մեր երկրի համար չէ…
Ակամայից հարց է առաջանում՝ Հայաստանը պետություն է, թե գուբերնիա, որը, սովորաբար, չի ունենում արտաքին քաղաքականություն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել