HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղցիները 800 հա գյուղատնտեսական նշանակության հողերը չեն կարողանում ոռոգել

Դսեղի 700 հա սեփականաշնորհված և 83 հա պահուստային հողերում այս տարի 27 հա աշնանացան ցորեն եւ մոտ 15 հա կարտոֆիլ է ցանվել: Դսեղցիները իրենց հողը չեն մշակում, ցորեն ցանելը շահավետ չեն համարում: Գյուղամիջում հավաքվածների հետ զրույցում նրանք հաշվարկներով ապացուցում են, թե ինչու են վնաս կրում, երբ մշակում են հողը: Ամեն ինչ թանկացել է` վառելիք, տրակտորիստի վարձ, պարարտանյութ, սնունդ։

Նրանցից մեկը դժգոհում է հացի գնից:

«Հացը բոլոր ժամանակներում գյուղում ավելի էժան է եղել, քան քաղաքում: Էսօր Երևանում ու Վանաձորում կես կգ հացը 180 դրամ է, մեր գյուղում արժե 240 դրամ»,- ասում է Նորիկ Ղուլյանը: Նա 35 տարի դեղագործ է աշխատել, իսկ թոշակի անցնելուց հետո դարձել է հողագործ:

Հարցին, թե ինչու իր վարելահողում ցորեն չի ցանում, Նորիկ Ղուլյանը պատասխանում է. «5 հազար մետր հողակտորով գյուղացին չի կարող հող մշակել, սուպերֆոսֆատի մեկ մեշոկը 10 հազար դրամ է, հողի մեջ ինչ պակասում է տարին տարու վրա սուպերֆոսֆատը ավելացնում է: Էդ ինչքան պետք է սուպերֆոսֆատ առնես, որ բերես արտ մշակես: Հեռվից էդպես ասել-խոսելով թվում է, թե ժողովուրդը հենց էնպես հող չի մշակում, որ օգուտ ունենա `կմշակի»:

Դսեղի վարելահողերը գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես խոտհարք: Գյուղը ոռոգման ջուր չունի, որը նույնպես նպաստել է վարելահողերի խոտհարքներ դառնալուն: Հողը մշակելու գործում դսեղցիների աչքը վախեցրել է նաև կարկտահարությունը: «Գյուղում հակակարկտային կայան ունենք, կարկուտի ժամանակ մենակ իր գլուխն է պահում»,- ասաց Վարուժան Խառատյանը:

Համայնքի ավագանու անդամ Կարո Ղազարյանն ասում է «Խոտն ավելի արդյունավետ է, քան ցորենը»: Նրա կարծիքով Դսեղում խոտհունձի աշխատանքները նորմալ է ընթանում, իսկ մնացած գյուղերի հետ համեմատած՝ Դսեղի ժողովուրդն էլ լավ է ապրում:

Գյուղապետ Նորիկ Քոչարյանը տեղյակ չէր գյուղում վաճառվող հացի գնից:

«Հացը Վանաձորից են բերում, անկեղծ ասած, այդ բիզնեսում չեմ խորացել, բայց գիտեմ, որ գյուղի խանութում օրը 200 հաց է վաճառվում: Գյուղացիները հիմնականում ալյուր են առնում և տանը հաց թխում»,- ասաց նա:

Նորիկ Քոչարյանը ոգևորված էր Դսեղի դաշտերի խոտի առատությամբ «Խոտհնձի ժամանակն է, մենք անասնապահական գյուղ ենք, գյուղում միայն 1800 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ կան, էլ չեմ ասում մանր եղջերավոր անասունները, որոնց անասնակեր է պետք: Այս տարին բարենպաստ էր, խոտը շատ լավն էր»,- ասաց գյուղապետը:

Դսեղցիները շուրջ 800 հա գյուղատնտեսական նշանակության հողերը չեն կարողանում ոռոգել: Մարց գետի ակունքում գտնվող ջրընդունիչ հորից 9,5 կմ ջրագիծը գալիս է դեպի Դսեղի «Ծովեր» տարածքը: Ջրագիծը կառուցելու օրվանից չի աշխատել:

«Էսօր մեր գյուղացիները ջրդի հողերի հարկ են տալիս, բայց մեր հողերն անջրդի են»,- ասաց գյուղապետը: Ջրագծի շահագործման համար Նորիկ Քոչարյանը դիմել է նախկին և ներկա վարչապետերին և հավատում է, որ Մարց գետի ջուրը կուղղվի դեպի Դսեղի «Ծովեր», որտեղից էլ սնվում է գյուղի ոռոգման ներքին ցանցը: Ըստ գյուղապետի՝ այդ ժամանակ գյուղացիները խմելու ջրով տնամերձեր չեն ոռոգի և գյուղում կլուծվի նաև խմելու ջրի խնդիրը:

Դսեղը մի քանի տարի առաջ զրկվել էր նաև գյուղի ոռոգման ջրի ներքին ցանցից: Հարցին, թե նման դեպքում ինչպես է «Ծովերից» ոռոգման ջուր մատակարարվելու գյուղի դաշտերին, գյուղապետը պատասխանեց. «Ես ուսումնասիրել եմ, գյուղի ոռոգման ներքին ցանցի 70 տոկոսը պահպանվում է, 30 տոկոսն էլ, դսեղցիների ասելով, նախկին մարզպետ Արամ Քոչարյանի կողմից յուրացվել է: Ջրագիծը գործելու դեպքում մենք առաջին փուլում ոռոգման ջուր կմատակարարենք դեպի դաշտեր գնացող պահպանված 70 տոկոս ցանցով, մնացածը՝ հետագայում կվերականգնենք համայնքի բյուջեի միջոցներով, տեսնենք»,- ասաց Նորիկ Քոչարյանը:

Վերջինս նաև նշեց, որ ջրագծի վերակառուցման աշխատանքները սկսելու համար նախ պետք է մինչև այս տարվա վերջը ջրային պետական կոմիտեի, նախագծային որևէ ինստիտուտի և համայնքապետարանի կողմից կազմվի ջրագծի թերությունների մասնագիտական ակտ:

Մարցից Դսեղի «Ծովեր» եկող ջրագծի շահագործման գյուղապետի խոստումներին գյուղում այնքան էլ չեն հավատում, մանավանդ հաշվի առնելով Մարց գետի վրա գործող 3 հէկերի փաստը: Նորիկ Քոչարյանը ասում է, որ հէկերը պարտավոր են աշխատել ձմռանը, ամռանը Մարցի ջուրը պետք է տրվի գյուղացիներին:

Մեկնաբանություններ (1)

Պ-ն Հովիկ Աբրահամյանին
«նախկին մարզպետ Արամ Քոչարյանի կողմից յուրացվել է» - կարծեմ գազալցակայան կամ ՓՀԵԿ է սարքել: Է թող բերի կամ տրուբեն հետ տա կամ փողը մուծվի ու մեղա գա որ չնստի: Թող նոր իշխանությունը հետեւի ու անել տա, լավ դաս կլինի բոլորին, ժողովրդի մոտ էլ վստահության նշույլ կերեւա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter