
«Համբերեք, «վերևից» հրաման չկա». 22 տարի բանտում անցկացրած ցմահ դատապարտյալին մերժում են պայմանական ազատել
Ես Վահագն Մարուքյանն եմ, շուտով կդառնամ 42 տարեկան, 20 տարեկանից գտնվում եմ անազատության մեջ: 22-րդ տարին է՝ համարվում եմ ՊԱՉ-ի դատապարտյալ (Պատժի առավելագույն չափ): Սկզբում մահապատիժ տվեցին, 2003 թ-ից մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Բայց ի՞նչ իմաստ կար դրանում, եթե արագ մահը փոխարինվեց դանդաղ, տանջալից մահով: Վերադառնալու հույս մեզ այդպես էլ չեն տալիս, չնայած նրան, որ 20 տարի անց մենք իրավունք ունենք պայմանական ազատության:
20 տարին լրացավ, ներկայացրին վաղաժամկետ ազատման, ստացա մերժվածի կարգավիճակ… այդ ժամանակ ես որևէ մեկին չեմ տեսել:
Մահապատժի տարիների սարսափների հետևանքով դարձա հաշմանդամ: Վատառողջ լինելու պատճառով ինձ տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց և մինչ օրս գտնվում եմ այստեղ: Հինգ տարի է` համարվում եմ 2-րդ կարգի հաշմանդամ, ի վիճակի չեմ նորմալ քայլել, ֆիզիկական շարժունակությունս սահմանափակված է հիվանդ լինելուս պատճառով:
Անցավ ևս մեկ տարի, վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը հետաձգվեց: Այս անգամ իմ հարցին, թե ինչ պատճառով եք հետաձգում, չունեմ խախտում կամ տույժ, նույնիսկ պատրաստ եմ հատուցված վնասի իմ մասնաբաժինը վճարելու, պատասխանեցին՝ եթե նույնիսկ վճարես, մեկ է, ոչինչ չի փոխվելու, քանի որ նախագահ Սարգսյանից նման հրաման չունենք:
Այս տարիների ընթացքում հանդիպումներ ենք ունեցել տարբեր պաշտոնյաների հետ և բոլորը միանշանակ ասում են նույնը՝ համբերեք, վերևից հրաման չկա: Ես ուզում եմ իմանալ՝ օրենքով սահմանված 20 տարի հետո վաղաժամկետ կոչվածը ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ ոչ:
Մահապատիժը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ` որոշ պաշտոնյաներ անգամ նշում են, էլ ի՞նչ եք ուզում, լավ չէ՞, որ չեն գնդակահարում`չգիտակցելով, թե դրա լավը որն է, եթե ցմահի պարագայում վաղաժամկետ կոչվածը չի գործում: Գնդակահարելու դեպքում միանգամից ես մեռնում, իսկ ցմահի դեպքում`տանջվելով:
Հուսով եմ, որ խնդիրը Ձեր կողմից բարձրացնելուց հետո միգուցե մեր բարձրաստիճան այրերը կդրսևորեն քաղաքական կամք և մի փոքր ուշադրություն կդարձնեն մեր անտեսված խնդրի լուծմանը:
Վահագն Մարուքյան՝ ՊԱՉ-ի դատապարտյալ (Պատժի առավելագույն չափ)
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել