
Սառը պատերազմ` Վրաստանում, թեժ խաղաղություն` Ղարաբաղում, կամ ռուսի փորացավը գլխացավ է
Այս տարվա սեպտեմբերի 4-5-ը Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում (Newport, Wales) տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական, բայց կարևոր գագաթնաժողովը, որին մասնակցելու են 60-ից ավել երկրների ղեկավարներ ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի տարբերություն նախորդ՝ 2012թ. Չիկագոյի գագաթնաժողովի, Նյուպորտի այս գագաթնաժողովը լինելու է ամփոփիչ՝ նաև ՆԱՏՕ-ի հետագա ռազմավարության առումով, որը, ամենայն հավանականությամբ, ազդելու է նաև անդրկովկասյան հետագա զարգացումների վրա:
Արևելյան Ուկրաինայի տարածքում ցած խփված «Մալազիական Ավիաուղիների» ինքնաթիռը ցնցեց ողջ Արևմուտքը և խառնեց բոլոր խաղաթղթերը: Մարդիկ ուրիշ աչքերով սկսեցին նայել Ռուսաստանին. մեկ օրում այն հեռակա-անորոշ վտանգից դարձավ իրակա՛ն-շոշափելի վտանգ: Բնական է, որ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն և Արևմուտքը շատ ավելի պիտի կոշտացնեին իրենց կեցվածքը Ռուսաստանի հանդեպ, ու Արևմուտքի տնտեսական շահը (թեկուզ որոշ ժամանակով) պիտի երկրորդվեր իր անվտանգության շահին: Ֆրանսիային ու հատկապես Գերմանիային ուղղված ԱՄՆ-ի խիստ հորդորներից հետո սկսվեց Ռուսաստանը փլուզելու առաջին փուլը:
Բացի Ուկրաինայից ու Վրաստանից՝ արևմտյան ամբողջ սահմանով Ռուսաստանը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին (Բելառուսի մասին` քիչ հետո): Միջինասիական նախկին խորհրդային հանրապետությունները, ի վերջո, անցնելու են Չինաստանի ազդեցության գոտի, իսկ Սիբիրի չինականացման գործընթացն արդեն սկսված է:
Հատկապես Ուկրաինան (ու նաև` Վրաստանը) կորցնելու դեպքում Ռուսաստանը կդառնա արդեն ասիական երկիր, որից հետո «ռուսական գարունը» և/կամ երկրի հետագա քայքայումը անխուսափելի կդառնա (նաև` պատժամիջոցների հետևանքով): Տնտեսական համակարգի տեսանկյունից՝ պուտինյան Ռուսաստանը Սաուդյան Արաբիա է՝ գումարած ատոմային ռումբ: Իսկ ծայրահեղ պահպանողական ռուս ուղղափառ եկեղեցին (սուննի) իսլամի պես հնազանդությու՛ն է քարոզում: Այսինքն՝ ռուսական ամբողջ պետությունը և հասարակությունը նորից մի բուրգ է. բավական է հիմքից 1-2 քար հանել, և այն կփլվի:
Հենց սրա՛ պատճառով է, որ երբ հատկապես 2012թ. (3-րդ անգամ պրեզիդենտ դառնալուց հետո) Մոսկվայում/Ռուսաստանում հակապուտինյան մեծ ցույցեր եղան, դա բավականին վախեցրեց նրան (ու իր շուրջը խռնված կլանին): Միլոշևիչի ուրվականը պիտի որ Կրեմլի պատերի տակ թափառելիս լիներ/լինի: Պուտինը հասկացավ, որ պիտի փոխի իր (16 տարվա) ԿԳԲ-ական/օլիգարխային իմիջը…, ու նա դարձավ «ռուսական քաղաքակրթության» «պաշտպան»՝ ընդդեմ արևմտյան «անբարոյական» բարքերի: Ու նորից «քավության նոխազներ» դարձրին սեռական փոքրամասնություններին: Բայց ռուսը, որպես պրիմիտիվ ազգ, հավատաց Պուտինին՝ շուրջօրյա կրեմլյան ու ծայրահեղ պահպանողական ռուս ուղղափառ եկեղեցու քաղաքական պրոպագանդայի ներքո, որտեղ անկախ ու ընդդիմադիր ձայն համարյա չկա: Ռուսաստանի պես երկրում բնակչության «80%-ը» քո կողմում ունենալը սոսկ պրոպագանդա է. Հյուսիսային Կորեայում էլ բնակչության «100%-ն» է իր «սիրելի առաջնորդի» կողքին:
Ռուսաստանի ու հատկապես Պուտինի ապագան ուրվագծվելու/որոշվելու է ՆԱՏՕ-ի վերոհիշյալ սեպտեմբերյան գագաթնաժողովում, որը որոշելու է նաև Ռուսաստանից կախված հետխորհրդային արբանյակ երկրների/վերնախավերի ապագան:
Մի բան պարզ է. Ուկրաինայի ու Վրաստանի հարցում զիջումներ այլևս չեն լինելու: «Մալազիական Ավիաուղիների» ինքնաթիռի դեպքից հետո գերմանական միջնորդական ջանքերը (Ուկրաինայի ֆեդերալացման ուղղությամբ) մշուշվեցին, ու Գերմանիան էլ (ստիպված) միացավ պատժամիջոցներին:
Ղրիմի de facto անեքսացիան Ռուսաստանին ո՛չ մի շոշափելի քաղաքական ու ստրատեգիական առավելություն չտվեց: Սև ծովում ոչինչ չփոխվեց, իսկ Ուկրաինան առանց Ղրիմի էլ սևծովյան երկիր է:
Արևելյան Ուկրաինայում պրոռուսական անջատողականների պայքարի օրերը հաշվված են. սա արդեն բոլորը գիտեն: Այսինքն՝ Պուտինը պարտվում է, որը շատ թանկ կարող է նստել վերջինիս վրա (իմիջի ու, ի վերջո, աթոռի կորուստ): Դրա համար նա պիտի անցնի հակաքայլերի: Պուտինն այսօր միայն մեկ արդյունավետ միջոց ունի. ռուսական զորք մտցնել արևելյան Ուկրաինա, որը de facto և de jure կնշանակի ռուս-ուկրաինական պատերազմ: Կասկածից վեր է, որ նման դեպքում Արևմուտքը ոչ միայն ուժեղացնելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլեւ զենք է տալու Ուկրաինային: Իսկ սա նշանակում է երկարատև պատերազմ: Պուտինի խոսքերին ոչ ոք Արևմուտքում այլևս չի հավատում. հատկապես Ղրիմի անեքսացիայից հետո, երբ Պուտինը սկզբում հերքեց ռուսական զորքերի առկայությունը թերակղզում, հետո ընդունեց դա, երբ փաստերն արդեն անհերքելի դարձան:
Բելառուսի ապագան էլ կախված է ռուս-ուկրաինական այս կոնֆլիկտից: Դիկտատոր Լուկաշենկոն շատ լավ է հասկանում, որ այս պահին չափից ավելի պրոռուսական լինելը անհեռատես քաղաքականություն է (հատկապես իր աթոռի համար): Եվ, ընդհանրապես, որ՞ մի ուժային կենտրոնն է ցանկանում անկախ Բելառուս:
Ռուսաստանի համար Ուկրաինայից ոչ պակաս կարևոր է Վրաստանը: Վրաստանը բաց նյարդ է ռուսի համար: 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը de facto կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, բայց դրանով չկորցրեց իր ստրատեգիական նշանակությունը: Ավելին՝ 2008թ. Բուխարեստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվեց, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, որից հետո ՆԱՏՕ-ն ու Վրաստանը կայուն ու հետևողական կերպով աշխատում են այս ուղղությամբ: Ուկրաինայի դեպքերն արագացնելու են այս գործընթացը: Այս տարվա սեպտեմբերի 4-5-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ամենայն հավանականությամբ, Վրաստանին առաջարկվելու է նոր կարգավիճակ, որից հետո Վրաստանը (բավականին մոտ ապագայում) դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ երկիր: ՆԱՏՕ-ի անդամ Վրաստան նշանակում է Ռուսաստանի անդրկովկասյան 300-ամյա ազդեցության վերջի սկիզբ: Ռուսաստանին այլևս չի հաջողվելու այս գործընթացը խափանել, բայց Պուտինը, անկասկած, փորձում/փորձելու է:
Փորձելու են հրահրել նաև վրաց-հայկական կոնֆլիկտներ. շեշտելու են Ջավախքի հայերի «անկախանալու անհրաժեշտության» ու վրացիների կողմից հայկական եկեղեցիները «հափշտակելու» մասին ու նման այլ քարոզչություն: Նախ՝ Ջավախքը Վրաստանի կազմում Հայաստանի համար շատ ավելի ստրատեգիական է, երկրորդ՝ Արևմտյան Հայաստանում հազարավո՜ր հայ եկեղեցիներ փոշիացան: Արդյո՞ք 3-4 կանգուն եկեղեցու համար արժե փչացնել հայ-վրացական ստրատեգիական հարաբերությունները: Արդյո՞ք «ազգը եկեղեցին է»: Ուստի, Հայաստանը և հայերը չափազա՛նց զգույշ պիտի լինեն, որպեսզի չդառնան ռուս-վրացական սառը պատերազմի սադրանքների առարկա:
«Եվրասիական տնտեսական միությունը» ՔԱՂԱՔԱԿԱՆ պրոյեկտ է, որի հիմնական նպատակը հատկապես Ուկրաինայի ու Վրաստանի` դեպի Արևմուտք/ՆԱՏՕ ճանապարհը կտրելն է(ր):
Երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում շեշտակի նվազելու են: ՆԱՏՕ-ի անդամ Վրաստանի դեմ Ռուսաստանը միայն մեկ հակաքայլ ունի. ռուսական զորք/բազա Ադրբեջանում՝ որպես հակակշիռ: Բայց արևմտյան խոշոր նավթային կապիտալից կախված Ադրբեջանն այդպիսի քայլի չի կարող գնալ, քանի որ դա կլինի Ալիևի կլանի վերջը: Վկան՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օրինակը: Այսինքն՝ Ռուսաստանին մնում է միայն մեկ տարբերակ. Ղարաբաղում զորք տեղադրելը: Հենց սրա՛ համար է ձգձգվում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը: Միակ հիմնական խոչընդոտը սա է, առանց կասկածի:
ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետև նավթի գներն իջեցրին: Նույնը պլանավորել են Ռուսաստանի հանդեպ: Որպեսզի սա տեղի չունենա, Ռուսաստանին ձեռնտու է կոնֆլիկտներ հրահրելը նավթա-գազամուղների շուրջ, որպեսզի միջազգային շուկայում նավթի գինը չիջնի: Ադրբեջանին ռուսական հարձակողական զենք մատակարարելն ու Հայաստան-Արցախի դեմ դիվերսիաներ կազմակերպելը Ռուսաստանի շահերից է բխում և պլանավորվում է Մոսկվայում: Ադրբեջանը գործիք է, խայծը/ խոստումը՝ ազատագրված տարածքները:
Նավթի ու նավթի գնի հետ է կապված նաև Իրաքում «Քրդստան» պետության ստեղծման գործընթացի սկիզբը: «Իսլամական պետություն» (ISIS) ծայրահեղ սուննի տեռորիստական խմբի ու քրդական զինված («փեշմերգա») ստորաբաժանումների պայքարն էլ խորքում նավթի համար է: ԱՄՆ-ն տարածաշրջանում նոր դաշնակից ունի՝ քրդերը: Նավթային շրջանները (ԱՄՆ-ի օգնությամբ) գրավելուց հետո քրդերն անկախանալու են: ԱՄՆ-ն ոչ միայն ճանաչելու է նորանկախ Քրդստանը, այլ դրանից հետո անցնելու է Թուրքիայի (աստիճանական) քայքայմանը/տրոհմանը, որովհետև Թուրքիան ու Ռուսաստանը (դժվար պահերին) միշտ օգնել և օգնելու են միմյանց: Ռուսն ու թուրքը, իրականում, նույն մտածելակերպի ու գործելաձևի ազգեր են. ռուսը, օրինակ, ավելի շատ հայ է սպանել, քան թուրքը:
Արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ սկսել են գործել. հսկա «Ռոսնեֆթը» այս պահին դիմել է ռուսական կառավարությանը՝ 31 մլրդ եվրո ներարկման խնդրանքով, քանի որ միջազգային ֆինանսական շուկաներում փող այլևս չի կարողանում ստանալ: Ոչ միայն «Ռոսնեֆթի» բաժնետոմսերի գինն է 10%-ով իջել, այլև առաջարկվում է այս 31 մլրդ-ը տրամադրել ռուսական թոշակային ֆոնդերից: Բայց սա դեռ միայն սկիզբն է:
Ալիևը միայնակ որոշումներ չի կարող կայացնել, որովհետև գտնվում է արևմտյան նավթային (ու գազային) կապիտալի ազդեցության ներքո: Իսկ Արևմուտքին պետք չէ պատերազմ Արցախի շուրջ, քանի որ դրանից միայն Ռուսաստանը կշահի: Հենց սրա համար է, որ արևմտյան (հատկապես ամերիկյան) մամուլը բավականին կոշտ քննադատեց Ալիևին՝ ՀՀ-ԼՂՀ-ի դեմ վերջին դիվերսիոն գործողությունների համար:
Ալիևն արդարանում է, որ «Ռուսաստանի օգնությամբ/միջնորդությամբ ցանկանում է վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը», քանի որ «Մինսկի խմբին դա չի հաջողվում»: Այսինքն՝ Ադրբեջանը համաձայնել է ռուսական զորք Արցախ մտցնելուն ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման ռուսական կոնկրետ խոստումների դիմաց: Հենց սրա՛ համար են ՀՀ-ին փորձում խցկել ԵՏՄ՝ de jure առանց Արցախի, որպեսզի հետո Ռուսաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես պնդեն, որ Արցախ ռուսական զորք մտցնելը de jure ոչ թե Ռուսաստան-Հայաստանի, այլ Ռուսաստան-Ադրբեջանի գործն է: Հենց սա է ռուս-ադրբեջանա-թուրքական պլանն ու Մինսկի խմբի պառակտմանն ուղղված այս եռյակի ջանքերի նպատակը:
Եթե ռուսական զորք մտցվի Ղարաբաղ՝ առանց ԼՂՀ-ի կարգավիճակի ՎԵՐՋՆԱԿԱՆ վճռման, ապա դա միանշանակ կնշանակի Արցախի ռուսականացում, որից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանը (ու Թուրքիան) շատ արագ «լուծելու» են Արցախի հարցը: Բացարձակ անկարևոր է, թե ինչպես կկոչվի ռուսական զորքը. «խաղաղապահներ», «տամոժնիկներ», «անզեն դիտորդներ», թե «X»: Ոչ ոք չի կարող ասել/ հսկել, թե Արցախ ոտք դնելուց 3 կամ 6 ամիս հետո ռուսներն ինչով զբաղված կլինեն:
Ադրբեջանին ձեռնտու է Արցախի ռուսականացումը, քանի որ՝ ա) դա հայկական Արցախից լավ է, բ) ռուսական զորքերի` Արցախում տեղակայմանը Ադրբեջանը համաձայնություն է տալու միայն ազատագրված տարածքների վերադարձի պայմանով:
Ռուս-թուրք-ադրբեջանական այս պլանի միակ լուրջ խոչընդոտը հայկական բանակի/զինվորի ներկայությունն է Արցախում:
Արգենտինական «
Այսինքն՝ Հայաստանում ստեղծվում է երկիշխանություն. մի կողմից բանակն (ու ժողովուրդը), իսկ մյուս կողմից ՝ պրոռուսական de facto նախագահը և օլիգարխային կլանը (ՀՀ բացակա ԱԳՆ-ն ներառյալ): Սա փոքր ճեղքվածք չէ. այլապես (բանակում չծառայած) օլիգարխ-պաշտոնյաները իրար հետևից չէին վազի սահմանագծեր:
Արցախին ռուսական փորացավ ու գլխացավ բացարձակ պետք չէ: Ղարաբաղում թեժ խաղաղությունը շարունակվելու է, քանի դեռ ազատագրված տարածքները լիովին վերաբնակեցված չեն: Միայն սրանից հետո է ԱՄՆ-ն (և Արևմուտքը), ի վերջո, ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը: ԼՂՀ իշխանությունները վաղուց Արցախ հրավիրած պիտի լինեին Իրաքից ուժով տեղահանված ասորիներին (ու հիմա նաև եզդիներին): Գոնե փոքրաթիվ ու սիմվոլիկ կերպով սա անելը կբարձրացներ ԼՂՀ-ի միջազգային պետական իմիջը, և ոչ ոք չէր/չի կարող ԼՂՀ իշխանություններին քննադատել այս մարդասիրական արարքի համար:
Հայաստանում թեժ աշուն չի բացառվում: Բայց չկարծեք, թե սա «ընդդիմադիր» կուսակցությունների շնորհիվ է լինելու: Այսօր Հայաստանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՅՀԴ-ն և ոչ՛ էլ ՕԵԿ-ը իրականում ընդդիմադիր չեն:
Հայկական լեռնաշխարհով միշտ չէ, որ չար քամիներ են անցնում: Բարենպաստ քամիներից օգտվել է պետք. իսկ դա կախված է… քեզնից:
Վարազ Սյունի
Ամստերդամ
20.08.2014
Մեկնաբանել