Գերմանիայի հավաքականի հաջողության բանալին` միասնություն եւ կարգապահություն
Հայկ Դավթյան
Վերջին տասնամյակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշարերի ֆավորիտների թվում մշտապես տեսնում ենք գերմանական «մեքենան» կամ, ինչպես հայրենիքում են նրանց անվանում, գերմանական արծիվների ցուցադրած գեղեցիկ խաղը: Դիտելով նրանց խաղը, մարդկանց մոտ կարծիք է ստեղծվում, թե Գերմանիայի հավաքականը մշտապես նման փայլուն խաղ է ցուցադրել: Ի զարմանս շատերի` միշտ չէ, որ գերմանացիները լուրջ հաջողություններ են գրանցել: Սկսած Գերմանիայի ֆուտբոլի միության հիմնադրումից (1900 թ.) մինչեւ 1934 թ.-ը` գերմանական ֆուտբոլը չի գրանցել եւ ոչ մի լուրջ հաջողություն: Միայն 1934-ին` Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում, նրանց հաջողվեց գրավել 3-րդ հորիզոնականն ու արժանանալ բրոնզե մեդալների:
Չնայած նրան, որ 1934 թ.-ից հետո գերմանացիները շարունակում էին մասնակցել աշխարհի ու Եվրոպայի գրեթե բոլոր առաջնություններին եւ մեծ առաջխաղացում էին արձանագրում, այնուամենայնիվ, բավականչափ երկար ընդմիջումներով էին կարողանում համաշխարհային կամ եվրոպական ֆուտբոլի գահը պահել իրենց ձեռքերում: Բացառություն կարելի է համարել 1980-1990 թթ.-ները, երբ գերմանցիների կազմում հանդես էին գալիս համաշխարհային ֆուտբոլի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռուդի Ֆյոլլերը, Լոթար Մաթեուսը, Յուրգեն Կլինսմանը:
1996-ին կայացած Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի նվաճած ոսկին տեւական ժամանակ վերջինը հանդիսացավ նրանց համար: 1998 թ.-ի աշխարհի առաջնությունում գերմանացիները պայքարից դուրս մնացին ¼ եզրափակչում: Ֆուտբոլի միության համար սա ծանր հարված եղավ, ուստի միության ղեկավարները փոխեցին իրենց գործելաոճը: Ֆուտբոլի ոլորտում կատարվեցին լուրջ բարեփոխումներ, ավելի կոնկրետ` մտցվեց նոր համակարգ, որի հիմնական նպատակը պատանիների տաղանդի բացահայտումն է եւ ֆուտբոլային նոր երիտասարդ սերունդ աճեցնելը:
Մեր օրերում Գերմանիայում կա շուրջ 26 հազար ֆուտբոլային ակումբ եւ 1000-ից ոչ պակաս ֆուտբոլային սկաուտներ, որոնցից յուրաքանչյուրի պարտականությունների մեջ է մտնում հետեւել 20-30 պատանիների խաղին: Նրանց բոլորի մասին սկաուտը որոշակի ժամանակահատվածներում զեկույցներ է ներկայացնում իր իսկ գործունեությունը վերահսկող ֆուտբոլային հանձնաժողովին: Բացի վերոնշյալից՝ 1-ին եւ 2-րդ բունդեսլիգաներում հանդես եկող ակումբները պարտավորվում էին բացել ֆուտբոլային ակադեմիաներ, որոնք հաճախ բացվում են դպրոցներին կից: Օրինակ` Գելզենկիրխենի գլխավոր թիմի` «Շալկեի» էլիտար ֆուտբոլային դպրոցի աշակերտների 10 %-ը հանդես է գալիս «Շալկեի» մանկապատանեկան տարբեր տարիքային թիմերի կազմում: Մտցվեց նաեւ մի օրենք, ըստ որի, գրանդ ակումբները չեն կարող գրեթե անվճար ձեռք բերել ֆինանսապես ավելի թույլ թիմերի ծագող աստղերին:
Կատարված աշխատանքի արդյունքները նախեւառաջ նկատելի եղան 1-ին բունդեսլիգայում: 2000-01 թթ. մրցաշրջանում բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների միայն 8 %-ն էր երիտասարդներ, այն դեպքում, երբ 2009-10 թթ. մրցաշրջանում այդ թիվը գերազանցեց 15 %-ը: Հավաքականում արդյունքը շոշափելի դարձավ 2006-ին կայացած աշխարհի առաջնությունում, երբ գերմանացիների հարձակվող Լուկաս Պոդոլսկին ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող, իսկ ահա 2009 թ.-ին կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գերմանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ճանաչվեց հաղթող:
2014-ին, երբ գերմանացիները հռչակվեցին աշխարհի չեմպիոն, 2009-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես եկած խաղացողներից հավաքականի կազմում ընդգրկված էին Մանուել Նոյերը, Մատս Հումմելսը, Մեսութ Օզիլը եւ այլ ֆուտբոլիստներ:
Այս հաջողությունը գրանցվեց երկարատեւ աշխատանքի ընթացքում ցուցաբերած միասնության եւ կարգապահության արդյունքում: Գերմանիայի ֆուտբոլի միությունը մինչ օրս էլ շարունակում է առաջ ընթանալ նույն ուղով, որի փայլուն արդյունքին ողջ աշխարհն ականտատես եղավ այս ամռանը` ֆուտբոլի 2014 թ.-ի աշխարհի առաջնության շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել