
Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (վիդեո)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները նախօրեին այցելել են Ախթալայի վանք (Լոռվա մարզ), որի վանահայր Տ. Վիգեն քահանա Ղազարյանը պատմել է վերջերս սրբատեղի այցելած մի խումբ անհայտ մնալ ցանկացող բարերարների կողմից վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին:
Հիշեցնենք, Ախթալան մեկն է քաղկեդոնական շրջանի այն 10 հայկական սրբավայրերից, որոնք յուրացնելու և սեփական պատմությանը վերագրելու փորձեր են անում վրացիները: «Չենք լռելու»-ն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին` նշելով, որ վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ: Հստակ գիտակցելով դա` ոչ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ էլ մշակույթի նախարարությունը սրբատեղիների փրկությանն ուղղված գործուն քայլեր չեն ձեռնարկում` ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը տե՛ր է քաղկեդոնական շրջանի իր պատմությանը:
Եվ ահա հույս է հայտնվել, որ մեր ժողովրդի պատմության քաղկեդոնական շրջանի այդ հրաշքներից մեկը` Ախթալայի վանքը, կփրկվի բարերարների ուժերով:
Տ. Վիգեն քահանա Ղազարյանը «Չենք լռելու»-ի երիտասարդների հետ զրույցում ասաց նաև, որ բարերարները պատրաստակամություն են հայտնել նաև ֆինանսավորելու այլ սրբատեղիների վերանորոգում:
Վանահոր խոսքերով, Ախթալայի վանքի վերականգնման ճարտարապետական հարցերի լուծման խնդրանքով երկու շաբաթ առաջ իրենք դիմել են մշակույթի նախարարությանը և այժմ սպասում են պատասխանին: Քահանան հայտնեց, որ անցյալ տարի Երևանից Ախթալա այցելած մասնագետները հավաստիացրել են, որ Սբ. Աստվածածնի գմբեթը հնարավոր է վերականգնել:
«Չենք լռելու»-ն կոչ է անում մշակույթի նախարարությանը հնարավորինս զերծ մնալ իրեն բնորոշ բյուրոկրատական քաշքշուկներից և սրտացավ մոտենալ Ախթալայի փրկության հարցին:
Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Ախթալայի վերականգնման ժամանակ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ տեղի ունեցավ Հաղարծինի վանական համալիրի հետ, երբ ամբողջովին աղճատվեց նրա պատմական տեսքն ու շունչը: Այս առումով անհրաժեշտ է խստորեն պահպանել նման դեպքերում նախատեսված ճարտարապետական կանոնները:
«Չենք լռելու»-ն կհետևի Ախթալայի վերականգնման ընթացքին և ակտիվորեն կլուսաբանի այն:
Մեկնաբանել