Ճշմարտության մահապարտը
Հասմիկ Պողոսյան
…1965 թվականի աշնանը Երևանի իր անշուք խրճիթում դադարեց բաբախել ամբողջ կյանքը սովետական բանտերում և սիբիրյան աքսորում անցկացրած Արամ Թովմաղյան-Լեռ Կամսարի տառապյալ սիրտը՝ ականավոր գրող-երգիծաբան, ով, ապրելով ստալինյան բռնատիրության և բոլշևիկյան ամբողջատիրության ժամանակաշրջանում, երբեք չդավաճանեց Ճշմարտությանը և չփոխեց իր ազնիվ ու ըմբոստ էությունը: Քաղաքի վրա «իջավ ծանր լռություն»: Միայն քչերը կարողացան լսել լռության ձայնը ու հասկանալ, որ հայ գրականությունն արձանագրել է իր հերթական անդառնալի կորուստը: Իսկ մահացել էր մեծ Երգիծաբան:
Ֆելիետոնի արքան ուրիշ գրողների պես ինքնակենսագրական գրքեր չգրեց, փոխարենը նրա կյանքն ու անձը դարձան իր ապրած ժամանակների խորհրդանիշը, իր գրչակից ընկերների հավաքական ճակատագիրը: Նա 20 տարիների սիբիրյան աքսորում և Չեկայի նկուղներում, ուր «կալանավորներին բաժանվել էին տետրներ և մատիտ՝ չարած մեղքերը խոստովանելու համար», Գրողը շարունակում էր պաշտպանել մարդու ոտնահարված իրավունքները. օրագրում էր ՝ սերունդներին թողնելով իր ապրած ժամանակների իրական դեմքը.
- Մենք ընկանք, թող մեզանից հետո եկողները չընկնեն, մեղք են,-ասում էր: Եվ հանուն իրենից հետո եկողների էլ նա հատուցեց իր կյանքով. կյանք, որն «իրար ետև շարված տառապանքի օրեր են, տասն անգամ ստույգ մահից մազապուրծ»:
…Երևանի Թումանյան փողոցում կա մի բնակարան, ուր ապրում է մեծ տառապյալի ու մեծ հերոսի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, ով իր 20 տարիների տքնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ մեկ առ մեկ հրատարակում և ընթերցողի սեղանին է դնում Լեռ Կամսար-երգիծաբանի անտիպ ժառանգությունը՝«Կարմիր օրեր», «Սաստիկ կոմունիստներ», «Մահապուրծ օրագիր», «Բանտիս օրագիրը», «Սոցիալիզմի Սահարա», «Հալոցք», «Թատերախաղեր» (վերջինս ներառում է 22 պիեսներ և մեկ դրամա՝«Հոգու զավակը»)…Սրանք ընդամենը մի փոքր տոկոսն են Գրողի այն հսկա անտիպ ժառանգությունից, որոնք սպասում են տպագրվելու իրենց հերթին՝այն սև, հնամաշ ճամպրուկում, որը Լեռ Կամսարին ուղեկցել է սիբիրյան աքսորի ժամանակ:
«Բոլշևիկյան կառավարութունը հեքիաթի այն վիշապն եղավ , որ նստած իմ և ժողովրդի մեջտեղ, արգելեց ամեն տեսակի հաղորդակցություն իրար հետ»: Երգիծաբանի այս խոսքերը երբևէ հանգիստ չեն տվել Վանուհի Թովմասյանին ու դարձել են ապրելու և գործելու նպատակ: Նա տարիներ ի վեր մեծ ջանքերով վերականգնում է ականավոր գրողի ու իր ժողովրդի միջև խզված կապը: Եվ, չնայած այն փաստին, որ արդեն լույս է ընծայել 10 հատոր, այդուհանդերձ, Լեռ Կամսարը մնում է գերանզացապես անտիպ հեղինակ, որի գրական ժառանգությունը կարոտ է ամբողջական հրատարակման և բարեխիղճ ուսումնասիրության ՝ գեղարվեստական ու հրապարակախոսական երկեր, օրագրություններ, հարյուրավոր ֆելիետոններ, վեպեր նամակներ…
Գրչով և զենքով
- Տ. Թովմաս քահանա Թովմաղյանը և Համասփյուռ Դիլանյանն իրենց բույնը հյուսել էին Պատմական Հայաստանի Վան քաղաքում. նրանց բազմանդամ ու բազմազավակ ընտանիքում էլ 1888 թվականին ծնվեց Լեռ Կամսար–Արամ պապս: Քահանա հայրը հնարավորության սահմանում բարեխղճորեն կազմակերպել էր զավակի կրթությունը՝ փայփայելով որդուն հոգևորականի դերում տեսնելու երազանքը: Նա տղային ուղարկեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, ուր Լեռ Կամսարն ուսումնասիրեց և յուրացրեց Հայոց պատմությունն ու մատենագրությունը, ռուս և եվրոպական գրականությունը, համաշխարհային կրոնների պատմությունն ու փիլիսոփայությունը: 1909 թ. նա վերադառնում է հայրենի ծննդավայր և, փոխանակ հոգևորական դառնալու, նվիրվում է մանկավարժական, դերասանական, ու լրագրային գործունեությանը: Վանում Երամյան վարժարանի ուսուցիչ էր և «Աշխատանք» թերթի թղթակից, որի էջերում էլ «Կամսար» ստորագրությամբ լույս են տեսնում նրա առաջին ֆելիետոնները: Ընթերցողներն արդեն նկատում են Լեռ Կամսարի գրական մտածողության երգիծական ուղղվածությունը,-պատմում է տիկին Վանուհին և ընդգծում.
- Նրա գրիչը չի խնայել ոչ ոքի: Եվ հետաքրքիրն այն է, որ երիտասարդ երգիծաբանի ջախջախիչ ֆելիետոնների հասցեատերերը նրան ամենուրեք սիրում էին ու ընդունում,- փաստում է զրուցակիցս և, վերցնելով Լեռ Կամսարի «Տպված ու անտիպ էջեր» գիրքը, ներկայացնում մի ուշագրավ պատմություն.
- Մեծահարուստ վանեցիներից մեկը , որին խստորեն ծաղրել և քննադատել էր երգիծաբանը, քաջություն էր ունեցել մեծահոգաբար շնորհավորելու նրա՝ իրեն ծաղրող ֆելիետոններից մեկը, ձեռքը դրել էր ուսին՝ասելով. «Կամսար չէ, Մե~ծ Կամսար, Լե՛ռ Կամսար»: Ահա թե այս մասին ինչ է նա պատմել իր ընկերոջը՝ Բաղդասար Թովիկին.
«…Վանում ինձ հետ պատահած մի դեպքի մասին պատմեմ՝ գուցե չհավատաս: Իմ ֆելիետոններից մեկում խստորեն ծաղրել էի քաղաքական հայտնի դեմք համարվող հայ վաճառականներից մեկին: Հաջորդ օրը իմ չարաբաստիկ հերոսի կառքը կանգնեց խմբագրության դռանը:
- Ո՞վ իմ մասին գրած է կազեթի մեջ,-հարցրեց նա:Կարծես ջուր մաղեցին գլխներիս: Մոտեցա ու երկյուղը սրտումս.
- Հարգելի, էֆենդի , ես եմ գրել,- ասացի:
Երկու քայլ մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս ու…, Աֆերի՛մ,-ասաց,-կեցցե՛ս, չնայած իմ վաճառականական համբավը դրած ես սալի վրա ու մուրճով աղեկ մը ծեծեր ես, սակայն խնդալս ալ բերիր, ուրիշներու նման ինծի ոչ թե քծներ ես, այլ համարձակվեր ես ձեռք առնել, դաղել… Քո երեսները պագնելու է: Բայց հագուստ-կապուստդ շնորհքիդ հետ հեչ չեն բռնե, թազեն առ,հագի, վայելե»:
Ու ճակատս համբուրելով՝ գաղտնի երկու ոսկի դրեց ափիս մեջ»:
Ահա այս պատմության արդյունքում է ծնվել Լեռ Կամսարի գրական անունը,- փաստում է երգիծաբանի թոռնուհին:
Հայտնի չէ՝ երգիծաբանն այդ օրվա վարձավճարով գնե՞ց արդյոք նոր հագուստ, թե՞՝ ոչ: Բայց, ծանոթանալով նրա ստեղծագործություններին ու դրամատիկ կյանքին, մի բան հստակ կարող ենք ասել. ապրելով երեք վարչակարգերի՝ համիդյան բռնապետության, Հայաստանի Առաջին Հանրապետության, բոլշևիկյան ամբողջատիրության ժամանակներում, նա երբեք էլ չփոխեց իր «հագուկապը»՝ մնալով նույն ըմբոստ ու արդարամիտ մտավորականը՝ ժայռից ամուր կառչած մասրենու թփի պես փշոտ ու անսասան:
- Տիկի՛ն Վանուհի ,-դիմում եմ երգիծաբանի թոռնուհուն,- մեծերին հատուկ է ժողովրդի համար բախտորոշ ժամանակներում պայքարել ոչ միայն գրչով, այլև՝ զենքով: Ազգային -ազատագրական պայքարին գործուն մասնակցություն է ունեցել նաև Լեռ Կամսարը: Կխոսե՞ք այս մասին:
- Այո՛:Լինելով հայրենասեր և չկարողանալով անտարբեր մնալ երկրի քաղաքական իրադարձություններին, Լեռ Կամսարը մարտնչում էր և՛ իր սվին-գրչով, և՛ զենքով. 1915թ., երբ աշխարհի գերտերությունների անտարբեր հայացքի ներքո սկսվեց Հայոց Ցեղասպանությունը և հայրենազրկումը, Լեռ Կամսարն իր անմիջական մասնակցությունը բերեց Վանի հերոսամարտին՝ իր տան մատույցներում հիմնելով «թովմաղյան ջոկատը»: Լեռ Կամսարը քաջալերում էր ժողովրդին՝ ասելով. «Յուրաքանչյուր վանեցու մեջ չար Բելին հաղթող Հայկ Նահապետ է նստած»: Այս մասին գրել է նաև ԳուրգենՄահարին՝ իր «Այրվող այգեստաններում»: Ինքը ՝ Լեռ Կամսարը Վանի հերոսամարտում բարձր է գնահատել ազգային հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետութան նախագահ Արամ Մանուկյանի դերը, ում հետ միասին հերոսական պայքար է մղել՝ նրան կոչելով Արամ իշխան:
Իսկ 1917թ. Լեռ Կամսարը դառնում է Տիգրան Բաղդասարյանի հրամանատարության ներքո գործող Վանի 4-րդ գնդի կամավորը: Սակայն, Դրոն տեսնելով գրողի վտիտ ու հիվանդ տեսքը (մինչ այդ երգիծաբանը հիվանդացել էր որովայնային տիֆով և միայն կնոջ ջանքերի ու նվիրումի շնորհիվ էր փրկվել մահից) արգելում է մասնակցել Սարիղամիշի ճակատամարտին.
- Քեզ որ մի բան պատահի , բա մեզ ո՞վ պիտի ծաղրի: Զոհվես, ազգի առաջ պարտական կմնանք: Գնա՛, այ մարդ, քո գործն ուրիշ է, գնա՛ գործովդ զբաղվիր,- կամավորների շարքից հանելով՝ ասում է Սպարապետը:
Եվ, չնայած Լեռ Կամսարն անկուսակցական էր, բայց իշխանության եկած դաշնակցականները հարգանք և հոգածություն ունեին նրա սուր գրչի հանդեպ: Նրան սիրում էին նաև բարձրաստիճան հոգևորականները՝բոլոր թերթերին հրահանգելով օգտագործել երիտասարդ գրողի ներուժը՝ բուժելու համար հասարակության ախտերը: Իսկ երբ երգիծաբանին առաջարկեցին դառնալ պատգամավոր, նա հրաժարվեց՝ ասելով. «Ես գրելով ավելի օգտակար կլինեմ հայրենիքին»: Եվ նա մնաց «գրականության բարոյական տզրուկը՝ անառողջ արյունը քաշելու համար»,-պատմում է Վանուհի Թովմասյանը:
Լեռ Կամսարն ազգն ու հայրենիքը սիրելու ի՛ր կերպն ուներ՝ քննադատել կատարյալի հավատով. դժվարը հենց այսպիսի հայրենասեր լինելն էր: 1988թ. « Գրակն թերթ«-ի համարներից մեկում ճանաչված գրող Շահեն Թաթիկյանը մի կարևոր հուշ է թողել. նա, 1948թ. հանդիպելով Լեռ Կամսարին, հարցրել էր՝ «Ինչու՞ եք Ձեր ֆելիետոններից մեկում ծաղրել Վանի հերոսամարտը. չէ՞ որ Դուք էլ եք դրա մասնակիցը եղել».
- Ծաղրե՞լ ասացիք….Լավի մասին, դրականի մասին ամենքը գրել են ու շարունակում են գրել: Ես գրում եմ բացասականի, թերությունների մասին, որ դաս լինեն գալիքի համար, որ մարդիկ չկրկնեն սխալները,- դառնորեն պատասխանել էր մեծ վանեցին…
Լեռ Կամսարի «Խաղկ ու խայտառակ» աշխարհը
- Շատ մեծ հայրենասեր, ցեղը սիրող, ազատ մարդ էր Լեռ Կամսարը: Երբեք չէր խոսում ծննդավայր Վանից, ազգային հերոսամարտերից: Նրան հանգիստ չէր տալիս Հայ Դատը, քանի որ դիվանագետի պայծառատեսությամբ կանխազգում էր, որ իր ժողովրդի ողբերգությունը օտար պետությունների համար դառնալու է «փրկարար չիբան»՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու և զիջումներ կորզելու համար,-ասում է տիկին Վանուհի Թովմասյանը և, բացելով Լեռ Կամսարի «Խաղկ ու խայտառակ աշխարհը» ժողովածուն, ընթերցում է «Բժիշկները» պամֆլետը՝գրված դեռևս 1922թ., որտեղ նա մերկացրել է իրենց մարդու իրավունքների պաշտպան հռչակած պետությունների վարած դիվանագիտությունը.
«Ժամանակ մը այն կարծիքը կար, որ իբր թե բժիշկներն են, որ կապրեցունեն հիվանդները , իսկ այսօր կարելի է բաց հայտարարել, որ ոչ, հիվանդներն են, որ կապրեցունեն բժիշկները: Մեռնող հիվանդները ողջացողներուն հավասար վնասակար են բժիշկներուն համար…Հիվանդ մը կճանչնամ, որ սա քառասուն տարիե ի վեր պառկեր է ու բժիշկները թափած գլխուն կաշխատեն, որ ոչ մեռնի, ոչ ապրի. այդ հիվանդին անունը «Հայկական հարց է»:
Ուշադրությունս են գրավում Երգիծաբանի օրագրություններից մի քանի էջեր՝ գրված դեռևս 1947թ. դեկտեմբերի 27-ին: Գրողը մտորել է Հայ Դատի և պատմական արդարությանը հասնելու ուղիների մասին.
«Հայկական հարցն, հավանաբար, ոչ թե հայերիս, այլ օտարների ստեղծածն ըլլա. վասնզի անիկա կոտորածէ զատ ոչինչ չէ բերած մեր ազգին : Այդ «հարցն» փուշ մըն եղած է հայ ազգի բոկոտն ոտներուն խրված…»,- խոր վշտով գրել է երգիծաբանը: Եվ բոլոր մեծերի նման Լեռ Կամսարը ևս ցույց է տալիս ազգային շահն առաջ տանելու՝ դարերով ապացուցված ճշմարիտ ճանապարհը՝ «Աշխարհն ղեկավարող միակ օրէնքն ուժն է»: Լեռ Կամսարի համար այդ ուժն ազգային համախմբվածությունն էր՝ միավորված մեկ ընդհանուր գաղափարի շուրջ.նրա ՝դեռևս 1917թ.-ին՝ նախախորհրդային շրջանում գրված «Ազգային հիմն» պամֆլետն այսօր էլ շատ ուսանելի է՝ մեր ազգային կյանքը ճիշտ կազմակերպելու համար.
«Այս առիթով կուգամ պաղատագին աղերսելու ձեզ, ո~վ հայ կուսակցություններ՝ ներկա, անցյալ և ապառնի, մեկ օրով, միայն մեկ օրով մոռացեք ձեր ծրագիրները և եղեք հայ ազգ… տեսնենք ի՞նչ ձևի բան կըլլա: Ես կյանքիս մեջ բնավ հայ տեսած չեմ. թուրք տեսեր եմ, գերմանացի տեսեր եմ, բայց հայ՝ ոչ: Միացե՛ք նախ տեսնենք՝ ամբո՞ղջ եք, բան-ման չի՞ պակսեր ազգ դառնալու համար. երկրորդ՝ միացեք պզտիկ հիմն մը լմննամ, անկե վերջ ձեզի նշան կընեմ՝ ամեն մարդ իր ծրագրին գլուխը»:
- Լեռ Կամսարը միայն ազգային արատները չէ, որ մատնանշում էր: Նա ձաղկել է նաև համամարդկային և քաղաքական թերությունները , որոնք ազգություն և ժամանակ չեն ճանաչում:Նրա համար ազգություն չունեին նաև մարդկային ողբերգությունները,- ասում է Վանուհի Թովմասյանը և, թերթելով «Հալոցք» գիրքը, շարունակում:- Այստեղ տեղին է հիշել 1960թ. գրված օրագրության այս հատվածը.
«Իբրև հաշվով ապրող ազգ Եվրոպայում հայտնի են գերմանացիք: Նրանց տանտիրուհիները կերակուրը պատրաստելիս խոհանոցային սեղանի վրա ունեն շատ նուրբ կշեռքներ. կերակուրի աղն ու պղպեղն անգամ կշռելու համար: Միսը գրամների հաշվով համապատասխանեցնում են ուտողների քանակին: Այս հաշվով հետաքրքիր է իմանալ, երբ 1915 թվին իր թուրք մսագործի ձեռքով մորթեց մեկուկես միլիոն հայություն , այդ քանի՞ մարդու համար էր կերակուր պատրաստում Գերմանիան: Ու՞մ էր խնջույքի կանչել , որ ինքն անձամբ վեց միլիոն հրեա կոտորեց, և խղճի ո՞ր կշեռքով կշռեց այդ «մթերքը»:
Գերմանիա՛ , փիլիսոփաների երկիր , չիմացա՞ր, որ ով ծնվում, աշխարհ է գալիս , նա իրավունք ունի ապրելու մինչև իր բնական մահը:
Գերմանիա՛, Բեթհովենի երկիր, նրա որերո՞րդ սիմֆոնիան էին հիշեցնում միլիոնավոր զոհերիդ լեղաճաք կանչերը: Աշխարհի ո՞ր պետությունը իրավունք ունի քեզանից ավելի մտածող , քեզանից ավելի զգայուն լինել: Ինչպե՞ս հաջողեցիր այդքան արվեստագետների ու փիլիսոփաների արանքում այդքան գազան մնալ»:
- Տիկի՛ն Վանուհի, Լեռ Կամսարն այն ճշմարիտ մտավորականներից էր, ով անհատի պաշտամունքի ժամանակաշրջանում անգամ անդավաճան մնաց իր «զենքին»: Ի՞նչ է նա Ձեզ սովորեցրել,- հարցնում եմ:
- Ազատ ու ճիշտ մտածել: Նա, իրոք, մեծ Ուսուցիչ է:
- Ո՞րն է նրա ուղերձը մեզ՝ իր չտեսած անկախ Հայաստանը կառուցող սերնդին:
- Սիրել Ճշմարտությունը: Եվ հանուն այդ ճշմարտության պատրաստ լինել անձնազոհության: Ինքն ազատ մարդ էր:Նա իր ապրած կյանքով ապացուցեց, որ Ազատությունը բացարձակ արժեք է, որը մարդու հետ ծնվում է, շնչի հետ դուրս գալիս: Եվ ես ուրախ եմ, որ այսօր շատ երիտասարդներ են հետաքրքրված Լեռ Կամսարով: Նա վերադառնում է: Բայց լիարժեք վերադարձը կլինի այն ժամանակ, երբ նրա ամբողջ գզրոցային գրականությունը կդրվի ընթերցողի սեղանին: Եվ ես կվերադարձնեմ իմ Լեռ Կամսար-Արամ պապին…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել