
Բաց նամակ Վիգեն Սարգսյանին
Հարգելի պրն. Սարգսյան,
Կարդացի «Լույս» հիմնդրամի ուսանողների հետ կայացած Ձեր հանդիպման սղագրությունները՝ հրապարակված Մեդիամաքս կայքում: Անցումային շրջանում գտնվող երկրների ընձեռած հնարավորությունների և երկում իրականացվող փոփոխություններին մասնակցելու մասին Ձեր հոյակապ ելույթը ինձ անչափ ուրախացրեց, քանի որ առաջին անգամ գրեթե բառացի լսեցի իմ իսկ սեփական սկզբունքների արտահայտումը: Ուրախ եմ, որ մեր կառավարությունում նման համոզմունքների տեր մասնագետ է աշխատում: Բայց Ձեր ելույթը ինձ նաև ցավ պատճառեց: Գիտեք, չկա ավելի դաժան բան, քան հերոսության ոգեկոչումը, երբ պայքարը ոչ թե բաց մարտահրավերի, այլ ականապատ դաշտի դեմ է:
Ես Եվա Սարգսյանն եմ, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, «Լույս» հիմնադրամի 2010 թվականի շահառու: Որպես տեսաբան և քննադատ՝ ես Հայաստանում գործող մի քանի մասնագետներից մեկն եմ, իսկ ըստ իմ նեղ մասնագիտացման ճարտարապետության սոցիոլոգիայի և լրագրության մեջ՝ թերևս միակն եմ երկրում: Կարծում եմ` Ձեր փորձի ու գիտելիքների տեր մարդուն կարիք չկա շատերի նման մեկնաբանելու, թե ինչ է այս մասնագիտացումը, և որքանով է այն կարևոր և կիրառելի Հայաստանի ներկա խնդիրների ու մարտահրավերների լուծման հարցում: Իհարկե, գուցե իր կիրառելիության հնարավորություններով և ակտուալությամբ այս մասնագիտությունը զիջում է այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, իրավաբանությունը, տարբեր ոլորտների կառավարումը և այլն, որոնք անմիջապես կապված են փողի և կրկին ու կրկին փողի հետ: Ես հասկանում եմ, որ Հայաստանի համար այսօր առաջնային խնդիրները պրագմատիկ և առավելապես արտաքին անվտանգության հետ կապված հարցերն են, և որ քաղաքի ու քաղաքացու կերպարի և փոխհարաբերությունների կերտման, քաղաքային մշակույթի ու ճարտարապետական ավանդույթի ստեղծման կամ գոնե շարունակականության պահպանման հարցերը փողի իշխանության դարում տասներորդական են: Չնայած, գուցե և սխալվում եմ, ի վերջո մեր պաշտոնյաները հաճախ հնչեցրել են այն կարծիքը, որ եթե երկիրը ծանր սոցիալական վիճակում է, դա չի նշանակում, որ մենք չպետք է նյութականի ու մարմնականի հարցերից անդին չմտածենք:
Թույլ տվեք Ձեզ ներկայացնել իմ պատմությունը և ուղղել Ձեզ մի քանի հարց՝ Ձեր ելույթում հնչած համոզմունքները կյանքի որոշ իրողությունների հետ համատեղելու վերաբերյալ: 2011-ին Լոնդոնի Քոլեջ Համալսարանում ուսումս ավարտելուց հետո ես անմիջապես վերադարձա Հայաստան: Պատճառը Ձեր ելույթի թեման էր՝ հավատը երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորության հանդեպ ու այդ փոփոխությունների հանդեպ սեփական պատասխանատվության գիտակցումը: Այդ փոփոխությունը ես տեսնում էի մեկ ֆունդամենտալ հարցում՝ խոսքի և հաղորդակցման մշակույթի սերմանման մեջ, հատկապես իմ՝ ճարտարապետական ոլորտում, որտեղ, թերևս, կիրթ և գրագետ հաղորդակցման բացակայությունը ակտիվ բախումների է բերում քաղաքի և իշխանությունների միջև: Եկեք ընդունենք, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում այսօր մեծապես ճարտարապետական խնդիրներին մասնակից լինելու շնորհիվ է ձևավորվում: Իսկ որքանո՞վ է այդ նորաստեղծ քաղաքացիական հասարակությունը քաղաքավարի ու նպատակային կիրառում իր քաղաքացիական իրավունքները: Չէ՞ որ սա արդեն ներքին անվտանգության հարց է, որը ոչ պակաս կարևոր է, քան արտաքին անվտանգության հարցերը և հաճախ կարող է նույն արտաքին անվտանգության խաթարման պատճառ հանդիսանալ:
Հենց այս և բազմաթիվ այլ հարցերն էին, որոնց շուրջ փոփոխություններ իրականացնելու ցանկությունը ինձ ստիպեց ուսումս ավարտելուն պես ետ գալ Հայաստան: Ես մշակել էի ծրագրեր այդ փոփոխություններն իրագործելու համար, որոնց վրա աշխատել եմ մինչ Լոնդոն մեկնելը մասնավոր սեկտորում, սակայն 2011-ին, երբ ես վերադարձա, այդ ծրագրերի իրականացումը հասունացել էր պետական աջակցության մակարդակի: Առիթը իրեն երկար սպասել չտվեց: 2011-ի ամռանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Լույսի» ուսանողների հետ հանդիպման ժամանակ ես զրույց ունեցա վարչապետի հետ՝ ներկայացնելով ճարտարապետական և քաղաքաշինական հարցերի գծով հանրային կապերով («հանրային կապեր» բնորոշումը պայմանական է, քանի որ առաջարկվող հաստատության գործառույթները շատ ավելի բարդ են) զբաղվող կառավարությանը կից հաստատության ստեղծման խնդիրը: Վարչապետն անձամբ կարևորեց նման հաստատության գոյությունը՝ հավաստելով, որ ինքը նույնպես մտածել է նման մի բանի մասին, և առաջարկեց իրեն ներկայացնել դրա հիմնադրման ծրագիրը, որի վրա ես այն ժամանակ արդեն աշխատում էի: Ծրագիրը ներկայացվեց իրեն՝ ըստ պայմանավորվածության, բայց պատասխան չկար: Մոտ կես տարի սպասելուց հետո և բազմիցս պատասխանի հետամուտ լինելուց հետո վերջապես այն եկավ քաղաքաշինության փոխնախարարի կողմից՝ մերժումով: Պատճառը միշտ նույնն է՝ փող չկա: Զարմանալի, բայց դասական պատասխան: Լավ, փող չկա, փող միշտ չկա: Իսկ այդ փոփոխությունների իրականացումը երկրում ինչպե՞ս եք տեսնում առանց փող ներդնելու:
Դուք ասում եք՝ մենք «մեծ փոփոխության ժամանակում ենք...շատ հեշտ է փոփոխություն բերել այս շրջանում»: Ես համաձայն եմ Ձեր այս պնդման հետ, ավելին՝ ինքս առաջնորդվել եմ այդ սկզբունքով՝ հավատալով, որ չկա ավելի պարարտ դաշտ փոփոխություններ բերելու համար, քան դատարկ դաշտը: Հայաստանը դատարկ կամ կիսադատարկ դաշտ է շատ բնագավառներում և հատկապես իմ՝ ճարտարապետության բնագավառում: Թույլ տվեք խոսքս չծանրացնելու համար այստեղ չմեկնաբանել այս պնդումը: Շատերը կարծում են, որ եթե իրենց մասնագիտության համար շուկա չկա, ուրեմն իրենք անելու բան չունեն այդտեղ: Իսկ ես հակառակն եմ կարծում, չկա ավելի հարմար շուկա, քան դատարկ շուկան: Ստեղծիր ինքդ այդ շուկան, ցանիր քո սերմը, ջրիր, վարիր, աճեցրու քո դաշտը, բեր այդ փոփոխությունը երկրիդ և ինքդ քեզ համար ինքնուրույն, առանց ապավինելու արտաքին բարենպաստ պայմաններին, նույնիսկ այդ չարաբաստիկ փողին: Ես հավատացել եմ այս սկզբունքին, մինչ օրս հավատում եմ, հակառակ դեպքում հինգ տարուց ավել անվարձահատույց, սեփական միջոցների հաշվին չէի զբաղվի ճարտարապետական և մշակութաբանական վերլուծություններով՝ փորձելով ներդնել խոսքի և հաղորդակցության մշակույթը մեր ակտիվ քաղաքացիական հասարակության շրջանում: Եվ այսօր էլ, նույնիսկ գտնվելով Հայաստանից դուրս, ես դեռ աշխատում եմ այդ ծրագրերի կազմակերպման ուղղությամբ ու հավատում, որ դրանք կիրականան ու իրենց օգուտը կբերեն երկրին: Դուք ասում եք՝ «իքնս ինձ համար ես որոշել էի, որ իմ գիտելիքներն ու հմտությունները կարող եմ օգտագործել եւ դրանք օգտակար կլինեն իմ երկրի պետական ինստիտուտները կառուցելու գործում»: Ես նույնպես կարծում էի, որ այն հմտություններն ու գաղափարները, որ ես ունեմ, լավագույնս կարող են ծառայեցվել առաջին հերթին հենց պետական ինստիտուտներ կառուցելու գործին: Չէ՞ որ առաջին հերթին հմուտ աշխատող պետական ինստիտուտներն են, որ հիմք ու խթան են հանդիսանում երկրում ենթակառուցվածքների զարգացման համար: Ի՞նչպես կարող ենք մենք ունենալ առողջ շինարարական շուկա և գրագետ ճարտարապետական մշակույթ, քաղաքակիրթ կերպով իրականացվող ներդրումային և քաղաքաշինական ծրագրեր, եթե դրանց ետևում չկան ուժեղ մասնագիտական պետական կամ կիսապետական ինստիտուտներ: Վերջին տարիներին ինձ այլ առիթներով հնարավորություն ընձեռվեց այդ խնդիրներին ուղղված ծրագրեր ներկայացնել կառավարության այլ ներկայացուցիչների, բայց արդյունքը միշտ նույնն էր՝ անհետաքրքրվածություն: Դուք բոլորիցս լավ եք ծանոթ մեր ներկա և անցյալ կառավարությանը, նրա ստրատեգիաներին ու վարած քաղաքականությանը: Անկեղծորեն ասեք, խնդրում եմ, Դուք հավատու՞մ եք նման ինստիտուտների կառուցմանն ու դրանցում համակարգային փոփոխությունների հնարավորությանը:
Դուք ասում եք՝ «Մասնագիտական կարիերան սկսելիս սկզբունքային նշանակություն ունի հասկանալ և որոշել, թե ինչ եք դուք ցանկանում կյանքից»: Լոնդոնի համալսարանում իմ ավարտական քննության ժամանակ ծրագրի ղեկավարս ինձ ներկայացրեց քննական հանձնաժողովին որպես երիտասարդ ճարտարապետ Հայաստանից, ում նպատակն է վերադառնալ երկիր և մասնակցել այնտեղ փոփոխություններ բերելուն: Դա ինձ սթափեցրեց, ճիշտն ասած: Մի՞թե մի ամբողջ տարվա շփումից և հարյուրավոր մասնագիտական հարցերի շուրջ զրուցելուց ու քննարկելուց, համատեղ սերտ աշխատանքից հետո դա է իմ մասնագիտական էությունն ամբողջացնող մեկ նախադասությունը, որը ղեկավարս համարեց լավագույնը ինձ ներկայացնելու համար: Փաստորեն՝ այո: Ինձ համար սովորական էր ցանկացած գլոբալ տեսություն կամ մասնագիտական գործիք, որը մենք քննարկում էինք ծրագրի շրջանակներում, կիրառել Հայաստանի ճարտարապետական ոլորտի խնդիրների մեկնաբանման օրինակով: Եվ դա մատնում էր իմ հավատամքը, իմ մտահոգությունը ու հիմնական նպատակը: Հայաստան: Փոփոխություններ Հայաստանում: Դուք ասում եք՝ «ես միանգամայն վստահ եմ և ասում եմ իմ անձնական փորձից. դուք հնարավորություն ունեք լինել այստեղ եւ մասնակցել փոփոխություններին»: Իսկ ես Ձեզ ասում եմ՝ ես ուզում եմ լինել այդտեղ և մասնակցել փոփոխություններին, ավելին, ես ունեմ կարևոր փոփոխությունների ու բարեփոխումների ծրագրեր: Ես կարո՞ղ եմ լինել այդտեղ:
Դուք ասում եք՝ «վերադարձեք և ձեր մասնագիտական ներդրումն ունեցեք մեր Հայաստանի առաջընթացի գործում»: Ես բազմիցս գայթակղիչ հնարավորություններ թողնելով ետևում` վերադարձել եմ Հայաստան՝ Հոլանդիայից, Շվեդիայից, Լոնդոնից: Եվ հիմա նորից պատրաստ եմ խաղաղ, կայուն և շատ հեռանկարային կյանքը Եվրոպայում թողնելով` վերադառնալ Հայաստան` իմ մասնագիտական ներդրումն ունենալու համար Հայաստանի առաջընթացի գործում: Բայց Հայաստանն ուզու՞մ է, որ ես վերադառնամ: Իսկ Հայաստանին պե՞տք են իմ մասնագիտական ներդրումները: Սրանք հռետորական հարցեր չեն: Ես անկեղծորեն ուզում եմ Ձեր կարծիքը ու մեկնաբանությունները լսել, պրն Սարգսյան:
Կրկին թույլ տվեք շնորհավորել Ձեզ հոյակապ և ոգևորիչ ելույթի առիթով:
Հարգանքներով և պատասխանի ակնկալիքով՝
Եվա Սարգսյան
02.08.2014
Սենտ, Ֆրանսիա
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել