
Շահում եք դուք, շահում է ո՞վ. «Շահող կտրոնի» գլուխկոտրուկը
Անի Հովհաննիսյան,
Մարինե Մադաթյան
«Հետքն» ամիսներ առաջ նամակ էր ստացել ընթերցողից, ով կասկած էր հայտնել, թե «Շահող կտրոն» վիճակախաղում անհավանական պատահականություններ են տեղի ունենում: «Լեհեմջյան Հովսեփ, Լեհեմջյան Հարություն. նույն ամսում ավտոմեքենա շահած երկու քաղաքացիներ: Համաձայնեք, բավական հազվադեպ հանդիպող ազգանուններ են: Ամեն դեպքում, փորձեցի ստուգել http://www.elections.am կայքում. Հայաստանում միակն են, գրանցված են նույն հասցեում, ամենայն հավանականությամբ` հայր և որդի: Երկուսն էլ Նոր տարուց առաջ ավտոմեքենա են շահել «Շահող կտրոնով»: Այսպիսի դեպքերում ասում են «Հավանականության տեսության հերն անիծեցիք…»»,- գրել էր մեր ընթերցողն իր նամակում:
«Հետքը» պարզեց, որ իրականում հայր և որդի Հովսեփ և Հարություն Լեհեմջյանները 2013թ. նոյեմբերին, մեկ օրվա տարբերությամբ գնում կատարելով «Արամ Առաքելյան Ա/Ձ»-ին պատկանող խանութից, շահել են մեկական ավտոմեքենա: Ընթերցողի նամակում շարադրվածը մեզ նույնպես անհավանական էր թվում, մինչև որ կարողացանք պարզել «հրաշքի» մեխանիզմը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքերն իրենց համար սովորական են: Եղել է նաև այնպիսի խաղարկություն, երբ նույն մարդը մեկ ամսում շահել է երկու ավտոմեքենա և երեք հեռախոս:
«Բացառիկ» պատմությունները պատճառ ունեն
Մինչև մանրամասնելը, թե ինչպես կարող էր Լեհեմջյանների կամ փոխնախարարի նշած քաղաքացու բախտը այսպես բերել, նախ ներկայացնենք շահող կտրոնի մեխանիզմը:
Ենթադրենք որևէ ամսում վիճակահանությամբ պարզված շահող հատուկ համարն է հետևյալ ութանիշ թիվը 12456785: Կառավարության 2011թ. 1563-Ն որոշմամբ` մեքենաներ կարող են շահել առաջին կամ վերջին նիշից սկսած 8, 7, 6, 5 թվերի համընկնմամբ, բայց գործարքի առավելագույն արժեք ունեցող ՀԴՄ կտրոնները: Այսինքն` շահող կարող են համարվել այն կտրոնները, որոնց դարձերեսին տպված թվում առկա է 12456785,1245678, 124567, 12456 հաջորդական թվերը և նույնը` հակառակ հաջորդականությամբ` 58765421,5876542, 587654, 58765:
Նույն պատմությունն է ոչ միան փոքր շրջանառություն ունեցող ԱՁ-ների, այլ խոշոր հարկատուների դեպքում: Մենք խոսել ենք «Շահող կտրոն» վիճակախաղի 2013թ. մեքենա շահած 73 անձանց հետ՝ պատահական ընտրությամբ: Պարզվեց, որ 2013թ. ապրիլին 15 շահողներից 8-ը շահող կտրոնը ձեռք էին բերել «Սաս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող Կոմիտասի «Սաս» սուպերմարկետից, իսկ հուլիս ամսին՝ 15 ավտոմեքենաներից 9-ը շահել էին «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետի Զեյթունի մասնաճյուղից: Մնացած ամիսներին «Ալեքս Գրիգ»-ն ու «Երևան սիթի»-ն շահող կտրոն տրամադրելու հարցում նման ակտիվություն չեն ցուցաբերել:
Ինչպե՞ս է ստացվում, որ խոշոր հարկատուներ «Սաս գրուպն» ու «Ալեքս Գրիգը» տարվա մեջ ընդամենը մեկ ամիս տրամադրում են գրեթե նույն քանակի մեքենա շահող կտրոններ, իսկ մնացած ամիսներին՝ առավելագույնը մեկ-երկու կտրոն:
Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը մեր այս դիտարկման մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում: «Դա նշանակում է, որ «Սասը» կամ մյուս ընկերությունը` «Սիթին», պարզապես շահող ռուլոնը հերթական համարներով տվել է մի մասնաճյուղի։ Եթե ստացվի այնպես, որ մեկ ամսվա ընթացքում նույն խանութից հինգ հոգի շահեն, դա լրիվ օրինաչափ է։ Բնականաբար, եթե սուպերմարկետ է, օրինակ, սուպերմարկետում առևտրային հոսքերը, բնականաբար, ավելի շատ են, և ավելի շատ են կտրոններ տպվում, քան մնացած խանութներում: Բնականաբար, այդ տնտեսվարող սուբյեկտի մոտ շահումների հավանականությունը ավելի է մեծանում»,- ասում է Վախթանգ Միրումյանը: Վերջինիս հիմնավորմամբ՝ նույն խանութից մի քանի շահող կտրոն տրամադրելը ունի հետևյալ երկու հիմնական պատճառները.
- Շահող ռուլոնը հայտնվում է կոնկրետ ընկերությունում:
- Որքան մեծ է այդ ընկերության առեւտրաշրջանառությունը, այնքան շատ շահող կտրոն այն կարող է տրամադրել:
Վ. Միրումյանի այս հիմնավորումները անտրամաբանական են հետևյալ պատճառաբանությամբ.
- Շահող ռուլոնին միևնույն ամսում կարող են տիրապետել մի քանի հարկատուներ: Ութանիշ թվից առաջ կա նաև տառային կոդ, որը տարբերակում է դնում ռուլոնների միջև: Օրինակ` 2013թ. հոկտեմբերին «Արգոլի» ՍՊԸ-ն իր գնորդին տրամադրել է մեքենա շահող ԱԿ 48348179 Թ կտրոնը, նույն ամսում «Կանաչ սար» ՍՊԸ-ն ԱԿ 48348179 Է շահող կտրոնը: Ինչպես տեսնում ենք, երկու տարբեր հարկատուների մոտ հայտնվել է նույն ութանիշ կոդը:
- Եթե նույն ամսում միևնույն ընկերության կողմից տրամադրվում է 8-9 կտրոն, նշանակում է, որ նույն պատկերը պետք է կրկնվի նաև մյուս ամիսներին:
Սրանից կարելի՞ է ենթադրել, որ որոշ ամիսների խոշոր հարկատուներ «Սասն» ու «Սիթին» կարողանում են ճողոպրել եւ քիչ թվով կտրոններ են տրամադրում:
Օրեր առաջ ինքներս ականատես եղանք, որ խոշոր հարկատու «Սաս գրուպ» ՍՊԸ-ի Թումանյան 31-ի մասնաճյուղը կտրոն չի տրամադրում: Օգոստոսի 20-ին ժամը 00:07-ին 650 դրամ արժողությամբ գնում կատարելով «Սասի» վերոնշյալ մասնաճյուղից՝ մենք ստացանք հաշիվ ապրանքագրի կտրոնը՝ առանց ՀԴՄ կտրոնի: Աշխատակցուհին արդեն սպասարկում էր հաջորդ հաճախորդին, երբ խնդրեցինք տրամադրել նաեւ ՀԴՄ կտրոնը: «Անպայման»,- ասաց աշխատակցուհին եւ մեր գնման դիմաց տրամադրեց 8 րոպե առաջ տպված, 760 դրամ արժողության մեկ այլ գնման չշահած կտրոն:
Արդյո՞ք «Սաս գրուպը» ռիսկի կենթարկեր իրեն, եթե որոշակի պայմանավորվածություն չունենար Պետեկամուտների կոմիտեի հետ:
2010-2012թթ. Պետեկամուտների կոմիտեն ավտոմեքենաների գնման պայմանագիր է կնքել «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ի հետ, որը ամսական 15 մեքենա է մատակարարել՝ որպես վիճակահանության պարգեւավճար: «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ն այս պահին ֆինանսական խնդիրներ ունի, փակվել է ավտոսրահը, սակայն սպասարկման կետն ու գրասենյակը գործում են: Ընկերության փոխտնօրեն Լեւոն Մելիքյանը «Հետքին» հայտնեց, որ ֆինանսական դժվարությունները որեւէ կապ չունեն «Շահող կտրոն» վիճակախաղի հետ:
Սակայն վիճակահանության մեքենաներ ՊԵԿ-ին մատակարարելը ոչ միայն արդյունավետ գործարք չի եղել նրանց համար, այլ ինչ-որ առումով վնասել է ընկերության բիզնես շահերին. «Սկզբում շատ ուրախացանք, որ մրցույթը շահեցինք, բայց հետո տխրեցինք, որովհետև դա ինչքան օգտակար էր, նույնքան էլ` վնասակար: Այդ մեքենաները, որոնք մեր մոտից պետք է վաճառեինք, հայտնվում էին այն մարդկանց ձեռքում, ում մեքենա պետք չէ: Իրենք մեքենան վաճառում են ավելի էժան գնով, քան կար իրականում: Այդպիսով մեր մեքենայի գինն էին գցում, նաեւ` այդ մեքենան մեր մոտից չէր վաճառվում, որովհետեւ շահողը նույն մեքենան վաճառում էր շատ ավելի էժան գնով: Այնպես որ, մենք չենք նեղվել երբեք, երբ չենք շահել տենդերը: Հասկացանք, որ դա դրական բան չէ, այլ բացասական է»,- ասաց «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լեւոն Մելիքյանը:
Մեքենա շահած 73 հոգու շրջանոմ կատարած մեր հարցման արդյունքում պարզվեց, որ նրանց ճնշող մեծամասնությունը վաճառել է մեքենան: Եղել է դեպք, երբ շուկայական 5 միլիոն դրամ արժողությամբ «Դեվու Նեքսիան» վաճառվել է 1,5 միլիոն դրամով: Թե ինչու այդքան էժան, մեր զրուցակիցը պատասխանում է. «Պարտքեր ունեինք»: «Դեվու Նեքսիա» մեքենայի վաճառքի առավելգույն գինը եղել է 3,5 միլիոն դրամ:
Շահում եք դուք, շահում է ո՞վ
Թե ինչն է ստիպում ՊԵԿ-ին շուրջ 3 տարի շարունակ ամսական 15 մեքենա նվիրել քաղաքացիներին, «Ուզավտո Հայաստան» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լեւոն Մելիքյանը պատասխանում է. «Մարդկանց հարկերի հաշվին ստացած եկամուտով են փակում: Ճիշտ է՝ Ֆինանսների նախարությունն ինչ-որ գումար տրամադրում է դրան, այսինքն՝ եթե մարդ գիտի, որ կարող է շահել, պահանջում է կտրոնը: Ինձ թվում է՝ մի քանի անգամ ավել գումար է մտել բյուջե, որի հաշվին էլ ամսական տասնհինգ մեքենան տալիս են»:
![]() Վարչապետի կնոջ սուպերմարկետը ՀԴՄ կտրոն չի տրամադրում |
Պետական բյուջեից ՊԵԿ-ի հայտի համաձայն դուրս գրված գումարը, որը նախատեսված է պարգեւավճարներ տրամադրելու համար, ոչ բոլոր ամիսներին է ամբողջությամբ սպառվել: Կառավարության որոշմամբ ՊԵԿ-ն ունի «Բազային պարգեւավճարների հիմնադրամ», որտեղ էլ կուտակվում են չշահած պարգեւավճարները:Երբ ուսումնասիրում էինք 2013թ. մեքենա շահած անձանց ցուցակները, որոնցում առկա էին նաեւ շահող կտրոններ տրամադրած հարկատուների մասին տվյալներ, պարզվեց, որ դրանց մի մասն այժմ լուծարված է: Եւ այդ չգործող հարկատուների մեծ մասը փոքր շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերեր են: Նրանցից մեկը` «Մարատ Եղիազարյան» ԱՁ-ն, մեկ ամսում տրամադրել էր երեք շահող կտրոն: Թե ինչու է փակվել Մարատի մթերային խանութը, նա չցանկացավ մանրամասնել: «Պարտքեր եմ ունեցել»,- ասաց նա` ավելացնելով, թե որոշել է ուրիշ բիզնես սկսել:
«Բազային պարգեւավճարների հիմնադրամի» կուտակումների եւ հոսքերի մասին կգրենք մեր հաջորդ հրապարակման մեջ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել