
ՈւԵՖԱ-ում կույրե՞ր են աշխատում, թե՞ երեսպաշտներ
Եվ այսպես՝ ՈւԵՖԱ-ն մերժեց Իռլանդիա-Հայաստան խաղում Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ համարելու ՀՖՖ-ի խնդրանքը: Եվրոպացի ֆուտբոլային չինովնիկների այս քայլը ցանկացած ողջամիտ, առավել եւս հայ երկրպագուի մոտ առաջացնում է զայրույթ եւ դառը քմծիծաղ: Ընդամենը կարելի է արձանագրել մեկ փաստ. ՈւԵՖԱ-ում, մասնավորապես՝ դրա ղեկավարությունում եւ մրցավարական ու կարգապահական մարմիններում կամ ֆիզիկապես ու մտավոր կույրեր են աշխատում, կամ էլ այդ մարդիկ օսլայած օձիքներով ու փողկապներով սովորական երեսպաշտներ են, որոնց մոտ խղճի ու արդարության զգացման ակնհայտ դեֆիցիտ կա: Չի բացառվում նաեւ այս երկուսի միաժամանակյա առկայությունը:
Ամբողջ աշխարհը տեսավ, քննարկեց ու քննադատեց բասկ Իտուրալդեի անգրագետ սխալը, այդ մասին խոսեց նաեւ դրվագի գլխավոր հերոս Սայմոն Քոքսը, հենց որն էլ արժանի էր ձեռքով խաղալու համար դեղին քարտով պատժվելուն: Բայց ՈւԵՖԱ-ն տարօրինակ համառությամբ կրկնեց մրցավարի սխալը:
45-ամյակը բոլորող Իտուրալդե Գոնսալեսը օրենքով այլեւս չի դատի միջազգային խաղեր, սակայն հարց է, թե եթե շարունակեր էլ, արդյո՞ք ՈւԵՖԱ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկեր իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից Գոնսալեսին ժամանակավոր հեռու պահելու կամ կանոնադրությամբ նախատեսված այլ ձեւով նրան պատժելու համար: Դատելով ՈւԵՖԱ-ի անարդար մերժումից ու մի շարք այլ հանգամանքներից, մասնավորապես նրանից, որ մրցավարական կոմիտեի նախագահը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Անխել Վիլյարն է, իսկ համաշխարհային ֆուտբոլն էլ ամեն օր ցնցվում է նոր կուլիսային սկանդալներից՝ կարելի է ենթադրել, որ իսպանահպատակ Գոնսալեսը առանձնապես անհանգստանալու տեղ չէր ունենա:
Բայց տգետի համբավ ձեռք բերած այս մարդուն թողնենք մի կողմ ու կենտրոնանանք Բերեզովսկու մեկխաղյա որակազրկման վրա: Երբ, օրինակ, եվրոպական գրանդ թիմերը դիմում ու հետեւողականերոն բողոքարկում են իրենց ֆուտբոլիստների ու մարզիչների որակազրկումները չեղյալ հայտարարելու կամ մեղմելու համար, հաճախ հասնում են իրենց նպատակին, ինչով մասամբ կամ ամբողջությամբ վերականգնվում է արդարությունը: Բայց երբ խոսքը գնում է Բերեզովսկու դեպքի նման ակնհայտ ու անվիճելի պահերի մասին, ՈւԵՖԱ-ն ինչու՞ է փաստացի արդարացնում մրցավարի կոպտագույն սխալն ու անտրամաբանական որոշում կայացնում:
ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը՝ մսյո Պլատինին ու մյուսները, պատրաստ են ժամերով քարոզ կարդալ ու խրախուսել «Fair Play»-ի՝ «Արդար խաղի» կանոնների տարածումն ու պրոպագանդան աշխարհում, սակայն մի՞թե արդար են գործում իրենք այս պարագայում՝ խախտում չարած Բերեզովսկուն հանիրավի զրկելով թեկուզեւ մեկ խաղից:
Չբացառելով Իտուրալդեին «վերեւներից» տրված պատվերի՝ որպես իռլանդացիների համար փոխհատուցման վարկածը, բայց շարունակելով խիստ կասկածամտորեն վերաբերվել դրա հավանականությանը՝ կուզենայինք շեշտել այն տեսակետը, որն այսօր իշխում է ֆուտբոլում ոչ գրանդ հանդիսացող երկրներում: Ըստ այդմ՝ փոքր երկրներն ու ազգերը իրենցից ավանդաբար ուժեղ համարվողների հետ պայքարում միշտ էլ տուժողի դերում են մրցավարի ու ֆուտբոլային չինովնիկների վերաբերմունքի առումով: Սակայն ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկով 2016 թ. Եվրոպայի առաջնությունից արդեն կիրառվելու է նոր կարգ. մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու է 24 թիմ ներկայիս 16-ի փոխարեն: Սա նախեւառաջ արվել է վերոնշյալ ոչ գրանդ երկրների համար՝ դրանցում մարզաձեւի մասսայականությունն ու դրա նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու նպատակով: Բայց ահա այդպիսի երկրների թվին դասվող Հայաստանին երկրորդ անգամ ծանր հարված հասցնելը մի՞թե չի հակասում այն քաղաքականությանը, որ ընտրել է մսյո Պլատինին: Ի վերջո, ՈւԵՖԱ-ն ոչ թե ուժեղների ու թույլերի, լավերի ու վատերի, այլ հավասար իրավունքներով օժտված 53 անդամների միություն է:
Հ.Գ. Լավ կլիներ, որ ՀՖՖ-ն հետեւողական գտնվեր Բերեզովսկու կարմիր քարտը չեղյալ հայտարարելու դիմումը պնդելու հարցում, ինչի համար կան բողոքարկման ատյաններ: Ու պետք չէ մտածել, առավել եւս մտահոգվել, թե վերոնշյալ մսյոն դրա պատճառով կարող է եւ փոխել իր վերաբերմունքը ՀՖՖ-ի նկատմամբ: Մեր ճիշտը միայն մենք պիտի պաշտպանենք:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել