
Սեբաստիայի հայերը. մեկ հայ՝ յուրաքանչյուր գյուղում
Երբ առաջին դասարան էի, դասարանի տարրական ուսուցչուհիս Հայաստանի մասին առաջին տեղեկություններ հաղորդելիս, ցուցափայտով քարտեզի վրա պատմական Հայաստանի սահմանները ցույց տալով, ասաց, որ թուրքերը ցանկանում էին մեկ հայ թողնել, այն էլ որպես թանգարանի նմուշ: Սեբաստիա ոտք դնելիս ու հայկական ինքնությամբ մարդկանց հետ զրուցելիս առաջին միտքը, որ տարիների հեռվից «շաղափեց ուղեղս», սա էր: Ժամանակին հոծ հայկական բնակչությամբ՝ Թուրքիայի այս հատվածի յուրաքանչյուր գավառակ ու գյուղ այցելելիս էլ անպատճառ մի հայ կգտնվի՝ որպես հարյուրամյա հնության ծրագրի մեսիջ:
Հետո պարզեցի, որ խոսքերի նախահեղինակը Կովկասի փոխարքա Գոլիցինն է, որը, ըստ Լեոյի, հայտնի է որպես «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի հեղինակ:
Բազմաթիվ պատմաբաններ փաստում են, որ, ընդհանուր առմամբ, Ցարական Ռուսաստանն ավելի շատ հակահայկական նյութեր ունի, քան Օսմանյան Թուրքիան,, սակայն հասկանալի (խորհրդային անցյալի) պատճառներով հասարակական լայն զանգվածներն այդ մասին տեղյակ չեն, ու «թանգարանի նմուշ» հայի մասին խոսքերը վերագրվում են թե սուլթան Համիդին և թե Թալեաթին, որն էլ սրբագրվեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմում:
Մշակութաբան Վարդան Ջալոյանն այս առումով ասում է, որ թուրքերը, լինելով արևելյան ժողովուրդ, ի տարբերություն ռուսների, որոնք ավելին կոպիտ և ուղիղ են արտահայտվել, երկերեսանի ու դիվանագետ են, որի պատճառով էլ նրանք միշտ խուսափել են կտրուկ ձևակերպումներից. «Սակայն երկուսի քաղաքականությունն էլ հավասարապես հակահայկական է եղել»:
Սվասը (Սեբաստիան), Կենտրոնական Անատոլիայում գտնվող Թուրքիայի 81 պրովինցիաներից մեկն է, ըստ Թուրքիայի վիճակագրական տվյալների, ունի մոտ 620 հազար բնակիչ, իսկ Սվաս քաղաքի բնակչությունը 300 հազար է, որում հայ համայնքը կազմում է ընդամենը 30 ընտանիք, մոտավորապես 100 մարդ: Ողջ Սեբաստիայում միայն մեկ հայ հայերեն գիտի՝ Երվանդ Միգդիսը, որը քաղաքի կենտրոնում ակնոցների խանութ ունի: Նա էլ որոշ ժամանակ Ստամբուլում է ապրել և այնտեղ է հայերեն սովորել: Սեբաստիա այցելության ժամանակ նա Ստամբուլում էր:
Նույնիսկ Ստամբուլում, որտեղ մեծ հայկական համայնք կա ու 16 հայկական դպրոցներ, շփման լեզուն թուրքերենն է, ինչպես ասում է «Ակոսի» հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը. «Հայերենը թանգարանի նմուշ կզգանք Ստամբուլում. իմ բարեկամիս հետ թրքերեն կխոսիմ»:
Իսկ գավառներում վիճակն ավելի վատ է եղել, ու հայ լինելը մինչև հիմա էլ մարդկանց համար վախի աղբյուր է հանդիսանում, իսկ ծնողներն էլ իրենց երեխաներին արգելել են հայերեն խոսել:
«Մարդիկ մինչև հիմա էլ վախենում են իրենց հայ լինելն ասել, թեպետ հիմա այլևս վախենալու բան չկա, սակայն հին վախը դեռևս սրտներու մեջ է»,- ասում է սեբաստահայ Մուրադը: Նա, սակայն հայերեն սովորել է հենց Սեբաստիայում:
Սեբաստահայ Մուրադ Դյոնդերը, որի հայկական ազգանունը Քիզիրյան է, Սեբաստիայից 15 տարեկանում Ստամբուլ է տեղափոխվել, որից հետո էլ՝ Ֆրանսիա: Նրա հայրը ջաղացպան է եղել Սեբաստիայում, և հաց ունենալու համար թուրքերը նրանց ընտանիքին ձեռք չեն տվել: Նա ասում է, որ Ստամբուլ տեղափոխվելուց հետո շատ են ցանկացել Հայաստան գալ, սակայն խորհրդային կարգերի պատճառով չեն կարողացել:
Մուրադը պատմում է, որ դեռ մինչև 1948 թ. Սեբաստիայում մոտ 150 ընտանիք ու 600 հայ է եղել, սակայն հետո աստիճանաբար, բոլորն էլ գաղթել են: Այն ժամանակ էլ նա հայերեն է սովորել:
«Այդ տարիներին դեռ վերին թաղերում ժողովներ կլլային, էնտեղ կնիկներ կային, որ հայերեն գիտեին ու սովորեցնում էին, ես էլ այնտեղ սովորեցի»,- ասում է նա:
Մուրադը բոլորովին վերջերս 100 սեբաստահայերի խմբի հետ Հայաստան էր եկել, մոտ մեկ շաբաթ պտտվել Հայաստանում և Ֆրանսիա մեկնելուց առաջ այցելել էր հայրենի Սեբաստիա, որտեղ էլ նրան հանդիպեցի:
Սեբաստիայի կենտրոնական փողոցներով քայլելիս նա մեկ առ մեկ ցույց էր տալիս շենքերի առաջին հարկում գտնվող ժամանակակից խանութներն ու նշում, թե այսինչ կամ այնինչ տեղում մոտ 30 տարի առաջ այս կամ այն հայ արհեստավորի ու վաճառականի դուքանն է եղել:
Զարմանալի մարդիկ են հայերը, ինչ արհեստով ասես որ չեն զբաղվել: Նրանցից մեկն էլ Երվանդ Դուրմաջօղլուն է, հայկական ազգանունը՝ Դրդոտյան, որ զինվորական հագուստների դերձակ է ու իր նեղլիկ խանութում զինվորական տարբեր պիտույքներ ու իր կարած հագուստն է վաճառում: Նա ասում է, որ այստեղ 40-ից ավել եկեղեցի ու վանք է եղել, սակայն բոլորը փլեցրել են: Միայն կանգուն է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը գտնվում է զինվորականների տրամադրության տակ: Լուրեր կան, որ հնարավոր է այն վերանորոգվի: Եկեղեցին գտնվում է հայկական գերեզմանոց տանող ճանապարհին և չորս կողմից հսկվում է զինվորականներով, ճանապարհից առանձնացված է փշալարերով:
Մոտակա հայկական գործող եկեղեցին Կեսարիայում գտնվող Գրիգոր Լուսավորիչն է, և շրջակայքի բնակչության կրոնական տարբեր ծիսակատարությունների պահանջմունքը բավարարելու համար տարվա մեջ մի քանի անգամ Ստամբուլից հոգևորական է գալիս:
Գերեզմանոցը, որտեղ հանգրվանել են մոտ 100 սեբաստահայերի աճյունները, նոր է. հին գերեզմանոցի տեղում պատրաստվում են նոր շենք կառուցել: Գերեզմանոցը, սակայն, շատ լքված տեսք ուներ, բոլոր մակագրությունները թուրքերեն են և միայն մի տապանաքարի վրա հայերեն արձանագրություններ կային: Շատերն էլ ընդհանրապես ոչ մի մակագրություն չունեն: Երվանդն ասում է, որ ստեղծված Սեբաստահայերի միության ջանքերով ուզում են բոլորի ազգականներին գտնել և տապանաքարերի վրա հուշատախտակներ դնել: Գերեզմանոցը դարպասով փակ է, բանալիներից մեկը Երվանդի մոտ է, մյուսն էլ՝ պահակի, որին սեբաստահայերով վարձատրում են, որպեսզի հոգ տանի գերեզմանոցն ու ջրի ծառները:
Սեբաստիան, ընդհանուր առմամբ, շատ մաքուր, մարդաշատ և ժամանակակից քաղաք է. հին շերտեր, ի տարբերություն Դիարբեքիրի, գրեթե չկան:
Տեղի ցանկացած բնակիչ քրիստոնյա զբոսաշրջիկներին պարտադիր կտանի դեպի մի տապանաքարի մոտ, որի վրա ոչինչ չկա գրված, սակայն նրանք մի մարդու պես հաստատում են, թե դա Ազիզ Վասիլիուսի գերեզմանն է:
Այն իրենից ներկայացնում է չորս կողմից բազալտե քարով շրջափակված մի փոքրիկ հողակտոր, որի ներսում վարդեր են աճում: Տեղական TV58 հեռուստաընկերության լրագրող Օսման Աքյուզն ասում էր, որ նա հայ կաթողիկոս է եղել, ու նրա մասին ֆիլմ են նկարահանում, սակայն ինքն էլ ասաց, որ հավաստի աղբյուրներ չունեն:
Ազիզ Վասիլիսուսի մասին համացանցում շատ տեղեկություն չկա: Երկար որոնումներից հետո վերջապես պարզեցի, որ վերջինս, իրականում 4-րդ դարում հայտնի Բարսեղ եպիսկոպոսն է, որ տանջանքների ենթարկվելով ի վերջո գլխատվել է: Նա դասվել է սրբերի շարքը: Ի դեպ, ոչ մի հիշատակություն չկա, որ նա հայ է եղել, փոխարենը կան հունական աղբյուրներ, և կաթոլիկ եկեղեցում տոնվում է այս սրբի օրը:
Սեբաստիայից են Դանիել Վարուժանը, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին, Հարություն Կալենցը:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել