
Ինչու՞ է Հայաստանը GMT+4 ժամային գոտում
Ինչպես հայտնի է, աշխարհի երկրները բաժանված են ժամային գոտիների, որոնց սկզբնակետը միջօրեականն է, որն իր հերթին, պատմական պատճառներով, անցնում է Լոնդոնով: Հենց միջօրեականում է, այսպես կոչված, Գրինվիչի ժամը (GMT), և աշխարհի այլ կետերում ժամային գոտին այնպիսին է, որ միջօրեականից յուրաքանչուր 15 աստիճան դեպի արևելք թեքվելիս մեկ ժամ առաջ ենք գնում (դեպի արևմուտք թեքվելիս` մեկ ժամ հետ):
Իր հերթին, 15 աստիճանը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիրն արեւի շուրջը պտտվում է 24 ժամում: Եթե 24 ժամում` 360 աստիճան, ապա մեկ ժամում` 15 աստիճան: Այլ բառերով ասած, եթե արևը երկրի մի կետում ծագում է ինչ-որ պահի, ապա դրանից 15 աստիճան դեպի արևմուտք կետում կծագի ուղիղ մեկ ժամ հետո:
Հայաստանը գտնվում է GMT+4 ժամային գոտում: Այսինքն` Լոնդոնից 4 ժամով առաջ ենք: Սակայն, Հայաստանը գրավում է 43-ից 47 աստիճանների միջև աշխարհագրական երկարությունը, ուստի, կասկածից դուրս, պետք է լիներ GMT+3 ժամային գոտում, որի մեջտեղն անցնում է հենց Երևանով… Իսկ GMT+4-ը տրամաբանական կլիներ նրանց համար, ովքեր գտնվում են միջօրեականից մոտ 60 աստիճան դեպի արևելք: Օրինակ` Թուրքմենստանը կամ Աֆղանստանը:
Երևանը գտնվում է 44-րդ աշխարհագրական երկարության վրա, այսինքն`GMT+3-ի ճիշտ մեջտեղում է |
Շոշափելիությունը
Իսկ ինչո՞ւ է սա կարևոր: Ու թեև այս հարցի կարևորությունը ունի բազմաթիվ բաղադրիչներ, որոնք քննարկվել են դեռևս 17-րդ դարում, մենք կխոսենք դրանցից մի քանիսի վրա:
Հայաստանի բիզնեսը, քաղաքականությունը, սփյուռքն ու անգամ խոպան գնացածների ընտանիքները հիմնականում գործ են ունենում արևմուտքում գտնվող իրենց գործընկերների, ընկերների ու բարեկամների հետ: Սկսած Ռուսաստանի եվրոպական հատվածներից և Սիրիայից` վերջացրած Արևմտյան Եվրոպայով ու ԱՄՆ-ով: Ուստի, եթե մենք մեկ ժամային գոտիով մոտենանք արևմուտքին, ապա օրական մեկ ժամ ավել կկարողանանք շփվել և համագործակցել Հայաստանից դեպի արևմուտք գտնվող մեր գործընկերների, ընկերների ու բարեկամների հետ:
Այսպես, օրինակ, եթե Կալիֆոռնիայի հետ մեր ժամային տարբերությունը 12 ժամ է և այնտեղ գտնվող բարեկամների հետ շփվելու համար պետք է գիշերը չքնել, ապա եթե մենք անցնենք GMT+3 ժամային գոտու, մեկ ժամ ավել կունենանք «Lոսի» մեր բարեկամների հետ շփվելու համար:
Հաջորդ շոշափելի տարբերությունը առողջապահական և տնտեսական է: Ներկայիս ժամային պայմաններում ձմռանը տնից դուրս գալու և գործի գնալու ժամն ավելի շուտ է գալիս, քան արևածագը, ինչի արդյունքում դուրս ենք գալիս դեռևս մութ և շատ ավելի ցուրտ փողոց: Ու թեև այստեղ իր ազդեցությունն ունի նաև գործազրկությունը, սակայն այն, որ մենք ուշ արթնացող ազգ ենք, նաև սխալ ժամային գոտու արդյունք է: Ավելին, եթե հաշվարկենք GMT+3 ժամային գոտիով, ապա կստացվի, որ մենք այդքան էլ ուշ արթնացող չենք:
Նույնը ճիշտ է նաև հայկական «կեսօր» և «օրվա երկրորդ կես» արտահայտությունների համար, որոնք երբեք չեն առնչվում ցերեկվա ժամը 12-ի հետ: Քանի որ ժամը 12-ը գալիս է շատ ավելի շուտ, քան արևը հասնում է իր կիզակետին:
Պատճառները
Որևէ մեկը չի կասկածում, որ պատճառներն այստեղ բացառապես քաղաքական են: Երևանը համապատասխանեցնում է ժամը Մոսկվայի հետ: Իսկ Մոսկվան ժամը արհեստական տանում է դեպի արևելք, քանի որ Ռուսաստանի մեծ մասը Մոսկվայից դեպի արևելք է:
Ակամայից հիշում ենք Իսպանիայի ֆաշիստ առաջնորդ գեներալ Ֆրանկոյին, ով Ադոլֆ Հիտլերին իր դաշնակցությունն «ապացուցելու» համար Իսպանիան արհեստականորեն բերեց GMT+1 ժամային գոտի` ժամը համապատասխանեցնելով Բեռլինի հետ:
Ժամային գոտիների քարտեզ: Աշխարհում եզակի տարածքներ Հայաստանի նման շեղված ժամային գոտի ունեն |
Մեր իշխանությունները, բարեբախտաբար, դեռևս այդ աստիճան կախյալ չեն Մոսկվայից: Պարզապես անկախ Հայաստանի կառավարություններից ոչ մեկը չի մտածել, որ կարելի է 1930 թվականին ընդունված «դեկրետային ժամանակ» կոչվող մոդելը փոփոխել:
Իսկ ահա 1930 թվականի որոշման հիմքերից մեկն այն էր, որ մարդիկ արդեն համատարած լույս ունեին և ժամային գոտի փոխելու արդյունքում մեկ ժամ ուշ էին երեկոյան լույս միացնում, ինչը էլեկտրաէներգիայի էական խնայողության հնարավորություն էր տալիս: Բայց այս 85 տարում շատ բան է փոխվել, և էլեկտրաէներգիայի միայն մի չնչին մասն է ծախսվում լուսավորության վրա:
Համաձայն մոտավոր հաշվարկների` եթե մենք անցնենք GMT+3 ժամային գոտու, հանրապետությունում էլեկտրաէներգիայի ծախսը կավելանա առավելագույնը 0,1 տոկոսով: Ինչը շատ ավելի քիչ է, քան այդ փոփոխության դրական ազդեցությունը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել