HY RU EN

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ ստացան

Երեկվա բողոքի ցույցից հետո այսօր «Վանաձորի-Քիմպրոմ»-ի աշխատողներին մեկ ամսվա աշխատավարձ վճարեցին: Եթե հետևենք ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի` հուլիսի 16-ին քիմպրոմցիներին  աշխատավարձի հարցով տված խոստմանը, ապա  աշխատողները առաջիկա երեք ամիսներին  կարող են ակնկալել ևս մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ: Սակայն, նույնիսկ այդ դեպքում նրանց 11 ամիսների աշխատավարձի պարտքը չի նվազի, որովհետև «Վանաձոր-Քիմպրոմի» տնօրինությունը անկարող է վճարել նաև առաջիկա երեք ամիսների աշխատավարձը:

Յուրիկ Աղաջանյանը այսօր ստացել է 46 հազար դրամ աշխատավարձ: «Ինձ երկու երրորդով տուն են ուղարկել: Թող աշխատացնեին` փող ստանայի»,- նեղսրտած ասաց Յուրիկը: Աշխատողները իրենց ասելով, ստացել են  ընդամենը  հունվար ամսվա աշխատավարձը: 

Գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնիգիրյովը, ի հակառակ իր երեկվա խոստման, այսօր ժամը 10:30-ին գործարանի աշխատողների հետ հանդիպման չներկայացավ: «Մինչև եկող շաբաթ Սնիգիրյովը գործարան չի գալու, երեքշաբթի օրը ժամը 9-ին հավաքվում ենք գործարանի բակում»,-լրագրողներին հայտնեցին աշխատողները: «Պատճառն ինչ ա, որ չի գալիս»,- հարցրեց կանգնածներից մեկը: Հավաքվածներից ոչ ոք չգիտեր Սնիգիրյովի չներկայանալու պատճառը:

«Սնիգիրյովը երկուշաբթի առավոտյան այստեղ կլինի:  Ինձ հետ խնդրում եմ գործ չունենաք: Մեզ մոտ 7 տարի էտենց դրված է, մամուլի հետ աշխատում է Սնիգիրյովը: Ես հենց նոր իր հետ զրուցեցի, երկուշաբթի օրը կգա: Ես երեկ աշխատողներին եմ ասել, որ էսօր Սնիգիրյովը կգա, ես Ձեզ բան չեմ ասել: Ձեզ ասում եմ` Սնիգիյովը երկուշաբթի առավոտյան կլինի ստեղ: Ես աշխատողների հետ գործ ունեմ, լրագրողների  հետ ինչ գործ ունեմ»,-ասաց գլխավոր տնօրենի խորհրդական Արթուր Ստեփանյանը:

Վերջինս հակիրճ որոշ բացատրություններ տվեց գործարանում ստեղծված իրավիճակի մասին. «Պարտք վերցնելն այսօր շատ դժվար է, իսկ մենք այսօր պարտքով ենք գումար վերցնում աշխատավարձ տալու համար»,- ասաց նա:  «Քիմպրոմի» սեփականատիրոջ անձի առնչությամբ գլխավոր տնօրենի խորհրդականը հայտնեց. «Պարոն Սնիգիրյովը սեփականատիրոջ դավերնստով է աշխատում: Ես տեղյակ չեմ, կհարցնեք իրեն, ինքը կպատասխանի: Պարզապես Ձեզ ասեմ, էնենց անհարմար ժամանակ եք հարցեր տալիս, որ էսենց որոշումներ չկա հիմա: Մի հատ տեսնենք էս ջէկի հարցը ինչ է լինում: Եթե, իրոք, 600 մլն դոլարի ներդրումները կատարվեն, շատ լավ կլինի, Հայաստանի համար դա շատ մեծ գումար է»: «Ով է ներդրողը», - հարցրինք Արթուր Ստեփանյանին: «Ախր էնենց հարցեր եք տալիս` ոչ ոք չգիտի դրա մասին»,- պատասխանեց նա: «Ոնց կարող է 600 մլնա դոլարի  ներդրման քննարկում լինել, և դուք չիմանք` ում հետ է այդ քննարկումը», - հարցրեց լրագրողներից մեկը: «Բայց ով գիտի, երեկ մամուլում գրված էր`եթե Արմեն Մովսիսյանը կարողանա դրսից 600 մլն դոլար բերի և ներդրում անի, պետք է նրան մեր ուսերին դրած ման ածենք»,- ասաց խորհրդականը: