
Շիրակի մարզում անցկացվեց երիտասարդ նկարիչների 3-րդ միջազգային պլեները
Օգոստոսի 25-ից 30-ը «Մինասի գույներով» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային պլեներն անցկացվում է արդեն 3-րդ տարին: Նախաձեռնությունը «Արվեստ հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությանն է՝ աջակցությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության; Նախորդ տարիներին մասնակիցների թիվը տատանվել է 40-ից 50 –ի սահմաններում: Այս տարի Շիրակի մարզում հավաքվել են 60 մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից, ՌԴ-ից, Բելոռուսից եւ Վրաստանից:
Վեցօրյա պլեների անցկացման վայրն անփոփոխ է դեռ նախորդ տարիներից. Թորոս գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Երեքնուկ» հանգստի գոտին, որ պատկանում է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանին: «Հետք»-ը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ նման մշակութային միջոցառումը չի անցկացվում Մինասի հայրենի գյուղում: Այն կաշխուժացներ համայնքի կյանքը եւ որոշակի ներդրում կապահովեր:
«Արվեստ հանուն խաղաղության» ՀԿ-ի ղեկավար Գոռ Մարգարյանը նշեց, որ վայրի ընտրության ժամանակ հաշվի են առել ենթակառուցվածքներն ու մասնակիցների կեցության հետ կապված հարմարավետությունը, որոնք բացակայում են Ջաջուռում: «Մենք Մինասին համարում ենք շիրակցի, նա միայն Ջաջուռինը կամ ջաջուռցիներինը չէ, եւ վայրի ընտրությունը պայմանավորված է լոկ հարմարավետության տեսանկյունից,- նշեց Գ. Մարգարյանը,- իսկ Ջաջուռում պլեների մասնակիցները եղել են, այնտեղ նկարել են՝ փորձելով զգալ ու հասկանալ մինասյան գույների գաղտնիքը»:
Այս տարի երկու նորարարություն է եղել՝ մարզերում մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով եւ երկրորդ՝ նկարելուց զատ մասնակիցները զբաղվում են նաեւ քանդակագործությամբ: Պլեների ընթացքում ստեղծված գործերից մեկական օրինակ մասնակիցները թողնելու են պլեների ֆոնդին: Գոռ Մարգարյանի փոխանցմամբ՝ իրենք առայժմ ցուցադրության համար մշտական տեղ չունեն, սակայն երբ ցուցահանդեսներ են լինում, ձգտում են ներկայանալ նախորդ պլեներներից հավաքված աշխատանքներով:
Մեկնաբանել