
Շահեն Մեղրյանի անվան դպրոցը հրատապ վերանորոգման կարիք ունի
Այսօր ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի կրթօջախների սաները ամառային արձակուրդներից հետո կրկին դպրոց մտան: Դպրոցամուտ էր նաեւ Արցախի Ակնաբերդ համայնքում: Սակայն ի տարբերություն մայրաքաղաք Ստեփանակերտի ու տեղի շատ այլ դպրոցների, որոնք աշակերտներին հյուրընկալել են բարեկարգ, կոկիկ սենյակներում` Ակնաբերդի միջնակարգ հաստատությունը երեխաներին արդեն որերորդ տարին ընդունում է շենքային տխուր պայմաններում:
Ակնաբերդը (Ականաբերդ, նախկին Ումուդլու) չնայած գտնվում է Մարտակերտի շրջանում, սակայն վարչականորեն ենթարկվում է Շահումյանի շրջանին: Հենց Ակնաբերդն է այն կորիզը, որի հիմքի վրա ձեւավորվել է ԼՂՀ Շահումյանի ներկայիս շրջանը: Վերջինս ներառում է նախկին ադրբեջանական Քելբաջարի (Քարվաճառի) եւ Շահումյանի շրջանները: Սրանցից երկրորդը 1992-ից վերահսկվում է Ադրբեջանի կողմից, եւ հենց պատմական Շահումյանի գյուղերի բնակիչներն են հաստատվել Ակնաբերդում: Բացի նրանցից` կան նաեւ մեծ թվով չայլուեցիներ, որոնք նույնպես ստիպված են եղել լքել սեփական գյուղն, ու այլ վայրերից եկածներ, որոնք, սակայն, քիչ են:
Ակնաբերդը զարգացող գյուղ է, բավականին շատ են երիտասարդները: Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Օսիպյանն ասում է, որ համայնքից արտագաղթ չկա, ավելին` գրեթե տուն չկա, որ աշխատող չունենա, շատ ընտանիքներ էլ բազմազավակ են:
Հենց դրա հետեւանքով էլ դպրոցում 111 աշակերտ է սովորում, ինչը փոքր թիվ չէ Արցախի մի գյուղի համար, որից մի քանի կմ այն կողմ ԼՂՀ-Ադրբեջան սահմանն է:
Ակնաբերդի դպրոցը, որը գործում է ադրբեջանական գյուղի հին դպրոցի շենքում (վերջինս կառուցվել է 1974-ին), հիմնադրվել է գյուղի ազատագրումից անմիջապես հետո` 1993-ին: Այն կրում է նախկին Շահումյանի շրջանի ղեկավար, ազատամարտիկ Շահեն Մեղրյանի անունը, ու պատահական չէ, որ նոր շրջանին ծնունդ տված գյուղի դպրոցը թիվ 1-ն է: 111 աշակերտներից 61-ն աղջիկ են, 50-ը` տղա: Ի տարբերություն շատ գյուղերի` այստեղ կոմպլեկտ դասարաններ չկան, բոլոր 12-ն էլ առկա են: Դպրոցն ունի 26 ուսուցիչ եւ 10 տեխնիկական աշխատող: Նրանց մեծ մասը, ինչպես ասում է 2003-ից տնօրեն աշխատող Ն. Օսիպյանը, երիտասարդներ են, տեղի շրջանավարտներ, միայն 4-5-ն են տարեց: Ավելին` բոլորն ունեն բարձրագույն կրթություն: Դպրոցը մասնագետների խնդիր չունի, համալրված է:
Սակայն ներկայում կրթօջախն ունի հրատապ խնդիր: Դա երկհարկանի շենքի վերանորոգումն է: Տնօրենը պատմում է, որ այս ընթացքում ամենամեծ նորոգումը եղել է տանիքի վերանորոգումը, սակայն կան դասարաններ, որոնց պատերը շարժվում են, ու երեխաներին վտանգից ապահովագրելու համար, եթե կարելի է այդպես ասել, հենափայտեր են դրվել: Զարմանալին այն է, որ չնայած այս հանգամանքին, շենքը վթարային չի համարվում: Ն. Օսիպյանի փոխանցմամբ` իրենք բարձրաձայնել են խնդրի մասին, ինչից հետո եկել, նկարահանել են դպրոցը, բայց պատկան մարմիններն ասել են, որ միջոցներ չունեն: Այդուհանդերձ, կրթօջախի ղեկավարը չի թաքցնում, որ հույսեր է կապում ԼՂՀ վարչապետի խոստման հետ, ըստ որի` շենքը պիտի հիմնանորոգվի 2015-ին: «Ուզում ենք, որ մեր երեխաները ապահով, գեղեցիկ սենյակներում պարապեն»,- նշում է մեր զրուցակիցը:
Իսկ մինչ այդ կառավարությունը նոր գույք է հատկացրել դպրոցին, այդ թվում` սեղաններ եւ աթոռներ: Տնօրենի ասելով` պետությունն ամեն տարի առաջինդասարանցիներին 20.000-ական դրամ աջակցություն է տրամադրում: Ակնաբերդում այս տարի նրանք 9-ն են, իսկ անցյալ ուստարում` 20-ը: «Երկրապահ կամավորականների միությունն» էլ պայուսակներ է տալիս երեխաներին, որոնք բաժանվել են մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դպրոցն ունի նաեւ ծնունդով շահումյանցի, մոսկվայաբնակ հովանավորներ: Կարաչինարցի գործարար Հայկ Խաչատրյանի միջոցներով համակարգչային սենյակ է ձեւավորվել, այս տարի էլ գրենական պիտույքներ են հատկացվել, պայուսակներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ այս տարի մարզագույք է տրամադրել կրթօջախին, ինչը ֆինանսավորել են ֆրանսահայ Ժագլին եւ Նիշան Մարկոսյանները:
Սակայն ֆիզպատրաստության ուսուցիչ Ալեքսեյ Խաչատրյանը ստիպված գույքը պահում է ոչ թե մարզադահլիճում, այլ առանձին փակ սենյակում:
Պատճառը նույնն է. դահլիճն անմխիթար վիճակում է: Եթե միջանցքների պատուհանները գոնե ցելոֆաններով են ծածկվում (մեր այցելության պահին դրանց մի մասը մաշված-պատռված էին), ապա սպորտդահլիճի լուսամուտներն ընդհանրապես բաց են` մնացել են միայն փայտե շրջանակները: Տարօրինակ է, որ խարխուլ հատակով, առանց պատուհանների, ծեփը տեղ-տեղ թափած դահլիճի հին դռան վերեւում փակցրել են համահայկական հիմնադրամի ու ֆրանսահայերի օգնության մասին վահանակ: Նշենք նաեւ, որ դպրոցը չունի դահլիճ, ամանորյա հանդեսները, օրինակ, կազմակերպվում են միջանցքում: Քանի որ Ակնաբերդը գազիֆիկացված չէ, դպրոցը նույնպես ջեռուցվում է փայտով: Բայց հարց է, թե կիսացելոֆանապատ պատուհաններն ու հին պատերը որքան ջերմություն պիտի պահեն:
Ծնողներներից մեկն, օրինակ, ասում է, որ նոր պայուսակներ տրամադրելն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ դրանցից իր երեխաներն ունեն: Ամենեւին չհերքելով դրսի ու ներսի բարերարների` դպրոցին աջակցելու եւ օգտակար լինելու բարի ցանկությունը` այդուհանդերձ, հստակ է, որ մի քանի տետր-գրիչ, պայուսակ ու համակարգիչ, մարզագույք նվիրելուց առաջ պետք է հաշվի առնել դպրոցի օրախնդիր կարիքներն ու ըստ այդմ կատարել նպատակային ծախսեր: Մասնավորապես, եթե չկան անհրաժեշտ պայմաններ, նվիրած գույքի կիրառումն ու պահպանությունը դառնում է խնդիր:
Տարակուսանք է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Շահեն Մեղրյանի անունը կրող դպրոցն իր սաներին ու հյուրերին հենց մուտքի մոտ չի դիմավորում հերոսի նկարով ու գուցեեւ կարճ կենսագրությամբ, ինչը միանգամից պատկերացում կտա չիմացողներին, թե ինչ ներդրում է ունեցել տվյալ անձը Արցախի ու ընդհանրապես հայության համար: Փոխարենը Մեղրյանի փոքր կիսանդրին տեղ է գտել երկրորդ հարկում` արհեստական ծաղիկների հարեւանությամբ, ոչ հարմար տեղում:
Դպրոցն ունի նաեւ այլ խնդիրներ: Դրանցից մեկը ջուրն է, որի ծորակը գտնվում է դրսում: Շենքից բավականին հեռու են նաեւ զուգարանները: Ձմռան ամիսներին սա հավելյալ դժվարություն է երեխաների համար:
Սեպտեմբերի 1-ին ակնաբերդցի աշակերտները, ինչպես եւ մյուս դպրոցների սաները, դիմավորեցին արիության դասով` հիշելով Արցախյան պատերազմում զոհված տղաներին, այդ թվում` Շահումյանի պարտիզանական կռիվների հրամանատար Շահեն Մեղրյանին: Սահմանամերձ գյուղի աճող բնակչության համար դպրոցը ոչ միայն զուտ կրթական հաստատություն է, այլեւ առաջին հերթին մարդկանց սեփական հողում պահելու կարեւորագույն հանգամանք: Շրջանում եւ հանրապետությունում առաջադիմություն ցուցաբերող այս դպրոցում աշխատում են նվիրված, պատմական Շահումյան վերադառնալու հույսով ապրող մարդիկ, եւ առաջին հերթին նրանք պիտի լինեն պետության հոգածության ներքո, որովհետեւ հայրենիքը սկսվում է սահմանից:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել