
Ներկած եղունգներով կոմբայնավարուհին մոռացության մատնեց կարկուտի վնասները
Օգոստոսի կեսերից սկսած՝ Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի բնակիչների խոսակցության թեման կոմբայնն էր: Այդ ժամանակահատվածում գյուղացիրների մտահոգությունն այն էր, թե երբ է իրենց գյուղ ի վերջո մտնելու կոմբայնը, որ «ծեծի» ցորենն ու գարին:
Ղադոլարը շրջկենտրոն Ախալքալաքից 22 կմ է հեռու: Քաղաքից գյուղ տանող ճանապարհի կեսը գրունտային է: Մյուս կեսը նախկին նախագահ Մ. Սահակաշվիլու հրահանգով վերանորոգվեց մինչև Արագվա գյուղ, որովհետև այդտեղ բացվեց դահուկային սպորտի բազա: Ճանապարհի պատճառով տաքսիստները դժվարությամբ են համաձայնում մարդկանց Ախալքալաքից փոխադրել Ղադոլար:
Կոմբայն չլինելն առհասարակ այս գյուղում ամեն տարի նույն ժամանակաշրջանում լարված է պահում տեղացիներին: Գյուղացիները սպասում են, թե երբ են հարևան գյուղերի կոմբայնավարներն իրենց գյուղերում ավարտելու աշխատանքները, որ հետո գան Ղադոլարի արտերը հնձեն: Աստված մի արասցե՝ եղանակները խառնվեն, ղադոլարցիների ցորենն ու գարին կմնան արտերում: Գյուղացիներն անհամբեր սպասում են կոմբայնին:
Դժբախտաբար, այս տարի կարկուտն ավելի շուտ եկավ, քան կոմբայնը: Օգոստոսի 23-ին տեղացած 2-3 սմ տրամագծով կարկուտը ջարդեց գյուղում գրեթե ամեն ինչ: Կարտոֆիլ, ցորեն ու գարի են ցանում Ղադոլարում: Ցորենի ու գարու հասկերը մեծամասամբ գետնին տապալվեցին: Իսկ կոմբայնը չկար ու չկար: Կարկուտի օրը գյուղում թաղում կար: «Քելեխին» գյուղի համարձակ կանանցից մեկը մեղմ ասած՝ գյուղի տղամարդկանց պորտը տեղը դրեց հենց քելեխի տանը: Նրանց նախատեց ու մեղադրեց անճարակության մեջ, որ չեն կարողացել ցայսօր մի կոմբայն գտնել ու գյուղ բերել, որ կարկուտը վնաս չտար բերքին: Տղամարդիկ էլ շատ չեն, մի ստվար զանգված Ռուսաստանի «խոպաններում» է: Գյուղում մնացածների բախտը չբերեց, համարձակ կինը, տեղացիների բարբառով ասած, «շան լափ լցեց գլխնուն»:
Կարկուտին հաջորդած օրերին գյուղացիների խոսակցության թեման ծավալվեց և հասավ գյուղապետին, ով «պետության մարդկանց չի կանչում» և որևէ քայլ չի ձեռնարկում կարկուտի վնասները հաշվարկելու ուղղությամբ: Աննկատ անցնում էին Վրաստանի իշխանությունների քննադատությանը, որ այսպես թե այնպես որևէ փոխհատուցում գյուղացիներին չեն տալիս: Եվ սա առաջին դեպքը չէ: Այս գյուղում այս տարի արդեն երկրորդ անգամ է՝ կարկուտը «ջարդուխուրդ» է անում գյուղատնտեսությունը:
Վերջապես, կարկուտից երկու օր անց հարևան գյուղից մի կոմբայն մտավ Ղադոլար, որ հնձի ու «ծեծի» կարկուտից փրկված արտերի ցորենն ու գարին: Եվս մեկը եկավ նաև հաջորդ օրը: Սակայն եթե հարևան գյուղերում 1.5-2 լարի էր 0,01 հա-ն, ապա երկրորդ կոմբայնավարը Ղադոլարում 3 լարի պահանջեց (մոտ 700 դրամ): Գյուղացիներից ոմանք ստիպված թույլ տվեցին, որ 3-լարիանոց կոմբայնը մտնի իրենց արտը, այլ ճար չկար, հոմ գետնին չէին մնալու ցորենն ու գարին, մինչև որ չհայտնվեց երրորդ կոմբայնը: Ինչ-ինչ, բայց այս վերջին դեպքը փոքր-ինչ արտառոց էր ղադոլարցիների համար. գյուղում հայտնվել էր վրացի կոմբայնավարուհի: Վրացական Կոթելիա գյուղի մի ագարակատեր-սեփականատիրոջ «հսկան» կառավարում էր վրացուհի Նանան: Գյուղում մնացած ահել-ջահելները գնում էին հատուկ կոմբայնավարուհուն տեսնելու: Աննկատ չէր մնացել կոմբայնավարուհու կոկիկ հագուստը և «մանիկյուրած» եղունգները: Նրա մասին պատմում էին, որ կոմբայնավարի դուստր է: Աշխատում էր խիստ գրաֆիկով՝ առավոտյան 9:00-ից մինչև 18:00-ն: Հնձում էր 0,01 հա-ն 2 լարիով: Ստիպված 3 լարի պահանջող կոմբայնավարն էլ սակագինն իջեցրեց 2 լարիի:
Կարկուտի տված վնասի ու փոխհատուցման մասին խոսակցությունները դադարեցին: Կարկուտից փրկված մի քանի պարկ ցորենն ու գարին տուն եկան: Իսկ գյուղացիների խոսակցության թեման վրացի կոմբայնավարուհին է ու նրա ներկած եղունգները:
Հ.Գ. Վրացի կոմբայանվարուհուն նկարել չհաջողվեց. մինչ ժամանեցինք Ղադոլար, անձրև էր եկել, և Նանան կոմբայնը (լուսանկարում) Ղադոլարում թողել գնացել էր իր տուն: Հաջորդ օրն էլ չեկավ գյուղ, քանի որ գետինը թաց էր, գործ անել չէր լինի, և այդպես էլ չկարողացանք զրուցել նրա հետ:
Մեկնաբանել