HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրում եմ

Կարեն Ագուլյան

1898 թվականի հունվարի 13-ին Էմիլ ԶՈԼԱՆ փարիզյան L'Aurore թերթում «Մեղադրում եմ» խորագրով բաց նամակ հղեց Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆելիքս ՖՈՐԻՆ, կապիտան ԴՐԵՅՖՈՒՍԻ հանդեպ զինվորական դատարանի ապօրինի որոշումը մերկացնելու նպատակով։

Ալֆրեդ ԴՐԵՅՖՈՒՍԻՆ 1894-թվականին լրտեսության մեղադրանքով ցմահ բանտարկության էին դատապարտել, իսկ երբ երեք տարի անց հայտնաբերվեց իրական հանցագործ Վալսին ԷՍՏԵՐՀԱԶԻՆ, դատական համակարգը սեփական սխալը չխոստովանելու համար արդարացրեց վերջինի՛ս, բայց ո՛չ ԴՐԵՅՖՈՒՍԻՆ։

Մի կողմ թողնենք  մեղավոր ու անմեղ... խնդիրը վերաբերում էր Արդարադատությանը ու քաղաքացու վստահությանն իր երկրի դատական համակարգի նկատմամբ։ Ի՞նչը կարող է ավելի անհանդուրժելի լինել, քան օրենքի խախտումն օրենքի պահապանների կողմից։

ԶՈԼԱՆ, նյութապես լիովին ապահովված, գրական փառքի գագաթնակետում, որևէ անձնական շահ չուներ հրապարակավ պախարակելու Ֆրանսիայի Արդարադատության համակարգը։ Նա ոչ միայն գիտակից էր, այլ իր նամակի վերջում գրում է, որ պատրաստ է կրելու օրենքով նախատեսված պատիժը` ռազմական դատարանի որոշումը մամուլով քննադատելու համար։ Եվ դատապարտվե՛ց  ու աքսորվե՛ց, ընդհուպ մինչև ԴՐԵՅՖՈՒՍԻ արդարացումն ու իրավունքների լիարժեք վերականգնումը։

Բայց դա` Ֆրանսիայում էր... ավելի քան հարյուր տարի առաջ ...

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին մինչ օրս ուսուցանում են այսօրինակ բացառիկ դեպքերը` կանխելու համար հետագա դատական «սխալներն» ու «Մեղադրում եմ»-ները։

Վարդան Պերտոսյանի վթարին հաջորդած հետաքննության առաջին իսկ պահից մինչև վերջին դատական նիստում խաղարկվող խեղկատակությունը ապացուցում է, որ վճիռն արդեն կայացված է... քաղաքական չափանիշներով, այլ ո՛չ իրավական, իսկ  զգացական ու «բարոյական» բաղադրիչն ընդամենը քողարկվելու միջոց է։

Ո՞վ է պատվիրատուն (կամ ովքեր են)` այս պահին դա չէ կարևորը, քանի որ օրենքը հենց նրանք են ոտնահարում, ովքեր ի պաշտոնե կոչված են այն կատարելու, հսկելու և օրինազանցներին պատժելու։ «Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից,   որտեղ մեղավորը... դատավորն է»։  Այս բառերը Լեռ ԿԱՄՍԱՐԻՆՆ են, գրված տասնամյակներ առաջ, խորհրդային մղձավանջի տարիներին։ Ձա՜յն բարբառոյ յանապատի...

Իհարկե, պարկեշտությունը պահանջում է` որևէ երկրի արդարադատության ողջ համակարգին մեղադրանք ներկայացնելուց առաջ, առնվազն սպասել դատարանի որոշմանն ու միայն հետո...

Բայց մենք Հայաստանում ենք, իսկ պարկեշտությունը, ամեն ինչի պես, միակողմանի չի լինում։ Այն երկուստեք պիտի լինի։ Հանրապետությունում կգտնվի՞ գեթ մի մարդ, ով հավատում է մեր օրինապահների կամ «արդարադատների» պարկեշտությանը։

Ոստի, քանի դեռ Հայաստանում, օրինական վճռի կայացման ակնկալիքով Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դատաքննության ավարտին սպասելը միամտություն է, այժմ և իսկ 

ՄԵՂԱԴՐՈՒՄ  ԵՄ 

            Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ քրեական գործի հետ ուղղակի առնչված.

  • Քննիչներ` Հայկարամ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, նախկին քննիչ և «փաստաբան-մեղադրող» Ռուբեն ԲԱԼՈՅԱՆԻՆ
  • Դատավորներ` Արիստակես ՍԻՍԱԿՅԱՆԻՆ, Արշակ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, Վաղինակ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
  • Դատախազներ` Վազգեն ՌՇՏՈՒՆՈՒՆ, Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Վահան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Արթուր ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,
  • Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայության պետ` Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ, ՀԿԳ քննիչի պաշտոնակատար` Ա. ՕՀԱՆՅԱՆԻՆ
  • ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ` Գագիկ ՀԱՄԲԱՁՈՒՄՅԱՆԻՆ
  • ՀՀ Գլխավոր Դատախազի առաջին տեղակալ` Արամ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ
  • ՀՀ Գլխավոր Դատախազությանը
  • ՀՀ Արտաքին Գործերի նախարարությանը
  • ՀՀ Ոստիկանությանը
  • ՀՀ Արդարադատության նախարարությանը

մեր երկրի դատաիրավական համակարգը «բանանային հանրապետության» կամ կոյուղու մակարդակի իջեցնելու համար։

Լիովին գիտակցելով ներկայացրածս մեղադրանքի իրական ծանրությունը պատրաստ եմ Հայաստանի գործող իշխանությունների առաջին իսկ պահանջով ներկայանալու ցանկացած ատյանի առջև` հրապարակորեն պատասխան տալու ամեն բառիս համար։

 2013 թ. նոյեմբերին Հայաստանում 13 000, իսկ արտասահմանում` 15 000 հոգի ստորագրեցին Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ կալանքը որպես խափանման միջոց վերանայելու պահանջը։  Կալանքն ապօինաբար շարունակվում է մինչև օրս։ Այսօր նոր ստորագրահավաք է սկսված` անկախ դատա-ավտոտեխնիկական փորձաքննություն անցկացնելու պահանջով։ Ստորագրել են հազարավորներ, և գործընթացը շարունակվում է։

Մեկնաբանություններ (10)

ՀԱՅՈՒՀԻ
Հանրապետությունում կգտնվի՞ գեթ մի մարդ, ով հավատում է մեր օրինապահների կամ «արդարադատների» պարկեշտությանը։ - ո՞վ է հիմար որ հավատա օրինապահների, ովքեր աշխատում են քրեաօլիգարխիկ համակարգի համար, բանտարկում անմեղ մարդկանց, ազատամարտիկներին, իսկ օրը ցերեկով մարդ սպանածներին ազատ են թողնում։ Էլ հավատա՞լ մնաց։
Hasmik
Ես վստահ եմ, որ մեղադրյալը Վարդան Պետրոսյանը չլիներ , այս ամենն այլ արձագանք կստանար, բոլոր մեկնաբանություններից զատ հիշեք մի հանգամանք. կյանքից զրկվել են երիտասարդ տղաներ, ընտանիքներ են դժբախտացել, իսկ հասարակությունը պաշտպանում է Վարդանին, քանի որ նա դերասան է , եթե մեղադրում եք մարդկանց անարդար լինելուն մեջ, ապա ինչպես եք արդարացնում մեկին, ով մարդկանց կյանք է խլել, ի սեր Աստծո , ոչ մեկդ չեք տարբերվում Ձեր իսկ կողմից նշված անօրեններից. Վարդանը եթե արժանապատիվ մարդ լիներ առաջինը ծնկաչոք Աստծուց և տուժվածներից ներողություն կխնդրեր և արժանապատվորեն կընդուներ իր պատիժը, բայց այնքան է տարվել իր դերասանությամբ որ կյանքում էլ է խաղում.
Հասմիկ Այվազյան
Արդեն հարյուր ձևով ապացուցվել է Վարդան Պետրոսյանի անմեղությունը. և արագության, և ալկոհոլի, և մնացած բոլոր հարցերում: Արդեն բոլորը համոզվել են, որ իր ազգին նվիրված և իշխանություններին չզիջող դերասանից այս ստոր իշխանությունները վրեժ են լուծում, ցավո՜ք, զոհված տղաների հարազատներին իրենց գործիք դարձրած:
Հարություն
Այս քոմենթները կարդում եմ ու մտածում, որ հարկավոր է մեղադրել նաև ամեն գնով անարդարության ձգտող այն մարդկանց, ովքեր որքան ավելի ապացուցված են տեսնում Վարդան Պետրոսյանի անմեղությունը, այնքան ավելի են աղմկում ու պնդում միևնույն ստերն ու հիմարությունները։ Ժողովուրդ, կա փաստ, և կա կամայական մտածողություն (wishful thinking) կամ ցնդաբանություն. հերիք է ցնդեք։
Արսեն
Նախ իմ խորին ցավակցություններն եմ հայտնում դժբախտ պատահարի զոհ դարձաց երիտասարդների հարազատներին:իհարե անվերադարձ կորուստը դաժան է և անսփոփելի, իհարկե դուք այդ մտքով ու անսահման կարոտով քնելու եք ու արթնանաք ամեն աստծո օր:ես նույնիսկ իմ թշնամուն չէի ցանկանա նման վիշտ ու ցավ. Բայց ի սեր աստծո եղածը եղած է, դժբախտաբար ոչինչ չի կարելի փոխել ստեղծված իրավիճակում:Ես համոզված եմ, որ չկա աշխարհում որևէ մեկը, ով ճանաչում է Վարդան Պետրոսյանին՝ ասի, որ նա մարդասպան է:Ես չեմ ուզում խորանալ դատավարության շինծու մեղադրանքների կամ, առիթից օգտվող«զոհին հոշոտող գայլերի ոհմակի» գործած ճնշումների մանրամասնությունների մեջ:Պարզապես լինելով պարզ քրիստոնիա մարդ, ուզում եմ ձեզ հիշեցնել աստծո դատաստանի մասին:եթե կարող եք ներել՝ ներեք, բայց պատժելը աստծո գործն է:Թող զգուշանան աստծո դատաստանից էն մարդիք, ովքեր էս դժբախտ պատմության. մեջ ինչվոր անձնական վիրավորանքի վրեժխնդիր են լինում, քանզի հավատացած եմ, որ Վարդանի ատած խոսքը կարելի էր ավելի շուտ ընդհունել որպես խորհուրդ, քան վիրավորանք. դա նույնիսկ ձեր համար օգտակար կլիներ: Եվս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին՝ և ներում խնդրում:
Մեկը
Վարդան Պետրոսյանի մեղավոր-անմեղ լինելը որոշում է Դատարանը (???), իսկ այ տուժող կողմի, մասնավորապես Նիվայի վարորդի մեղավոր լինելը ապացուցված է ա/. վարել է ծառայողական մեքենան աշխատանքային ժամերից դուրս` անձնական նպատակներով բ/. տեղադրել է գազի բալոն պետական մեքենայում. այն դեպքում, որ ստացել է բենզինի կտրոններ: Այսպիսով, գրպանել է գազի և բենզինի գների տարբերությունը գ/. Ծառայողական ավտոմեքենան օգտագործել է նաև բիզնես նպատակներով: դ/. Ավտոմեքենայում գտնվել է թույլատրվածից ավելի մարդ: Այսքանը բավարար է, որպեսզի Նիվայի վարորդի վրա քրեական գործ հարուցվի: Մնացածը թողնում եմ Ձեզ...
Maanvel
ՄԻ պահ ընդունենք որ Վարդան Պետրոսյանը վթարի մեղավոր կողմն է; ՄԻԱՅՆ ես կարող եմ տասնյակ օրինակներ բերել երբ վթարից երկուսից ավելի շատ մարդ է մահացել, բայց վարորդին չեն կալանավորել/ և ճիշտ են արել/ իսկ Վարդանին կալանավորեցին- հաշվի չառնելով առողջական վիճակը: ինձ համար պարզ է այստեղ քրիական գործ չի քննվում: հրահանգված է ամեն գնով տուժողներին թույլ չտալ հաշտվելու և դա անում են երկու կողմերի դատապաշտպանները: Խնդրում եմ սթափվեք գործիք մի դարձեք իշխաննությունների ձեռքին: ԻՆՉՔԱՆ ԵԼ ԾԱՆՐ Է ՄԱՆՈՒԿ ԹԱՂԵԼԸ ՄԱՆՈՒԿ ՊԱՀԵԼԸ ԾԱՆՐ Է ԱՌԱՎԵԼ
11111
ոչինչ հեսա վարդանի հետ միսին մի բժիշկ ու բուժքույր էլ կենթարվենք քրեական պատասխանատվության, նոր որոշները խելքները գլուխները կհավաքեն, ու իրանց երևի թե հարց կտան, թե իրանք մինչև էսօր ում են անվանել հայ ազգի մեծանուն զավակ ու հայրենասեր
Լևոն
ominac, մոռացաք նշել, որ Վարդանը հարբած է եղել, որ մեքենան վարել է 170կմ-ժամ արագությամբ, ու որ եթե ազատ արձակեն բանտինց, Սևանը լողալով կփախնի Հայաստանից: Գուցե բավական է՞ հիմարություններ դուրս տալ: Hasmik, իսկ ով՞ ասեց, որ Վարդանը ծնկաչոք ներողություն չի խնդրել երիտասարդների մահվան համար: Իսկ Վարդանից ով՞ պետք է ներողություն խնդրի, որ ավիրվեց նրա կյանքն ու առողջությունը: Գուցե նա, ով 6 հոգու տեղավորել էր անօրինական եղանակով օգտագործվող Նիվայում, առանց ամրագոտնիների, անօրինական գազի բալոններով, առանց հետադարձ ապակիների ու ավտոճանապարհին հետընթաց ընթացք էր կատարում, որովհետև մոռացել էր ժամանակին դուրս գալ ավտոճանապարհից: Սակայն Վարդան դա չի պահանջում:
ominac
Այս մարդը չափից դուրս արագ քշելով 2 հոգի սպանեց, անոր համար բանտ նստաւ․ Գոնէ ուրիշ մէկ դէպք քննէք որպէսզի հայաստանի ղեկավարութեան անպարկեշտութիւնը յայտնէք․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter