HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ արհմիությունը վարչապետին կոչ է անում երիտասարդ դասախոսների արտահոսքը կանխող քայլեր ձեռնարկել

Երեւանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունն այսօր բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ բուհում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Հիշեցնենք, որ համաձայն նոր օրենքի` իբրեւ պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցներ պետական բուհերի 1974թ. եւ դրանից հետո ծնված երիտասարդ դասախոսները սոցիալական վճարներ պետք է կատարեն: Սա առիթ է դարձել, որ բուհի մի քանի դասախոսներ աշխատանքից ազատման դիմումներ գրեն: Ստորեւ` ԵՊՀ արհմիութան բաց նամակը` վարչապետին:

«Մեծարգո´ պարոն վարչապետ, Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ոչ պետական ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտավորությունից: Միևնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին: Քանի որ Երևանի պետական համալսարանի կազմակերպաիրավական ձևը հենց պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (ՊՈԱԿ), ԵՊՀ-ում համատեղությամբ աշխատող դասախոսները չեն կարող հրաժարվել իրենց հիմնական աշխատավայրից կատարվող սոցիալական վճարից: Այս պատճառով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ դիմում են գրում աշխատանքից ազատվելու խնդրանքով, քանի որ նրանց հիմնական աշխատավայրից հաճախ կատարվող սոցիալական վճարը գերազանցում է ԵՊՀ-ում նրանց աշխատավարձը, և նրանք չեն ցանկանում կատարել սոցիալական վճարներ: ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է այս խնդրով, քանզի ՀՀ-ում գործող ոչ պետական առաջատար ընկերություններում և խոշոր հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող երիտասարդների արտահոսքը ԵՊՀ-ից կարող է ունենալ զգալի ազդեցություն կրթության որակի անկման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և սերնդափոխության վրա: Միաժամանակ ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է, որ սահմանված կարգը չի տարածվում ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա, և բուհերի կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ բուհերի աշխատողների համար, ինչի արդյունքում ՊՈԱԿ հանդիսացող բուհերից տեղի է ունենում երիտասարդ մասնագետների արտահոսք: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ եթե ՀՀ որևէ մի բուհ պետք է ունենա հատուկ կամ արտոնյալ կարգավիճակ, ապա դա կարող է լինել միայն Հայաստանի Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, որի առանձնահատուկ կարգավիճակը սահմանված է «Կրթության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ նախագահի հրամանագրով: Մեծարգո´ պարոն վարչապետ, Ներկայացնելով ԵՊՀ կոլեկտիվի ներկայացուցիչների մտահոգությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում եմ Ձեզ ձեռնարկել խնդրո առարկա հարցերի լուծմանն ուղղված քայլեր: Վստահ եմ, որ որպես ԵՊՀ խորհրդի անդամ Ձեզ նույնպես մտահոգում են վերահիշյալ խնդիրները:

Հարգանքով` ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ՝ Արմեն Ավետիսյան»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter