HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում 21 օր է՝ ջուր չկա

Նորա Անանյան

Երևանի Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի բնակիչները արդեն 21 օր ջուր չունեն: Ջուր ունենալու համար նրանք դիմել են թե «Երևան Ջուր» ՓԲԸ, թե  քաղաքապետարան, թե թաղապետարան: Բնակիչները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Սակայն առայսօր ջուր չունեն: 

«Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվող բարեփոխումների ծրագրի շրջանակում Մանթաշյան փողոցի ջրագծերի շինարարական աշխատանքների ընթացքում կտրվել են նաև դրան զուգահեռ՝ Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի առանձնատների ջրագծերը: Ինչպես նշեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը՝ ապօրինություններից խուսափելու համար:

«11 փողոցը երբևիցե չի ունեցել ջրագիծ և բնակիչները Մանթաշյան փողոցից, առանձնատների արանքներով, ջրագծերը բերել են իրենց փողոց: Ժամանակին ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ, ջրաչափերը դրվել են տներում, իսկ այժմ մենք իրականցնում ենք բարեփոխումների ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, ըստ որի` ջրաչափերը պետք է հանվեն տներից և տեղադրվեն փողոցում. համաձայն կառավարության 2004 թվականի N 130-Ն որոշման` ջրաչափական սարքը պետք է տեղադրվի սահմանազատման կետին մոտ և տնից դուրս»,- ասում է Մուրադ Սարգսյանը:



Ըստ նույն որոշման՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին կանոններով սահմանված պայմանների խախտմամբ կատարված միացումները համարվում են ինքնակամ (ապօրինի) և ջրամատակարարի կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են անհապաղ անջատման` ինքնակամ միացումներ կատարած անձանց հաշվին, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնակամ (ապօրինի) միացում կատարած անձը կանոնների ընդունումից հետո երկամսյա ժամկետում միացումն օրինականացնելու խնդրանքով դիմել է ջրամատակարարին:

Մեզ հետ զրույցում բնակիչ-բաժանորդ Անահիտ Խռոյանը նշեց, որ 70-ականներից սկսած` իրենք դիմել են համապատասխան մարմիններին` ջրագիծ անցկացնելու պահանջով:

«Նոր ջրագիծ անցկացնելու դիմումները միշտ մերժվել են, ձգձգել են, և տարիների ընթացքում, ով ինչպես կարողացել է, լուծել է այդ հարցը: Հիմա փոխանակ մեր փողոցում ջրագիծ անցկացնեն, մեզ ասում են, որ հաշվիչները տեղադրենք զուգահեռ փողոցում, որից մինչև մեր փողոց ջուրը կանցնի շատ տների միջով և այդ անելը անմտություն է: Այս ընթացքում՝ խիստ շոգ եղանակին, եղել են մարդկանց ուշաթափման դեպքեր»,- ասաց Ա. Խռոյանը:

Խնդրի վերաբերյալ բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը հանդիպել է բնակիչներին: Անահիտ Խռոյանի խոսքով` հանդիպումից հետո էլ քաղաքապետարանը ոչ մի հարց չկարգավորեց:



«Երևան Ջուր» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը նշեց, որ խնդրի լուծման համար կա երկու տարբերակ: Բնակիչները կա՛մ պետք է ներքին ցանցի միացումներ կատարեն զուգահեռ Մանթաշյան փողոցի ջրագծից, որի վրա միացման համար անհրաժեշտ տեղերը հատկացված են, կա՛մ որոշակի գումար տրամադրեն, և կսկսվեն իրենց փողոցում ջրագծի կառուցման աշխատանքները:
«Առաջին տարբերակում, մենք յուրաքանչյուր բնակչի համար խողովակներով միացումներ ենք կատարում Մանթաշյան փողոցից, կառուցում ենք բետոնե հոր, որտեղ տեղադրում ենք ջրաչափ սարքը, փականը, ֆիլտրը… Իսկ բնակիչները պետք է ընդամենը կատարեն ներքին ցանցի միացումները»,- ասում է Մուրադ Սարգսյանը:

Այս տարբերակում յուրաքանչյուր բաժանորդի համար «Երևան Ջուր» ՓԲԸ կծախսի 80-100.000 ական դրամ: Իսկ երկրորդ տարբերակում աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումների համար պետք է վճարեն բնակիչները:

«Մեր ընկերությունը կատարում է միայն վերանորոգման աշխատանքներ. նոր ջրագծեր անցկացնելը մեր պարտականությունների մեջ չի մտնում, այդ հարցը պետք է լուծեն քաղաքային իշխանությունները: Թաղապետի հետ զրույցի ընթացքում մենք նշեցինք, որ պատրաստ ենք տրամադրել աշխատողներ, ովքեր կփորեն նոր ջրագծի համար նախատեսված վայրը, պատրաստ ենք կատարել նաև մոնտաժման աշխատանքները, իրենք էլ կկատարեն ասֆալտապատման աշխատանքները, այն պայմանով, որ բնակիչներն էլ կգնեն ջրագծերը, ջրաչափ սարքերը»,- ավելացրեց Մուրադ Սարգսյանը:

Նրա հավաստմամբ` երկու տարբերակում էլ յուրաքանչյուր բնակիչ կունենա իր ջրագծի համար նախատեսված նոր ջրաչափ սարք և ջրամատակարարումն էլ կլինի` ըստ այդ թաղամասում սահմանված գրաֆիկի:

Մ. Սարգսյանի խոսքով` իրենք այժմ սպասում են բնակիչների որոշմանը, որից հետո կսկսեն համապատասխան աշխատանքները: Նա նաև հավելեց, որ ապագայում նման խնդիրներ էլ չեն առաջանա, քանի որ քաղաքային իշխանությունները տուն կառուցելու թույլտվություն այլևս չեն տալիս առանց ջրմուղի հետ համաձայնեցման:

Լուսանկարները` Անահիտ Խռոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter