HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամառլիի հայ «ներգաղթյալն» ու միջազգային իրավունքի հերթական խախտումը Բաքվում- 2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

սկիզբը  

Վերլուծության նախորդ մասում հանգամանալից անդրադարձել ենք նրան, թե ինչպես օգոստոսի 26-ին Ադրբեջանի Քամառլի գյուղում հայտնված Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանի մասին Ադրբեջանի ՊՆ-ը խոսեց 6-օրյա լռությունից հետո՝ սեպտեմբերի 1-ին, այն դեպքում, երբ հենց առաջին օրից էր հայտարարվել, որ Անանյանը ադրբեջանցի զինվորականների մոտ է: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ը դա չէր հերքել:

Թե ինչո՞ւ պաշտոնական Բաքուն չէր խոսում, այն էլ այդքան օրեր շարունակ, դրա պատճառները հասկանալը կարեւոր է, հատկապես երբ խոսքը վերստին միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին է. պետության, այն էլ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ոչ լավ միջազգային համբավով, ռազմական կառույցի ձեռքերում հակառակորդ երկրի քաղաքացի է հայտնվել, մինչդեռ դրա մասին այդ երկրի իշխանությունները անգամ չեն էլ հայտարարում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը

Ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանում վստահաբար չէին հաշվարկել, որ չնախատեսված հանգամանքներն իրենց կստիպեն այդքան լռել: Անշուշտ, Սարգիս Անանյանին հարցաքննելու եւ արտաքին քաղաքական-քարոզչական դաշտում սեփական քայլերը հասկանալու համար Բաքվին որոշակի ժամանակ էր անհրաժեշտ, բայց ոչ միգուցե 6 օր:

Ի վերջո, Ադրբեջանի իշխանություններին հարկավոր էր նաեւ խոսեցնել Երեւանին, ինչը չստացվեց: Հայկական կողմը արագ հերքեց, որ ՀՀ քաղաքացի կամ զինվոր է հատել սահմանը,  եւ անգամ տարրական տեղեկություն չտրամադրեց նրա մասին, որի հիման վրա Բաքուն կկարողանար ե՛ւ հասկանալ հայերի «լարած հերթական ծուղակը», ե՛ւ շարունակել իր խաղը քարոզչական դաշտում:

Ադրբեջանում ի՞նչ կպատկերացնեին, որ Սարգիս Անանյանի հարազատները, (ինչպես պարզվեց՝ նա Երեւանում բնակվող որդի եւ Նոյեմբերյանում բնակվող քույրեր ունի) գրեթե մեկ շաբաթ տեղյակ չեն եղել, որ նա բացակայում է տնից, իսկ հարեւաններն էլ նրա անհետանալը տարօրինակ չեն համարել:

Այսպիսի իրավիճակում պաշտոնական Բաքուն երկար չէր կարող լռել: Վաղ թե ուշ, նա պետք է հրապարակայնացներ Անանյանի գտնվելն իրենց մոտ, քանի որ դա լրատվամիջոցներով ու քամառլեցիների կողմից մերկացվել էր ոչ միայն օգոստոսի 26-ին, այլեւ 28-ին: Այսինքն, նրան գաղտնիության քողի տակ հավերժ պահելու իմաստը չկար, որքան էլ որ Հայաստանում չէին նկատել սեփական քաղաքացու բացակայությունը:

Ում էլ որ խաբեր Բաքուն, քամառլեցիներին խաբել չէր կարող, քանի որ նրանք հային տեսել էին: Հետեւաբար, իշխանությունները գոնե իրենց հանրությանը պետք է բացատրեին, թե դա ի՞նչ ներկայացում էր: Այս ամենը ստիպում էին որոշակիացնել հայ սահմանախախտի ինքնությունն ու հերթական անգամ ստուգել հայկական կողմի ռեակցիան, ինչպես նաեւ՝ մտորել, թե ինչպե՞ս կարող է Անանյանը պետք գալ բանակցային գործընթացում:

«Ներքին թշնամիները», որ կանոնավոր խափանում էին Ադրբեջանի ՊՆ օպերացիաները

Մինչեւ դա անելը, Բաքուն նախ պատժեց Քամառլիի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգյոզալ Դուրսունովին, ով շտապել էր  «Յենի Մուսավաթի» հետ միասին ավելի վաղ հրապարակել փաստը, քան Ադրբեջանի ՊՆ-ը կհասցներ հիմնավոր հասկանալ Անանյանի կողմից սահմանը հատելու իրական շարժառիթներն ու նրան աշխարհին «ներկայացնելու» ձեւերը: Երկու օրվա ընթացքում աշխատանքից ազատվեցին Դուրսունովը ու նրա եղբայրը:

Իսկ ոչ իշխանական մի շարք լրատվամիջոցների պատժելու մեծագույն ցանկություն Ալիեւի վարչակազմն ավելի շուտվանից ուներ: Նախորդ մի քանի վերլուծություններում արդեն առիթ ենք ունեցել տարբեր տեսանկյուններից անդրադառնալու օգոստոսյան իրադարձությունների լուսաբանման ու դրված տրված գնահատականների կապակցությամբ նրանց հակամարտությանը:

Մասնավորապես, ընդդիմադիր «Ազադլիգ», «Յենի Մուսավաթ», թերթերը, Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը(կրկին՝ «Ազադլիգ») օգոստոսի առաջին օրերին մերկացրել էին պաշտոնական քարոզչության կեղծիքը ադրբեջանական բանակի «փոքրաթիվ», եւ հայկական կողմի՝ «մեծաթիվ» կորուստների մասին: Նրանք թե՛ արցախյան ճակատում, թե՛ Ղազախի շրջանում ու մասավորապես Քամառլի գյուղում «թաքցվող» զոհերի մասին տեղեկատվություն էին հայթայթել ու հրապարակել: Քամառլիից երկու զոհի փաստի շուրջ «Յենի Մուսավաթի», Հայաստանի ՊՆ-ի եւ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների հակասություններին արդեն անդրադարձել ենք:

Երկրորդը, Ալիեւի վարչակազմի համար ոչ պակաս վտանգավոր էր այն, որ այդ լրատվամիջոցները օպերատիվ հրապարակայնացրեցին ադրբեջանական զորքերի մոբիլիզացիան ու տեղաշարժը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հրահրման նախաշեմին: Դա ոչ միայն ոչ այնքան կարեւոր տեղեկատվություն էր հայկական հետախուզության համար, որքան որ այդ ամենի վաղ արձանագրումը անհերքելի է դարձնում, որ հրադադարի ռեժիմի խախտման սադրողը եղել է ադրբեջանական կողմը: Իսկ Ալիեւն այս ամբողջ ընթացքում ճգնում է հակառակն ապացուցել միջազգային հանրությանը, այն դեպքում երբ սեփական լրատվամիջոցներն են արձանագրել փաստերը, մինչդեռ հայկական կողմի համար նմանատիպ ոչ մի տեղեկություն չկա: 

Երրորդը, նրանք իրենց ռեպորտաժներում փաստավավերագրել ու տարածել էին Ղազախի սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ Քամառլիում, Ղուշչի Այրումում, Մազամում եւ այլուր հայկական պատասխան ու դիպուկ կրակահերթերի արդյունքում առաջացած խուճապը եւ բնակիչների փախուստը գյուղից: Ավելին, ի հակառակ Բաքվի բազմամյա քարոզչության, թե Ադրբեջանի մի քանի անգամ հզորացել է Հայաստանից, այդ տեսանյութերն ի ցույց էին դրել նշված գյուղերի թշվառությունը, աղքատությունը, բնակիչների սոցիալական անպաշտպանվածությունը ու պարտվածի հոգեբանությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների սպառնալիքները բնակիչներին, վերջապես՝ ընդդիմադիր ու անկախ լրագրողների հետ զրուցելու նրանց առաջադրած արգելքը:

Եւ չորրորդը, չինարեցի Կարեն Պետրոսյանի գերեվարումից հետո նույն լրատվամիջոցները, եւ առաջին հերթին «Ազատություն» ռադիոկայանը մերկացրել էին նրան դիվերսանտ ներկայացնելու պաշտոնական քարոզչության սնանկությունը: Միայն իրենց ռեպորտաժներում գյուղի բնակիչների սիրողական տեսանկարահանումների օգտագործումը, որտեղ երեւում է քաղաքացիական հագուստով անզեն ու խաղաղ ՀՀ քաղաքացին, բավարար դարձան արագ բացահայտելու դիվերսանտի մասին Ալիեւի վարչախմբի բլեֆը: Այդ ամենի խորապատկերին, մեկ օր անց գերության մեջ ու կալանքի պայմաններում Կարենի ոչ բնական մահը լրջորեն հարվածեց Ադրբեջանի միջազգային հեղինակությանը: Բաքվի հասցեին Ֆրանսիայի ԱԳՆ-ի ու ԱՄՆ պետքարտուղարության մեղադրանքները ու հետաքննության պահանջը, դրան Ադրբեջանի ԱԳՆ-ի օգոստոս 22-ի նյարդային արձագանքը ինքնին խոսուն են:

Եւ ահա, հերթական միջադեպն է արձանագրվում ի դեմս Սարգիս Անանյանի սահմանախախտման, որի ժամանակ վարչախմբի համար անվերահսկելի լրատվամիջոցը առաջ է անցնում Ադրբեջանի ՊՆ-ից, Քամառլիի գործադիր իշխանության ներկայացուցիչի հետ միասին նրան շտապում որակել «քաղաքացիական անձ», իսկ իշխանություններին զրկում դիվերսանտ ներկայացնելու հնարավորությունից (բացառել չի կարելի, որ եթե այդ ամենը տեղի ունեցած չլիներ, Անանյանի պարագայում էլ հրապարկվեին «առգրավված զինատեսակների» լուսանկարներ, ինչպես Կարեն Պետրոսյանի դեպքում արվեց):

Ադրբեջանական գերության մեջ սպանված չինարեցի Կարեն Պետրոսյանին ու Քամառլիի «հայ դիվերսանտի» առեղծվածին նվիրված մեր երկու վերլուծություններում արդեն իսկ նախազգուշացրել էինք աշնանը օրենսդրական փոփոխությունների մակարդակով անվերահսելի լրատվամիջոցներին պատժելու Ադրբեջանի իշխանությունների մտադրության մասին: Սակայն, ակնհայտորեն, Սարգիս Անանյանի դիպվածը հարկադրեց արագացնել դա, անգամ առանց ակնարկված փոփոխությունները կատարելու:

Պատժել խանգարողներին եւ նոր խոսել Սարգիս Անանյանի մասին

Օգոստոսի 26-ին Ալիեւի վարչակազմին սպասարկող լրատվամիջոցներում լայնորեն արտատպվեց ամերիկյան “Netsmart” պորտալում տպագրված հրեա Մաան Յաֆֆեի հոդվածը, ով նախկինում եղել է “The Jerusalem Post”-ի խմբագիրը եւ “Baltimore Jewish Times”-ի գլխավոր խմբագիրը: Ակնհայտորեն, Ալիեւի վարչախմբի պատվերով գրված այդ հոդվածում հեղինակը «կոչ էր անում ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ամերիկյան հարկատուների գումարները ԱՄՆ դաշնակիցների վրա գրոհող նախագծերի վրա ծախսելը», ինչ նշանակում էր՝ փակել «Ազատության» ադրբեջանական ծառայությունը:  Օգոստոսյան անհնազանդների վրա գրոհը, կարելի է ասել, սկսված էր: 

Օգոստոսի 29-ին այն պաշտոնականացրեց Ադրբեջանի նախագահականը՝ սպառնալիքների տարափ տեղալով «թշնամի» հռչակված լրատվամիջոցների գլխին: Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը, հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը, քաղաքական վերլուծությունների եւ ինֆորմացիոն ապահովման բաժնի ղեկավար Սաադաթ Յուսիֆովան եւ այլ պաշտոնատար անձինք «խորհրդակցության» կանչեցին իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին երկրի ինֆորմացիոն անվտանգության հարցերը քննարկելու համար:

Ռամիզ Մեհտիեւը իր ծավալուն զեկույցում նշել էր, թե բոլոր ոլորտներում Ադրբեջանի ու նրա նախագահի ձեռքբերած «նվաճումները» հանգիստ չեն տալիս միջազգային որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանին, նրա սփյուռքին ու հայկական ազդեցության տակ գտնվող միջազգային կառույցներին ու շրջանակներին, իսկ Ադրբեջանում որոշ ներքին «դեստրուկտիվ ուժեր» ու «սադրիչ խմբեր» «չարաշահելով Ադրբեջանի ժողովրդավարական եւ հանդուրժողականության միջավայրը», նրանց հետ ձեռք-ձեռքի տված «փորձում են հասարակությանը մոլորության մեջ գցել, խաթարել հասարակական-քաղաքական կայունությունը, սեւացնել երկրի կողմից ձեռքբերված կարեւոր նվաճումները»:  

Ավելի առարկայական, ինչպես պետական ու իշխանական լրատվամիջոցները՝ «Ազերթաջը» կամ day.az-ն են ներկայացրել, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել էր, որ «հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ զորքերի շփման գծում օգոստոսի սկզբին դիտված լարվածությունը ակնառու ցույց տվեց զանգվածային լրատվության որոշ միջոցների, մասնավորապես՝ ինտերնետ-ռեսուրսների անարհեստավարժ եւ օրենսդրության պահանջներին հակասող գործունեությունը, ինչպես նաեւ՝ համապատասխան պետական մարմինների՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների անկարողությունը պատշաճ կարգով իրականացնել իրենց գործառույթները:  Ռամիզ Մեհտիեւը կոնկրետ փաստեր բերեց շփման գծում կեղծ իրադրության, մեր զինվորական ստորաբաժանումների տեղաբաշխման ու տեղաշարժի, զոհված զինծառայողների թվի արհեստական չափազանցացման ու այդ թեմայով տարատեսակ շահարկվող տեղեկատվության տարածման, մերձսահմանային գոտում բնակվող բնակչության ու երկրի հասարակության մեջ խառնաշփոթ տեղծելու փորձերի, թշնամու շահերին ծառայող տեղեկատվական արտահոսքի  եւ այլնի վերաբերյալ»:

Մեհտիեւը նախազգուշացրել էր, որ պետության ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, հետախուզական, հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված տեղեկատվությունը, որը պահպանվում է պետության կողմից եւ որի տարածումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի անվտանգությանը, վերաբերում է պետական գաղտնիքի կատեգորիային եւ դրա հրապարակայնեցումը ենթադրում է պատասխանատվություն օրենքի առջեւ: Նշելով, թե նման դեպքերում միջազգային պրակտիկայում օրենսդրության պահանջներին համապատասխան կիրառվում են պատժամիջոցներ, Ռ.Մեհտիեւը ամփոփել էր. «Անկախ ձեւից եւ բովանդակությունից, Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանադրական կարգի, այդ թվում հասարակության տեղեկատվական անվտանգության եւ ազգային շահերի դեմ ցանկացած ոտնձգության կամ դրա փորձերի դեպքում իրավական շրջանակներում պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն եւ ես նախազգուշացնում եմ, այդպիսիք առաջիկայում էլ ձեռնարկվելու են»:

Նա լրատվամիջոցներին «խորհուրդ էր» տվել «ազգային շահերը վեր դասել ամեն ինչից», «քաղաքացիներին եւ հասարակությանը համախմբել միասնական նպատակի շուրջ», «երիտասարդ սերնդին դաստիարակել ազգային պետականությունը սիրելու թեմաներով», «լայնորեն ու օբյեկտիովերն լուսաբանել երկրում Ադրբեջանի նախագահի կողմից իրականցվող հաջող քաղաքականությունը»:

Իսկ խորհրդակցությանը ներկա haqqin.az լրատվամիջոցի ղեկավարը կոնկրետացել էր, որ  Մեհտիեւի ջախջախիչ քննադատության թիրախ են դարձել «Ազատություն» ռադիոկայանն ու «Ազադլիգ»/«Ազատությունը» թերթը, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովը, ովքեր քնադատել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարին ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհերի իրական թիվը կեղծելու, հայկական կողմի համեմատությամբ ավելի մեծ զոհեր տալու մեջ:

Մեհտիեւի արտահայտած զայրույթը թերեւս բացատրելու է գալիս, թե ինչու պետք է դրանից երկու օր առաջ ազատվեր Քամառլիի գործադիր իշխանության ներկայացուցիչ Դուրսունովը, ով այս էլ որերորդ անգամ «անկարող է գտնվում պատշաճ կարգով իրականացնել ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում տեղեկատվության տրամադրման գործառույթը»:

Օգոստոսի 29-ին, այն նույն ժամերին, երբ Մեհտիեւը սպառնում էր անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցներին ու նրանց «դավաճանության» օրինակներ բերում, Բաքվում ձերբակալվեց «Ազադլիգ» թերթի լրագրող, ընդդիմադիր ակտիվիստ Սեյմուր Խազին: Ինչպես որեւէ այլ բան սպասելի չէր, դատախազությունը երեկոյան հաղորդագրություն տարածեց, թե Ապշերոնի շրջանի ոստիկանությունը նրան ձերբակալել է խուլիգանության մեղադրանքով, քանի որ Խազին «չարամիտ գործողություններ է կատարել, որոնք ուղեկցվել են հասարակական կարգի կոպիտ խախտումով, քաղաքացիների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, առարկայի գործածությամբ, որը կարող է որպես զենք օգտագործվել»: Իսկ այդ առարկան ապակյա շիշն էր, որով նա իբրեւ հարվածել էր մեկ ուրիշ քաղաքացու:

Բաքվի համար լրագրողներին լռեցնելու այդ ձեւը ամենեւին նորություն չէր: Երեկ էլ Ուզեիր Ջաֆարովը իր ֆեյսբուքայն էջում ահազանգեց, որ երկու օր շարունակ իշխանության ամենավերին էշելոններից իրեն նախազգուշացնում են իր շուտափույթ ձերբակալության մասին:

Ինչեւէ, տեղի ունեցածը ցույց էր տալիս, թե որքան էր զայրացած Ալիեւի վարչակազմը օգոստոսյան արկածախնդրության ու այժմ նաեւ Քամռլիի հայ սահմանախախտի վերաբերյալ լրատվամիջոցների պահվածքից, որ արդեն կտրուկ քայլերի անցավ թե՛ իշխանության տեղական ներկայացուցիչին պաշտոնազրկելու, թե՛ նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցներին «նախազգուշացնելու» քայլերով, միանգամայն գիտակցելով, որ դա հերթական հարվածն է հասցնելու երկրի միջազգային հեղինակությանը:

Ուստի Ալիեւի վարչախմբին մնում էր այդ ամենը չեզոքացնելու նպատակով որոշ ցուցադրական քայլեր նույնպես կատարել:

Ինչո՞ւ Բաքուն այժմ խոսեց Սարգիս Անանյանի մասին

Ինչպես կնկատենք, դրա պատճառները քիչ կարեւոր չեն Ալիեւի վարչախմբի համար:

Առաջինը, օգոստոսի 29-ին հրապարակայնացվեց, որ օգոստոսի 26-ին՝ Սարգիս Անանյանի Ադրբեջանում հայտնվելու օրը, 2013-ի օգոստոսի 7-8-ին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր: Սա Ադրբեջանի վարկաբեկված հեղինակությունը փրկելու քայլ էր, հատկապես Կարեն Պետրոսյանի՝ գերության պայմաններում սպանությունից հետո:  

Մեկ օր անց՝ օգոստոսի 30-ին հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Թուրան» գործակալությանը տված  հարցազրույցը, որում դեսպանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեց «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ (կալանքի պայմաններում քաղաքացիական զոհերի ու վիրավորների) դեպքերը լիարժեք հետաքննելու համար: Դա ոչ միայն ճիշտ վարվելու խնդիր է, այլեւ միջազգային մարդասիրական իրավունքի հարց: <…> Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պետք է նաեւ քնարկում լինի ԵԱՀԿ շրջանակներում: Մենք աջակցում ենք դրան, համանախագահներն էլ աջակցել են, սակայն, անշուշտ, կողմերի հայեցողության վրա է: Նրանք պետք է համաձայնության գան դրա շուրջ, իսկ մենք կողջունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված քննարկումը այդպիսի հետաքննության մեխանիզմ ներդնելու պայմանների վերաբերյալ»:

Ուորլիքը նաեւ կանոնավոր հանդիպումների կոչ արեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին, առաջարկելով նախ սեպտեմբերի 4-ին հանդիպել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի, դրանից հետո՝ ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակներում ու ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ, եւ ապա՝ հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո:

Բաքվում հասկանում էին, որ այդ հանդիպումների ընթացքում Ուորլիքի առաջադրած հարցերի, այդ թվում հետաքննության մեխանիզմների ներդրման քննարկումները պետք է սկսվեն: Երեկ հայտնի դարձավ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները մասնակցելու են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Իսկ սա նշանակում է, որ Ալիեւի իշխանությունն ավելի քան հարկադրված էր որոշ քայլեր կատարել թե՛ երկրի հեղինակության վերականգնման, թե՛ նաեւ Սարգիս Անանյանի անձի հրապարակայնացման հարցերով: Ահա, թե ինչու գոնե այժմ Բաքուն պետք է խոսեր «ներքին թշնամիներին» պատժելուց հետո եւ մինչեւ այդ հանդիպումը:

Այսպիսով, ամփոփենք Քամառլիի հայ սահմանախախտի կապակցությամբ Բաքվում կատարվածը. օգոստոսի 26-ին Քամառլիի գործադիր իշխանության ներկայացուցիչն ու ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները հերթական անգամ անհարմար վիճակ ստեղծեցին պաշտոնական Բաքվի համար՝ նրան զրկելով Սարգիս Անանյանին դիվերսանտ ներկայացնելու հնարավորությունից, ինչի գայթակղությունը մեծ էր ամենասկզբում: Հայաստանի կողմից թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական սահմանխախտման փաստի մերժումը կատարյալ շփոթի մատնեց Ադրբեջանի ՊՆ-ին, ով օրեր շարունակ չկարողացավ Երեւանին խոսեցնել:

Օգոստոսի սկզբից ի վեր անկախ լրատվամիջոցների ու Ղազախի շրջանում գործադիր իշխանության ներկայացուցիչների վրա զայրացած Ալիեւի վարչախումբը պատժիչ գործողությունների անցավ նրանց հանդեպ՝ աշխատանքից ազատելով նախ Քամառլիի գործադիր իշխանության ներկայացուցիչին, ապա «կենցաղային հողի վրա կատարված հանցագործության մեղադրանքով» ձերբակալելով ընդդիմադիր լրագրողին՝ որպես նախազգուշացում բոլոր «անհնազանդներին»:

Որքան էլ Բաքվում ցանկացան այդ պատիժները ուղղակիորեն չկապել թվարկվածների հետ, այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահականը բացահայտ հայտարարեց, որ նրանք գործել եւ գործում են երկրի անվտանգության դեմ, հաճախ խափանելով իշխանությունների արտաքին քաղաքական, ռազմական, հետախուզական ու հակահետախուզական որոշ գործառույթներ, որոնց թվում հասկանալիորեն Բաքուն դասում է նաեւ Կարեն Պետրոսյանին, այժմ էլ Սարգիս Անանյանին դիվերսանտ ներկայացնելու տապալված օպերացիան:

Անգլիայում Հայաստանի նախագահի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սսավող հանդիպման ժամանակ իր բանակցային դիքրերը փոքր-ինչ լավացնելու համար Բաքուն դրա նախաշեմին ստիպված էր թե՛ երրորդ երկիր հանձնել հայ գերի Հակոբ Ինջիղուլյանին, թե՛ նաեւ PR արշավ սկսել Սարգիս Անանյանի դեպքով, հատկապես երբ նրա հարցով երկար լռություն պահելը կարող էր վտանգավոր լինել:

Եւ ահա, սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ը բարձրաձայնեց Անանյանի՝ իր մոտ գտնվելու փաստը ու մատուցեց, թե նրա հետ վարվում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված կանոններին համապատասխան՝ հերքելու համար մինչ այդ Կարեն Պետրոսյանի դեպքով իրեն ներկայացված մեղադրանքները: Վստահաբար, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում սպասվող հայ-ադրբեջանական հանդիպմանը նա շահարկելու է այս ամենը:

Միաժամանակ, Բաքուն վերսկսեց այն ներքին քարոզչության նպատակներով օգտագործելը, փորձելով պայքարել Քամառլիի սինդրոմի դեմ ու շարունակելով սեփական հասարակությանը ներարկել Ալիեւի հաղթողական, մարտունակ բանակի ու հզորացող Ադրբեջանի միֆը:

Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը սեպտեմբերի 3-ին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, թե պաշտոնական Բաքուն դեռեւս չի շտապում պատասխանել Կարմիր խաչի դիմումին՝ տեսակցություն կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանն անցած Հայաստանի քաղաքացու հետ։ 

Թե ուրիշ ինչի՞ց է անհանգստանում Ալիեւի վարչակազմը, կերեւա առաջիկայում:

Առաջին լուսանկարում` նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter