HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բաց նամակ է հղել վարչապետ Հովիկ Աբարահմյանին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Ձեզ դիմում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ այն մարդկանց անունից, ովքեր այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով:

Պետական գնումների միջոցով դեռևս 2013 թվականի աշնանը ձեռք է բերվել դեղորայք, որը, ի տարբերություն նախկին դեղամիջոցի, որևէ դրական ազդեցություն չի գործել պետության հոգածության ներքո գտնվող և անվճար դեղորայք ստացող մեր շահառուների առողջական վիճակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացասական հետևանքներ է առաջացրել: Խնդրի վերաբերյալ մի քանի անգամ դիմումներ են ներկայացվել առողջապահության նախարարություն, այդ թվում` ներկայիս նախարար Արմեն Մուրադյանին, սակայն պատասխանատու գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից ստացված պատասխանները միշտ եղել են նույնաբովանդակ, ինչը առաջացրել է առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված այդ մարդկանց և նրանց հարազատների հիասթափությունն ու դժգոհությունը: Առողջապահության նախարարությունն ամեն անգամ տվել է նույն անընդունելի պարզաբանումն այն մասին, որ դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, և նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին: Այդ անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրանց ստիպված տեղավորել են հոգեբուժական հաստատություններում` ստացիոնար բուժման: Միթե՞ այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին: Այս ցավալի խնդրով դիմել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ով, ուսումնասիրելով այն, հորդորել է լուծում տալ դրան, սակայն մինչ օրս առողջապահության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Խնդրում ենք Ձեր անմիջական հանձնարարականը խնդիրը կարգավորելու վերաբերյալ, որը հնարավոր է բացառապես ցածրորակ, անօգուտ դեղորայքը շրջանառությունից հանելու և դրա ձեռքբերման վրա պետական միջոցների վատնումը բացառելու ճանապարհով»:

Մեկնաբանություններ (1)

karina
Հետաքրքիր է թե ինչ լուծում է տալու այս հույժ կարևոր խնդրին պրն.Վարչապետը...արդեն անցել 7-օր...մի գուցե այս կառույցի մամլո խոսնակը մի որևէ ինֆորմացիա կտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter