HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԱՏՕ-ի ղարաբաղյան նոր ուղերձը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սեպտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովն Ուելսում (Միացյալ Թագավորություն) եզրափակիչ փաստաթուղթ ընդունեց, որի երկու կետերը ուղղակիորեն վերաբերում են Հարավային Կովկասին ու ղարաբաղյան հակամարտությանը:

ՆԱՏՕ-ն երբեք հարվակովկասյան հակամարտություններում ներգարվվելու  շահագրգռություն չի ցուցաբերել, թեպետ դրա համար անհրաժեշտ իրավական հիմք էլ չունի. հակամարտություններ ունեցող հարավկովկասյան երեք հանրապետություններից ոչ մեկ ՆԱՏՕ-ի անդամ չէ:

2008թ. վրաց-ռուսական 5-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն այդպիսի քաղաքական շահագրգռություն չունի անգամ Վրաստանի դեպքում, ում արտաքին քաղաքական օրակարգում հստակ դրված էր Հյուսիս-ատլանտյան դաշինքին անդամակցության նպատակը, իսկ դաշինքն էլ նրա եւ այլ շահագրգիռ պետությունների համար հայտարարել էր «բաց դռների» քաղաքականություն, այլ նաեւ զգուշացավ Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալուց:

Հետեւաբար, ղարաբաղյան հակամարտության պարագայում ՆԱՏՕ-ի ներգրավվածության շահագրգռությունների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Այն, ինչ Հայաստանին կարող էր/է հետաքրքրել ՆԱՏՕ-ի կողմից որեւէ փաստաթուղթ ընդունելիս, դա նրա քաղաքական դիրքորոշումն է: Իսկ Ուելսում ընդունված փաստաթուղթը էապես տարբերվում է նախկիններից:

Հիշեցնենք, որ դրանցում ՆԱՏՕ-ն մշտապես բավարարվել է Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով ու նրանց հակամարտությունները այդ հենքի վրա լուծելու դիրքորոշմամբ: Իսկ մինչեւ Ուելսյան հռչակագրի դրույթների վերլուծությունը, անդրադառնանք, թե ի՞նչ էին ակնկալում Երեւանը, Անկարան եւ Բաքուն Հյուսիս-ատլանտյան դաշինքից:

Էրդողանի խոստումը, Երեւանի արձագանքն ու եռակողմ հանդիպումը

Կարելի է ասել՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները Ուելս մեկնեցին Բաքվից, որտեղ ի թիվս այլ խնդիրների, Էրդողանն ու Ալիեւը քննարկել էին նաեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին վերաբերող հարցեր: Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ սեպտեմբերի 3-ին Իլհամ Ալիեւի հետ բրիֆինգի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ կմտցվի, եւ Թուրքիան պլանավորում է Հյուսիսատլանտյան դաշինքին հիշեցնել Ադրբեջանին տրված խոստումների կարեւորության մասին, ինչպես որ այլ երկրների դեպքում է. «Դա Ադրբեջանի իրավունքն է, եւ երկրին տրված խոստումները պետք է կատարվեն: Թուրքիան պատրաստ է վճռականություն ցուցաբերել այս հարցում»,-Բաքվում ադրբեջանահաճո հայտարարություն էր արել Էրդողանը:

Նշելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն ու երկու երկրների հարաբերությունների մակարդակի ցուցիչ է, նա հավելել էր. «Եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ-թուրքական խնդիրը: Սակայն, եթե առաջին խնդիրը չլուծվի, ապա երկրորդն էլ կմնա նույն վիճակում: Դրա մասին մենք նախկինում էլ ենք հայտարարել, եւ ես նորից կրկնում եմ: Մեր զորակցությունն այդ հարցում առաջիկայում էլ նույնքան վճռական է լինելու»: Թերեւս, սա արդեն Արեւմուտքին ու հայ-թուրքական սահմանի բացմամբ շահագրգռված ՆԱՏՕ-ական դաշնակիցներին հասցեագրված շանտաժ-ուղերձ էր:

Էրդողանի այս հայտարարություններն այնքան զայրացրեցին Քարդիֆ ուղեւորվող Սերժ Սարգսյանին, որ նրա խոսնակ Արման Սաղաթելյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում կատարեց, թե «Բաքվում Էրդողանը Ալիեւի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»: Նախագահի խոսնակի շուրթերով պաշտոնական Երեւանի այսպիսի արձագանքի թիրախը Անկարայի գլխավոր ռազմավարական նպատակն էր, այն է՝ հայ-թուրքական գործընթացի միջոցով ներգրավվել կովկասյան հարցերում, առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտության մեջ: Ի դեպ, այս ուղերձը ամենեւին հայկական ծագումնաբանություն չունի: Ոչ հեռու անցյալում ամերիկյան կողմն էր Անկարային վերստին հասկացրել, որ եթե նա ցանկանում է Կովկասում լիակատար «հաջողության հասնել», ապա պետք է նորմալացնի հարաբերությունները Երեւանի հետ:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որ մեծ ջանքեր էր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հադիպեցնելու ուղղությամբ եւ անուղղակի ակնարկել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարող է իր դերակատարումը բերել հակամարտության կարգավորման գործընթացին, մինչ այդ թվիթերում ազդարարեց. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այսօր ներկա են լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սպասվում է մեր ընդհանուր արժեքների եւ նպատակների վերաբերյալ կտրուկ հայտարարություն»: 

Այնուհետեւ, ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումների գրաֆիկը, որով հաստատեց Ուելսի ժամանակով 17:30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու փաստը:

Հայաստանի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ ամերիկյանի կողմի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպմանը «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր» եւ «կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում»:

Պաշտոնական Երեւանի փոխանցմամբ՝ «Պետքարտուղար Քերին իր խոսքում  եւս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը եւ կոչ է արել գտնել  մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման եւ կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման համար»: Դրանից զատ՝ «Ջոն Քերին կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցությունների շարունակումը եւ իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարեւոր է կողմերի քաղաքական կամքը»:

Այդ նույն հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ ԱՄՆ պետքարտուղարը «լուրջ մտահոգություն հայտնեց շփման գծի երկայնքով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի՝ 1994թ. հրադադարի հաստատումից հետո այս հակամարտության ամենաթեժ շրջանի վերաբերյալ: Միացյալ Նահանգները  հավատացած է, որ թշնամանքի դադարեցումն ու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խաղաղություն ու բարեկեցություն կբերի երկու երկրների ժողովուրդներին ու կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում: Այս նպատակներից ելնելով՝ պետքարտուղար Քերրին կոչ արեց նախագահներին խստիվ հարգել հրադադարի ռեժիմը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:

Ապա հաղորդագրության մեջ կարդում ենք. «Պետքարտուղար  Քերրին  խրախուսեց նախագահներին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր պատրաստ են օգնել կողմերին խնդրի խաղաղ ու տեւական կարգավորման հասնելու գործում: Նա նաեւ ջերմորեն ողջունեց նախագահների համաձայնությունը կարգավորման հիմնական տարրերի շուրջ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ իրենց համաձայնությունը տալու համար: Նա կողմերին կոչ արեց Մինսկի խմբի ձեւաչափում ձեռնամուխ լինել առավել հիմնարար բանակցային գործընթացի, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ի շվեյցարացի գործող նախագահը: Անընդմեջ գործընթացն անհրաժեշտ է, որպեսզի կողմերի միջեւ վստահությունը մեծանա ու հասնեն այն պահին, երբ կարելի է հաստատել տեւական խաղաղություն, որին արժանի է տարածաշրջանը»:

Ինչպես նկատելի է, ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը շատ ավելի խիստ է նախագահներին ուղղված պետքարտուղարի խոսքերը շարադրելիս, քան նույնիսկ ՀՀ նախագահականի հաղորդագրությունն է, թեպետ բովանդակային առումով նրանք նույնական են: Ադրբեջանական կողմը՝ լրատվամիջոցները կա՛մ դիմեցին Հայաստանի նախագահականի հաղորդագրությունը հակիրճ վերատպելուն, կա՛մ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունն այնպես վերաշարադրելուն, որ դրանից դուրս մնան «խստիվ հարգել հրադադարի ռեժիմը» կամ ուղիղ մեջբերված խոսքում կրճատվեն «շարունակել երկխոսությունը կարգավորման հիմնական տարրերի շուրջ» եւ նման այլ ձեւակերպումներ:

Այդպիսով, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից հռչակագրի ընդունման նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը գրեթե ներկայացրել էր դրանում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող առանցքային պահերը՝ նախագահները պետք է (1) հակամարտությունը կարգավորեն խաղաղ ճանապարհով՝ խստիվ հարգելով հրադադարի ռեժիմը, բացառելով ռազմական լուծումն ու քաղաքական կամք ցուցաբերելով (2) քայլեր ձեռնարկեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ՝ իբրեւ դրա քայլերից մեկը անընդմեջ հանդիպելով այնքան, մինչեւ տեւական խաղաղություն հաստատելու պահը կհասնի (3) ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ձեռնամուխ լինեն առավել հիմնարար բանակցային գործընթացի` շարունակելով երկխոսությունը կարգավորման հիմնական տարրերի շուրջ:

Պաշտոնական Բաքուն շոկի մեջ է

Ադրբեջանական կողմի զայրույթը գագաթաժողովի առաջին օրը մի քանի պատճառ ուներ: Նախ՝ որ պետքարտուղար Քերին խստիվ պահանջել էր հարգել հրադադարի ռեժիմը: Մինչդեռ Ալիեւը հատկապես վերջին ամիսներին Հայաստանին, Արցախին ու միջազգային հանրությանը սպառնում էր ռազմական եղանակով լուծել հակամարտությունը եւ որ ինքը դրա «իրավունքն ունի միջազգային կառույցներում ընդունված բոլոր փաստաթղթերով»: Դրա տեղի չունենալու համար Ալիեւը պահանջում էր անհապաղ իրագործել ՄԱԿ չորս բանաձեւերը, այլապես ինքը դա կանի ռազմական եղանակով:

Ապա՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կոչ էր անում թե՛ Հայաստանի նախագահի հետ անընդմեջ հանդիպումներով, թե՛ վստահության ամրապնդման այլ հանրահայտ մեխանիզմներով քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ ու սեփական հասարակությանը նախապատրաստել խաղաղության: Սրան հակառակ էլ վերջին տարիներին ու հատկապես ամիսներին Ալիեւն իր հայատյաց հռետորաբանությամբ, ռազմական ներխուժման տապալված փորձով անպատկերացնելի խորացրել է թշնամությունը: Ավելին՝ նա վայրագ եղանակներով շարունակում է գրոհել քաղաքացիական մակարդակով վստահություն կառուցող ժողովրդական դիվանագիտության ադրբեջանցի հիմնական դերակատարների վրա ու նրանց բանտարկել է Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքներով:

Վերջապես, Քերրին Ալիեւին ուղարկել էր Մինսկի խմբի ձեւաչափ, որից վերջին ամիսներին հրաժարվելու ու շանտաժի փորձեր է անում պաշտոնական Բաքուն: Դրան էլ գումարենք այն, որ ԱՄՆ պետքարտուղարի խոսքից ամենեւին չի բխում, թե հակամարտությունը շուտափույթ կարգավորվելու է, ինչում շտապում է Ալիեւը. նախ նա պետք է այդ ձեւաչափում տեւապես ու կանոնավոր հանդիպի Հայաստանի նախագահի հետ, աստիճանաբար վերականգնի վստահությունը, ապա քաղաքական կամք ցուցաբերի կարգավորման հրապարակված տարրերի շուրջ համաձայնության գալու հարցում: Դա նշանակում է՝ տեւական աշխատանք Ալիեւի կողմից անհանդուրժելի հռչակված ստատուս քվոյի պայմաններում: Սա՝ հանդիպման բովանդակային մասով:

Սակայն մի բան էլ տեղի ունեցավ Նյուպորտում, որը կատաղության հասցրեց ադրբեջանական կողմին: Իսկ այդ ամենի արտացոլումը տեսանելի էր հաջորդած ժամերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտնող հակամերիկյան, հակաՆԱՏՕ-ական պոռթկումներում: Հանդիպման սենյակ մտնելով, ԱՄՆ պետքարտուղարը ողջունել էր Հայաստանի նախագահին ու արտգործնախարարին եւ անտեսել Ադրբեջանի նախագահին ու արտգործնախարարին, ովքեր սենյակում հայկական պատվիրակության կողքը չկանգնելու համար սպասում էին հենց այն մուտքի մոտ, որով ներս մտավ ԱՄՆ պետքարտուղարը:

Որքան էլ Քերին քիչ անց հետեւից իրեն մոտեցած Ալիեւին «զարմանքով» հարցներ, թե «այդ որտե՞ղ էիք թաքնվել», իսկ վերջինս էլ անհարմար վիճակից դուրս գալու համար պատասխաներ՝ «ձեր թիկունքում էի» (կամ մեկնաբանվի), թե Քերին Ալիեւին շփոթել է Սերժ Սարգսյանի թիկնապահի հետ), կամ տեղի ունեցածը համարեն արարողակարգային վրիպում, ակնհայտորեն ԱՄՆ պետքարտուղարը հրաշալի գիտեր, որ այնտեղ երկու պատվիրակությունների՝ երկու նախագահների է ողջունելու: Մինչդեռ նա Հայաստանի պատվիրակությանը ողջունելուց հետո անգամ երկրորդին չփնտրեց էլ, եւ փորձեց անմիջապես սկսել հանդիպումը…

Մեկ օրվա մեջ այսքան ապտակները Ադրբեջանին ե՛ւ շատ էին, ե՛ւ ոչ առանց պատճառի (դրանց առանձին կանդրադառնանք): Ուստի, դժվար թե Ադրբեջանի նախագահականն այդ օրը եռակողմ հանդիպման մասին հաղորդագրություն կամ տեսակադրեր տարածելու բուռն շահագրգռություն ունենար, ինչպես որ Երեւանը. Քերիի դիրքորոշումների մեծ մասը, եթե ոչ ամբողջը Երեւանի համար ընդունելի էին:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ուորլիքը թվիթերում հերթական գրառումը կատարեց եռակողմ հանդիպման մասին. «Պետքարտուղար Քերին Ուելսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ արդյունավետ բանակցություն է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել»:

 Նախագահական փոխհրաձգություն հռչակագրի ձեւակերպումների շուրջ 

Չնայած ԱՄՆ պետքարտուղարը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին ընդհանուր գծերով ներկայացրել էր հաջորդ օրն ընդունվելիք հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող դրույթներն ու ՆԱՏՕ-ի մոտեցումը, այդուհանդերձ, պաշտոնական Երեւանն ու Բաքուն գագաթաժողովի ժամանակ շարունակեցին փոխհարձգությունն ու պայքարը հռչակագրի ձեւակերպումների շուրջ:

Ելույթ ունենալով Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերում ներդրում կատարող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, եւ խոսելով դրանում Հայաստան-ՆԱՏՕ վերընթաց համագործակցությունից, Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ Հայաստանում լավ գիտեն թե´ անվտանգության, թե´ խաղաղության գինը։ Նրա խոսքով, դրանց համար Հայաստանը ստիպված է պայքարել գրեթե ամեն օր. «Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որեւէ արժեք չտվող ու նման թղթերից թեւեր առնող Ադրբեջանը»:

Եթե ավելի հստակեցնենք Սերժ Սարգսյանի ուղերձները, ապա նա նախ ակնկալություն հայտնեց, որ (1)ընդունվելիք հռչակագրում կամրագրվեն ԵԱՀԿ համանախագահող երկրներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի մոտեցումները (Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մինչ այդ հանդիպել էին նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, անդրադարձել ղարաբաղյան խնդրին ու ակնհայտորեն հաստատել հոկտեմբերի վերջին Փարիզում հանդիպելու պատրաստակամությունը), (2)ՆԱՏՕ-ն կհրաժարվի նախկին հռչակագրերի ձեւակերպումներից, որոնք լուռ խրախուսել են «թղթերից» ոգեւորվող Ադրբեջանում այլատյացության, թշնամանքի խորացումն ու հանգեցրել Բաքվի ռազմական արկածախնդրությանը, (3) նախկին ձեւակերպումների համար լոբբինգ իրականացնող Թուրքիայի նախագահը  թե՛ փորձում է փրկել բռնապետ Ալիեւի դեմքը, թե՛ նաեւ շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությունը վտանգելու հարցում:

Դրան ի պատասխան՝ Ալիեւն իր ելույթում արդարացավ . «Ադրբեջանը մի երկիրն է, որը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովելու գործում: Դրան զուգընթաց, այսօր մեր տարածաշրջանում  անվտանգության ամենամեծ վտանգը Հայաստանի զավթողական քաղաքականությունն է, որը  բռնազավթած է պահում Լեռնային Ղարաբաղն ու յոթ հարակից շրջանները, ինչը Ադրբեջանի տարածքի քսան տոկոսն է կազմում: Հայաստանն ադրբեջանցիների դեմ էթնիկ զտման քաղաքականություն է իրականացրել, որի արդյունքում ավելի քան 1 միլիոն մարդ փախստականի եւ հարկադիր տեղահանվածի կարգավիճակում է հայտնվել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը պահանջում են գրավյալ տարածքներից հայկական զորքերի անհապաղ եւ անվերապահ դուրս բերում: Ցավոք, Հայաստանը շարունակում է դրանք անտեսել, եւ հակամարտությունը մնում է չլուծված»:

Այնուհետւ Ալիեւը պահանջեց. «Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային նորմերի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրաՄենք բարձր ենք գնահատում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն ու լիակատար աջակցությունն այս հարցով, որը նա նախորդ գագաթաժողովներում ցուցաբերել է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ: Մենք վճռականորեն հավատում ենք, որ ՆԱՏՕ-ի նվիրվածությունը միջազգային իրավունքի այդ կարեւոր հատվածին կշարունակվի նաեւ առաջիկայում: Այդպիսով, այն միանշանակ նպաստում է արդարության վերականգնմանը եւ այնպիսի սխալական կարծիքի մերժմանը, ինչպիսին միջազգային մակարդակով ճանաչված սահմանների ուժային փոփոխությունն է»:

Եթե ամիսներ առաջ Ալիեւը իր նստավայրից միջազգային կառույցներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին էր մեղադրում իրենց համար կարեւոր հարցերով ցանկալի որոշումներն արագ ընդունելու ու իրականացնելու, իսկ Ադրբեջանին վերաբերողները 22 տարի անտեսելու մեջ (վերջին այդպիսի դրսեւորումը հունիսին Բաքվում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում նրա բացման խոսքն էր), ապա այժմ ընդամենը Հայաստանին էր մեղադրում ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերը չկատարելու մեջ: Ալիեւի վարքագծում փոփոխությունը չափազանց տեսանելի էր, աշխարհի հզորների առջեւ վախվորածությունը՝ ակնհայտ:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին թուրքական Անադոլու գործակալությունը հաղորդեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում մասնակցել է պետության ու կառավարության ղեկավարների մակարդակով կայացած ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստին: Ըստ գործակալության փոխանցման`  Էրդողանը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանին տրված խոստման կատարումը կարեւոր է: Ղարաբաղյան խնդրի լուծումը տարածքային ամբողջականության շրջանակներում մեծ նշանակություն ունի եւ այդ հակամարտությունը պետք է լուծվի»: Նա նաեւ Թուրքիայի անունից զորակցություն էր  հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ազգային միասնությանը, ու վերստին հայտարարել, թե չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը, ինչպես նաեւ անթույլատրելի է համարել Ղրիմի թաթարների մեկուսացումն ու ճնշումը: Իսկ թե ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանին տրված ի՞նչ խոստում չկատարելու մասին է  խոսել Էրդողանը, տակավին անհայտ է:

Ինչի մասին է հռչակագիրը. երկիմաստ տե՞քստ, թե՞ հստակ դիրքորոշում

Սեպտեմբերի 5-ին գագաթաժողովի աշխատանքները եզրափակվեցին ՆԱՏՕ-ի Ուելսյան հռչակագրի ընդունմամբ: Հարավային Կովկասին նվիրված 30-րդ կետում ասված է. «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան եւ ռազմական ներխուժումը Արեւելյան Ուկրաինա ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական գործընկերների մոտ առաջ են քաշել հիմնավոր մտավախություններ։ Դաշինքը շարունակելու է աջակցել իր գործընկերներին՝ արտաքին եւ անվտանգության քաղաքականությունում ինքնուրույն եւ սուվերեն ընտրություն կատարելու իրավունքի ապահովման հարցում՝ առանց արտաքին ճնշումների ազդեցության։ Դաշնակիցները նաեւ հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանն աջակցելուն»:  

Ուշագրավ է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումը 31-րդ կետի ներքո. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների եւ միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ»:   

ՆԱՏՕ-ի նախկին հռչակագրերի ձեւակերպումների խորապատկերին Հայաստանի համար սա անշուշտ առաջընթաց էր, որքան էլ որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները բացված տեսքով թվարկված չեն: Սակայն, ակնհայտ է մի բան. ՆԱՏՕ-ն ճանաչելով թվարկված երկրների «տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը», հաջորդ կետում ճանաչում է նաեւ նրանց տարածքում ՄԱԿ կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի մյուս սկզբունքների գործողությունը: Իսկ Դաշինքն ու նրա անդամ պետությունները վստահաբար դրանք չեն կարդում այնպես եւ/կամ այն հիերարխիայով, ինչ Ադրբեջանի նախագահը:

Դժվար չէ նկատել, որ բուն հակամարտությունների կարգավորմանը վերաբերող կետում ՆԱՏՕ-ն Ադրբեջանի կողմից նախապատվելի միակ սկզբունքը՝ տարածքային ամբողջականությունը զուգակցել է նրան գրգռողների հետ՝ «հենվելով հիշատակված սկզբունքների  եւ միջազգային իրավական նորմերի (տարածքային ամբողջականության, մեկ այլ երկրի տարածք ռազմական ներխուժման անթույլատրելիության, երկրների՝ առանց արտաքին ճնշումների ինքնուրույնաբար արտաքին ու անվտանգության քաղաքականություն վարելու եւ այլն-Ս.Ս), ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»: Իսկ սա այն է, ինչ մշտապես ասվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ու համանախագահող երկրների նախագահների կողմից՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն, եւ որը մշտապես ողջունվել է պաշտոնական Երեւանի կողմից:

Ավելին, ակնառու է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչվում են ընդդեմ Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականության, ղրիմյան անեքսիայի ու «արտաքին եւ անվտանգության քաղաքականությունում ինքնուրույն եւ սուվերեն ընտրություն կատարելու իրավունքի» իրացման համատեքստում: Ղարաբաղյան եւ նույնիսկ մյուս հին՝ աբխազական, հարավօսական ու մերձդնեստրյան հակամարտությունները առանձնացված են ղրիմյան բռնակցումից եւ պատահական չէ, որ նրանք առանձին կետով են դիտարկվում:

Հռչակագրում նման տարանջատումը եւ ղրիմյան բռնակցման համատեքստում նշված պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության ճանաչումը բացառապես պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, Ղրիմի «կամարտահայտությունը» չճանաչելու Արեւմուտքի՝ արդեն իսկ հայտնած դիրքորոշմամբ: Սա հատուկ շեշտում ենք՝ ցույց տալու համար, որ հռչակագրի այսպիսի տեքստը անգամ կապ էլ չունի Թուրքիայի նախագահի լոբբինգի ու ելույթների հետ: Այդ ամենը չլիներ էլ, ներկայիս իրավիճակում հռչակագիրը այլ տեսք ունենալ չէր էլ կարող: Իսկ թե ինչպե՞ս Ալիեւն ու Էրդողանը ադրբեջանական հանրության վրա կվաճառեն խրոխտ ելույթները իրենց դեմքը փրկելու համար, դա արդեն հակամարտությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշման իրական պատճառների հետ կապ չունի:

Ադրբեջանին չի կարող ուրախացնել ոչ այն, որ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի «անվերապահ ու անհապաղ» կատարման հիշատակումը չկա, ոչ էլ այն, որ խնդիրը լուծելու համար իրեն ցույց է տրվել Ալիեւին հիասթափեցրած ու հուսահատեցրած ԵԱՀԿ Մինկի խմբի ձեւաչափը, հանձնարարվել է բացառապես գործել այդ ձեւաչափում, հզոր քաղաքական կամք ցուցաբերել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ ու քննարկել ոչ թե ամբողջը, այլ մաս ստանալու տարբերակը:

Թերեւս, Հայաստանն էլ առանձնապես ցնծալու բան չունի: Միակ դրականը այն է (իսկ դա քիչ չէ), որ սառույցը հալվեց եւ ՆԱՏՕ-ի նախկին հռչակագրերի բառաֆոնդը ղարաբաղյան խնդրով փոքր-ինչ մոտեցվեց ԵԱՀԿ բառաֆոնդին: Ավելին ղարաբաղյան խնդրով ստանալ հնարավոր չէր. Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնորդ երկիր չէ, որ սիրաշահեն ու գրավեն, Ադրբեջանի հետ հարաբերություններն իսպառ խզելու իրավիճակ էլ առկա չէ:

Նույն ձեւով փաստաթղթի այսպիսի տեսքը պետք չէ վերագրել նաեւ պաշտոնական Երեւանի կատարած աշխատանքին: Ադրբեջանի դեմ առաջին հերթին աշխատել է Իլհամ Ալիեւը՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանում ու Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի բազում շահեր ՝ ժողովրդավարության հաստատում-մարդու իրավունքներից մինչեւ էներգետիկ ու հաղորդակցական ծրագրերի համար լուրջ ռիսկերի ստեղծում ռազմական արկածախնդրության միջոցով: Դրան էլ հավելած վերջին ամիսներին Ալիեւի վարչախմբի հակարեւմտյան լուրջ դիրքավորումն ու հռետորաբանությունը:

Այս խորապատկերին եթե Երեւանը ոչ միայն սեպտեմբերի 4-ին, այլ նաեւ 5-ին շարունակեց զուսպ ներկայացնել գագաթաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությունն ու ՆԱՏՕ-ի ընդունած հռչակագրի դրույթներն առանց որեւէ հատված կամ մաս թաքցնելու-շրջանցելու, ապա Բաքվում պատկերն այլ էր:

Սեպտեմբերի 4-ի հիասթափություններից ու պաշտոնական լռությունից հետո, հաջորդ օրը Ադրբեջանի նախագահականն  ու իշխանական ԶԼՄ-ները  նախ տարածեցին Ալիեւի ելույթի տեքստը, ապա օրվա վերջում կրկին «ընտրողական ընթերցման ենթարկեցին» Ուելսյան հռչակագիրը, ներկայացրին նրա պատառիկներն ու կեղծեցին, թե ՆԱՏՕ-ն նախկինի նման միայն աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Լայնորեն քարոզվեց նաեւ, թե եղբայրական Թուրքիայի նախագահը պահել է իր խոստումը:

Միաժամանակ, հանրության ուշադրությունը շեղելու ու Ալիեւի դեմքը փրկելու քարոզչության շրջանակներում նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը սոցցանցերում իր կատարած «գրառումների շարքով» ու մեկնաբանություններով լրահոսը լցրեց անհեթեթություններով. իբրեւ Քերիի «հայացքից» ու հայտարարություններից (թե ո՞ր, չի նշում) ինքը եզրակացրել է, որ նա Իլհամ Ալիեւի տեսակետներն ավելի լավ է ընկալում, կամ որ՝ «Սերժ Սարգսյանի պահվածքը գագաթաժողովում ադեկվատ չի եղել», կամ էլ՝ «նա ճնշված հոգեվիճակում է եղել»  եւ նման հիմարություններ: Եւ փաստաթղթի ոչ մի համապարփակ վերլուծություն: Լավագույն դեպքում՝ մեջբերումներ Ալիեւի ելույթից:       

Իսկ Հայաստանի մասնակցությունն այս գագաթաժողովին անհրաժեշտություն էր նաեւ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելու եւ արեւմտյան գործընկերների մոտ 2013թ. սեպտեմբեր 3-ից հետո խաթարված հեղինակությունը վերականգնելու տեսանկյունից: Ճշգրիտ ներկայացվելու դեպքում այն անգամ շահեկան է հենց Ռուսաստանի համար, ում հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ չափազանց թունավորված են ուկրաինական խնդրով:

Եթե Երեւանը առանձնապես ցնծալու մեծ առիթ չունի, Բաքուն հաստատապես ֆիասկոյի առիթ ունի: Չափազանց տեսանելի է ղարաբաղյան խնդրով նրա բանակցային դիրքերի թուլացումը եւ նրան ցույց տրված դեղին քարտը: Եթե նա նույնքան հստակ չհասկանա Քերիի կողմից իրեն տրված հանձնարարությունները եւ նույն կերպ չկարդա ՆԱՏՕ-ի Ուելսյան հռչակագիրը, թերեւս սպասելի կլինի ավելի խիստ պատիժ Արեւմուտքի կողմից: Օրվա վերջում Ջեյմս Ուորլիքը կրկին գրառում  կատարեց թվիթերում՝ հիշեցնելով, որ «նախօրեին Ջոն Քերին կողմերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու համար ավելի պաշտոնական բանակցային գործընթաց սկսել»:

Որքան էլ Ալիեւի ուղեղը գործում է ոչ համընդհանուր ըմբռնելի բանականության ու տրամաբանության շրջանակներում, այդուհանդերձ Բաքուն պետք է որ հասկանա իրեն ցույց տրված դեղին քարտը՝ ի դեմս ուելսյան նսեմացման եւ հռչակագրի ձեւակերպումների: Թեպետ մի փոքր նվազած հավանականությամբ, բայց Ալիեւի նոր արկածախնդրության սնուցող այս պահին մնում են Թուրքիայի եւ Ռուսաստանի նոր ռազմավարությունները Կովկասում:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Անհասկանալի է,թե ինչու Հայաստանը ամենաբարձր ամբիոններով չի հայտարարում ու պահանջում իրավակա՛ն ապացույցներ/ փաստաթղթեր,որ ԼՂՀ-ն (կամ Նախիջևանը) «Ադրբեջանի տարածք» է: Կա՞ նման իրավական փաստաթուղթ: Օրինակ՝ ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի ճանաչումը (ներկա սահմաններով) դա միայն քաղաքական որոշում է: Ի՞նչու ՀՀ/ ԼՂՀ-ն այս հարցերը չի տեղափոխում (նաև) իրավակա՛ն դաշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter