Դիմում-բողոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Երեւանի բնակիչ Մերի Խաչատրյանը դիմում-բողոք է գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա խնդրել է իր դիմում-բողոքը հրապարակել նաեւ «Հետքում»:
«Արդեն տևական ժամանակ է` Երևանի Կոնդ թաղամաս բարձրացող ճանապարհով հոսում է ջուր, որն իր հետ տանում է նախկին Դվին հյուրանոցին պատկանող գինետան և «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի շինհրապարակի մեջտեղում տեղադրված երկու աղբամանների տարածքի աղբը: Տարածքը վերածվել է քաղաքային աղբանոցի, գարշահոտությունից նույնիսկ հնարավոր չէ մոտենալ աղբամաններին, դրանց շուրջը ճահճացած ու աղբով պատված տարածք է:
Այն որ այդ երկու աղբամանները ողջ թաղամասին չեն բավականացնում դա փաստ է, քանի որ այդ աղբամաններից օգտվում են ոչ միայն Թափաբաշ փողոցի մի քանի բնակիչ, այլ նաև ողջ Կոնդի և դիմացի առանձնատների բնակիչները:
Բայց հարցի էությունը կայանում է նրանում, որ համապատասխան ծառայությունը այդ տարածքում իրականացնում է անկանոն գրաֆիկով ու անորակ ձևով, դատարկում են աղբամանները, իսկ աղբամանների կողքի կենցաղային աղբը՝ տարածքը, չեն մաքրում, որ նույնիսկ դատարկ աղբամանների առկայության դեպքում անհնար է դառնում դրանց մոտենալ:
Ավելորդ չեմ համարում նշել, որ Կոնդը տարիներ շարունակ եղել է պետական և քաղաքային իշխանությունների ուշադրությունից դուրս, կարծես այնտեղ մարդկություն չկա, բայց նրանց հիշում են միայն ընտրություններից ընտրություն: Հիմա թող ծաղր չառաջացնի ձեզ մոտ, բայց լինելով աթեիստ ես ՙաղոթում՚ եմ, որ սկսվեն հերթական ընտրությունները, որպեսզի պատկան մարմիններն իրենց ուշադրությունը գոնե մի քանի ժամով սևեռեն Կոնդեցիների վրա՝ նրանց <ազատագրելով> կենցաղային և շինարարական աղբից:
Թափաբաշ փողոցի գերակա անվան տակ օտարված տարածքում այն վերածվել է Կոնդեցիների շինարարական աղբավայրի, տարածքում ով վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, իրենց շին.աղբը բերում են և լցնում Թափաբաշ փողոցի թիվ 9 տան հետևում գտնվող տարածքում, երբեմն էլ ձեռքի հետ կենցաղային աղբ են նետում:
Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը իր շին. տարածքը ցանկապատել է, միևնույն ժամանակ էլ շինարարություն չի իրականացնում, բայց եթե այցելեք տարածք, կտեսնեք, որ դրա ներսում Կոնդի հերթական աղբանոցն է գտնվում. գիշերվա ժամերին շները դատարկում են երկու աղբամանները և տանում ՙԴաունթաուն Երևան՚ ՓԲԸ-ի ցանկապատներից ներս և սկսում բզկտել այդ աղբատուփերը, իսկ առավոտյան և ցերեկային ժամերին՝ այդ «իրավունքը» փոխանցում են ագռավներին ու այդպես 24 ժամյա ռեժիմում Կոնդի այդ հատվածի աղբամաններում գտնվող աղբը ցիրուցան է լինում տարածքով մեկ:
Հետաքրքիրն այն է, որ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի աշխատողներից մեկը, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում է, հայնաբերում է այդ աղբն իրենց տարածքում, հանգիստ հավաքում է և այրում: Դե իհարկե «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը իր վարկն արդեն ցույց է տվել, հետևաբար այդ կենցաղային աղբի այրելն արդեն իրեն հարիր է ու զարմանալի չէ, նրանք այն մակարդակում չեն գտվում, որպեսզի հասկանան և ընկալեն, որ կենցաղային աղբի այրումն օրենքով արգելված է, այն բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում, ինչևէ... բայց որ այս ամենը չեն հասկանում և չեն ընկալում պատկան մարմինները, սա արդեն լուրջ հարց է և մտահոգիչ:
Միևնույն ժամանակ էլ, նախկին Դվին հյուրանոցին պատկանող նախկին գինետան տարածքում, որը նույնպես ցանկապատված է, ներսից ջրի խողովակ է վնասվել և այնտեղից ջուր է հոսում, ի դեպ մաքուր ջուր է, ոչ՝ կոյուղաջուր, ու դա խառնվելով կենցաղային աղբի հետ, իջնում է դեպի Պռոշյան փողոց, որը Կոնդ թաղամասի միակ ավտոճանապարհն է: Նախկին Դվին հյուրանոցի շինարարություն իրականացնող շին. անձնակազմին դա բացարձակ չի հետաքրքրում, ոչ էլ կանխում է, որպեսզի դադարեցնի այդ ջրի հոսքը: Մի պահ պատկերացրեք, թե ձմռանը ինչ վիճակ է լինելու այդ ավոտճանապարհը, եթե հիմա քայլեր չձեռնարկվի:
Այս ամենից բացի էլ Կոնդ թաղամասի գիշերային հանգիստը խանգառում են «գիշերային» թափառող շները, որոնց ձայնը կտրելը և տարածքից դուրս վռնդելը դա արդեն հերոսություն ենք համարում:
Ելնելով վերոշարադրյալից, հուսով եմ, որ անձամբ կընթերցեք իմ սույն բողոքը և սեղմ ժամկետում գործուն քայլեր կձեռնարկեք հետևյալ հարցերը կարգավորելու ուղղությամբ, դրանք են՝
- Դեպի Կոնդ բարձրացող միակ ավտոճանապահի հենց սկզբում գտվող երկու աղբամանների քանակն ավելացնել և այդ տարածքից տեղափոխել դեպի Պռոշյան փողոց՝ մինչև բենզալցակայանի օբյեկտը:
- Նախկին Դվին հյուրանոցի շինարարությունն իրականացնող ընկերությանը պարտավորեցնել իմ կողմից նշված հատվածի վնասված ջրային խողովակն անհապաղ վերանորոգել և տարածքը գարշահոտությունից մաքրել:
- «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ին նախազգուշացնել, որ այլևս չհամարձակվի կենցաղային աղբն /մնացուկներն/ այրել և աղտոտել հարակից տարածքի մթնոլորտային օդը, այլապես պատկան մարմնի կողմից կենթարկվի վարչական պատասխանատվության:
- Աղբամանները դատարկելու և տարածքը աղբից մաքրելու ծառայություն մատուցող ընկերությանը պարտավորեցնել, որպեսզի հստակ գրաֆիկով աշխատի և տարածքն ամբողջությամբ մաքրի, ոչ թե՝ մասնակի:
- Ազատել Կոնդի տարածքը թափառող շներից:
Ես հուսով եմ, որ սույն բողոքին արագ կարձագանքեք և արդյունքների մասին կտեղեկացնեք ինձ՝ նաև գրավոր եղանակով:
Միայն խնդրում եմ Ձեզ, իբրև Երևանի քաղաքապետի, հիշե՛ք, որ Կոնդում ապրում են մարդիկ, ովքեր միայն պոտենցիալ ընտրողներ չեն, այլ ուղղակի մարդիկ են, ովքեր ցանկանում են իրենց արդեն իսկ ունեցած ծանր կենցաղային պայմանները քիչ թե շատ բարելավեն և ապրեն մարդուն վայել կյանքով: Մենք բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանավայել կյանքով, փորձեք լուծել այս հույժ կարևոր և անհետաձգելի հարցերը:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ աղբահանության ամենապարտաճանաչ վճար կատարողներից մեկն եմ:
Քաղաքացի Մերի Խաչատրյան»
Լուսանկարը՝ PAN Photo / Tigran Mehrabyan
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել