HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին:

Ինչպես հայտնում է նախագահի պաշտոնական կայքը, Ս. Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը: Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել Նախագահ Հայնց Ֆիշերին, ում հետ Վիեննայում հունիսին շատ արդյունավետ և կառուցողական երկխոսություն է ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեբաստիան Կուրցը Հայաստանում իր այցի հագեցած օրակարգի շրջանակներում արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ կունենա, ինչը դրականորեն կանդրադառնա երկկողմ գործակցության զարգացման վրա՝ նոր թափ հաղորդելով հայ-ավստրիական հարաբերություններին:

Արտգործնախարար Կուրցը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը, այլև մեծ ուշադրություն դարձնելու ամենատարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում փոխգործակցությանը: Նա պատահական չի համարել, որ իր հետ Հայաստան է ժամանել ավստրիացի գործարարների մեծաթիվ պատվիրակություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և Երևանում նախարար Կուրցի այցի շրջանակներում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումն զգալիորեն կխթանեն երկկողմ առևտրատնտեսական կապերը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հումանիտար, մշակութային կապերը երկու ժողովուրդներին կամրջող կարևոր գործոններից են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի իշխանություններին և ժողովրդին՝ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության, Մխիթարյան Միաբանության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար, ինչի շնորհիվ Վիեննան դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից:

Հանդիպմանը Հայաստանի Նախագահը և Ավստրիայի արտգործնախարարը գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ավստրիական համագործակցության մասին:

Սերժ Սարգսյանը և Սեբաստիան Կուրցն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին և հեռանկարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter