HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսֆերային ամառ. Լա Լիգա

Հայկ Դավթյան 

«Բարսելոնա»

Դեռեւս 2013-2014թթ. մրցաշրջանի ավարտին թիմի ղեկավարները պարբերաբար հայտնում էին, որ գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայի» կազմում մեծ փոփոխություններ են լինելու: Նախապես նշեմ, որ թիմում հայտնվեց 9 նոր խաղացող, իսկ 12-ը տարբեր պատճառներով լքեցին այն: Զարմանալի չէ, որ «Բարսան» իրականացրեց ամենաթանկ տեղափոխությունը` 81 մլն եվրոյով գնելով անգլիական «Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Լուիս Սուարեսին, ով, սակայն որակազրկման պատճառով խաղադաշտ կարող է վերադառնալ հոկտեմբերի 26-ից ոչ շուտ:

Շուրջ երկու տարի թիմը փնտրում էր ֆուտբոլային կարիերայի ավարտին մոտ գտնվող Չավիի եւ Կարլես Պույոլի (վերջինս այս ամռանը հայտարարեց խաղակոշիկները մեխից կախելու մասին) փոխարինողներին եւ վերջապես ակումբին հաջողվեց գտնել նրանց: Չավիին` իսպանական «Սեվիլյա» ակումբից փոխարինելու եկավ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ում համար 18 մլն եվրո վճարելը թիմի երկրպագուներն արդարացված են համարում: Նույնը չի կարելի ասել ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեին ձեռքբերելու մասին, քանի որ, ըստ երկրպագուների մեծամասնության, չարժեր 30-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն եվրո:

Ակումբը նաեւ դարպասապահի կարիք ուներ, քանի որ թիմից հեռացել էին երկու հիմնական դարպասապահները` Վիկտոր Վալդեսն ու Խոսե Մանուել Պինտոն: Թիմի ղեկավարությունը գերազանց լուծեց այդ խնդիրը` ձեռք բերելով վերջին տարիներին գերազանց խաղ ցուցադրող երկու դարպասապահների` գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենին եւ չիլիացի Կլաուդիո Բրավոյին: Այս երկու տրանսֆերներն արժեցան 24 մլն եվրո: Բացի նշված ֆուտբոլիստներից Կատալոնիա տեղափոխվեցին պաշտպաններ Թոմաս Վերմալենն ու Դուգլասը,  ինչպես նաեւ վարձակալությունից վերադարձավ Ռաֆինյա Ալկանտարան: Բոլոր այս տրանսֆերների համար «Բարսելոնայի» ղեկավարությունը վճարեց ավելի քան 157 մլն եվրո:

«Ռեալ Մադրիդ»

Երբ «Ռեալի» ֆուտբոլիստները տիրացան Չեմպիոնների լիգայի գավաթին, թվաց, թե ակումբի ղեկավարությունը ոչ մի ձեռքբերում չի կատարի եւ կփորձի պահպանել նույն կազմը, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, թիմը լքեցին առանցքային երկու խաղացողներ` Անխել Դի Մարիան եւ Խաբի Ալոնսոն, սակայն դա միայն այն պատճառով, որ Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկացավ իր թիմում տեսնել մունդիալ 2014-ի ուժեղագույն խաղացողներից մի քանիսին: Հաշվի առնելով այն, որ Ռեալը երբեք տրանսֆերների համար գումար չի խնայում` պարզ դարձավ, որ Պերեսի բոլոր ցանկությունները վաղ թե ուշ կիրականան: Արդյունքում, «Ռեալ» տեղափոխվեցին Խամես Ռոդրիգեսը, Թոնի Կրոսը եւ Կեյլոր Նավասը: Տրասնֆերների համար ակումբը վճարեց 122,5 մլն եվրո, սակայն պետք է նշել, որ վաճառված ֆուտբոլիստներից թիմն ունեցավ մոտ 114 մլն եվրոյի շահույթ: Նշենք, որ տրանսֆերային պատուհանի փակման վերջին ժամերին վարձավճարով «Ռեալ» տեղափոխվեց նաեւ մեքսիկացի հարձակվող Խավիեր Հերնանդեսը, կամ նույն ինքը Չիչարիտոն:

«Ատլետիկո Մադրիդ»

Անցկացրած ֆանտաստիկ մրցաշրջանից հետո այս թիմի մեծ թվով խաղացողներ հայտնվեցին համաշխարհային ֆուտբոլի ուժեղագույն թիմերի թիրախում, ինչի պատճառով թիմից հեռացան Դիեգո Կոստան, Տիբո Կուրտուան, Ֆիլիպե Լուիսը, Դավիդ Վիլյան, Ադրիանը եւ այլք: Սակայն ակումբի ղեկավարները ծախսելով մեծ գումարներ գնեցին ոչ պակաս հզոր խաղացողների, ի թիվս Անտուան Գրիզմանի, Մարիո Մանջուկիչի, Յան Օբլակի, Ալեսիո Չերչիի եւ այլոց:

«Վալենսիա»

Մինչ տրանսֆերային պատուհանի բացումը թիմում բավական լուրջ ներդրումներ կատարվեցին, ինչի արդյունքում գնվեցին մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք այդ բարձր կարգը ձեռք են բերել հիմնականում նախորդ մրցաշրջանի ընթացքում: Պորտուգալական «Բենֆիկայի» երիտասարդ կիսապաշտպան Անդրե Գոմեսը «Վալենսիայի» համար արժեցավ 15 մլն եվրո: Գերմանիայի ընտրանու կազմում աշխարհի չեմպոն հռչակված Շկոդրան Մուստաֆիի համար «չղջիկների» ղեկավարությունը 8 մլն եվրո վճարեց իտալական «Սամպդորիային»: Իսկ ահա արգենտինական ֆուտբոլի ծագող աստղերից մեկի` Ռոդրիգո դե Պաուլի համար արգենտինական «Ռասինգ» ակումբը ստացավ 4,8 մլն եվրո: Արժե նշել, որ «Վալենսիա» տեղափոխվեց «Բենֆիկայի» մեկ այլ ֆուտբոլիստ եւս` իսպանացի հարձակվող Ռոդրիգոն, ով թիմի կազմը համալրել է վարձակալական հիմունքով:

Մի քանի այլ տրանսֆերներ նշենք ստորեւ`

Գիլիերմե Սիկեյրա. «Գրանադա»-«Ատլետիկո Մադրիդ»-10

Ռաուլ Խիմենես. «Ամերիկա»-«Ատլետիկո Մադրիդ»-10

Ալֆրեդ Ֆինբոգասոն. «Հիրենվին»-«Ռեալ Սոսիեդադ»-8

Լուսիանո Վիետո. «Ռասինգ»-«Վիլյառեալ»-5,5

Սերխիո Ասենխո. «Ատլետիկո Մադրիդ»-«Վիլյառեալ»-5:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter