HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Ներսիսյան. «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի անգործության ու ապօրինի գործողությունների արդյունքում տուժում է Կոնդի բնակչությունը

Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանը Կոնդ թաղամասի խնդիրների վերբերյալ  նամակ է գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին.  

«Դեռևս 2007թ. մարտի 1-ին ՀՀ կառավարության «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» h. 347-Ն որոշմամբ Երևան քաղաքի մի շարք թաղամասեր ճանաչվեցին այսպես կոչված բացառիկ՝ գերակա հանրային շահ, որի ցանկում հայտնվեց նաև Երևանի Կոնդ թաղամասի որոշ տարածքներ: Համաձայն սույն որոշմամբ՝

  1. Ցանկում նշված մի քանի տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, իսկ մյուս տարածքների, այդ թվում նաև Կոնդ թաղամասի, ձեռք բերողներ են հանդիսանում մի շարք մասնավոր ընկերություններ:
  2. Ցանկի 17-րդ կետում նշված Կոնդ թաղամասի ձեռք բերող է ճանաչվել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը և իր գործողությունների համար սահմանվել էր 18 ամիս:
  3. Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը սահմանվել էր 2009թ. հունվարի 1-ը:
  4. Երևանի քաղաքապետին հանձնարարվել էր սույն որոշման մասին իրազեկել օտարվող սեփականությունների սեփականատերերին և գույքային իրավունքներ ունեցող անձանց:

Սույն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանը «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն հետ 2007թ. օգոստոսի 20-ին կնքեց պայմանագիր (չունի վերնագիր), որով սահմանվեցին քաղաքաշինական ծրագրի իրականացման սկզբի վերջնաժամկետ՝ մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ը և փոխանցվող հողամասի օտարման կարգը:

Ինչպես արդեն տեղյակ եք վերը նշված որոշմամբ և սույն պայմանագրի կնքումից հետո «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը 2007թ. մարտից սկսեց նշյալ տարածքի սեփականատերերի և գույքի օգտագործողների հետ կնքել օտարման պայմանագրեր և իրացնել նրանց տները: Ի դեպ, Կոնդի իրազեկման աշխատանքները փաստացի սկսվել էր 2006թ. դեկտեմբերից:   

Ինչևէ, վերը նշված որոշման ընդունումից ուղիղ երկու տարի հետո՝ անհասկանալի պատճառներով 19.02.2009թ. ՀՀ կառավարությունը կրկին ընդունում է «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» հ. 168-Ն որոշումը, կրկին սահմանելով հետևյալը՝

  1. Սույն որոշմամբ հաստատված ցանկի 1-5 կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, իսկ 6-11-րդ կետերում, այդ թվում նաև Կոնդ թաղամասի տարածքի, ձեռք բերողներ են հանդիսանում որոշ իրավաբանական անձինք:
  2. Իսկ ցանկի 6-րդ կետում նշված տարածքի՝ Կոնդի, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ սահմանել 2012թ. հունվարի 1-ը:

Փաստորեն նույն վերը նշված տարածքները կրկնակի ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ և օտարման ենթակա, իսկ Կոնդ թաղամասը կրկին դուրս է եկել Հայաստանի Հանրապետության, Երևանի քաղաքապետարանի վերահսկողությունից և կրկին տրվել օրինախախտ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ին, որը մինչ օրս բառիս բուն իմաստով խաբեբայությամբ է զբաղվում և մնում է անպատիժ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում, մասնավորապես Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացները որպես կանոն չեն կատարվում օրենքի տառին ու բառին համապատասխան և երբեք ժամանակին չեն սկսում և չեն ավարտվում, արդյունքում տուժում է միայն բնակիչը, իսկ օրինախախտ կառուցապատողները չեն ենթարկվում պատասխանատվության. «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի գործողությունները որպես վառ օրինակ:

Չնայած, հայտնի չէ, արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի և «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի միջև կրկին կնքվել են պայմանագիր կամ համաձայնագիր իրենց միջև 20.08.2007թ. կնքված պայմանագրում լրացում և փոփոխություն կատարելու մասին: Ըստ մեր ունեցած փաստաթղթերի՝ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը պարտավորվել էր մինչև 2012թ. իրացնել մոտ 175 հազ. քառ. մետր տարածք զբաղեցնող Կոնդ թաղամասը: 2007 թվականի հունվարից «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը սկսել էր բանակցություններ վարել և պայմանագրեր կնքել սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցող անձանց հետ: Այդ պայմանագրերով նշյալ անձինք պետք է տեղում կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքում համարժեք մակերեսով բնակարան ստանային: Պայմանագրի կատարման պարտավորության մասով նշված է, որ կետանցի համար կառուցապատողը պարտավոր է պայմանագրի մի կողմին՝ բնակչին, տույժ վճարել պայմանագրի արժեքի 0,05 տոկսի չափով յուրաքանչյուր ուշացման օրվա համար:

Բայց զարմանալին այն է, որ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը երբ սկսեց իր շինարարությունը, չուներ շինարարություն իրականացնելու թույլտվություն, հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանք, հատակագիծ, որով հասկանալի կլիներ թե որտե՞ղ ի՞նչ էր կառուցվելու: Այս պայմաններում նույնիսկ բնակիչների հետ պայմանագրեր կնքեց և դրանցով սահմանեց թե կառուցվող շենքի ո՞ր հարկից, քանի քառ. մետր տարածքով բնակարան է հատկացնելու յուրաքանչյուր սեփականատիրոջը: Այն դեպքում, երբ հայտնի չէր թե քանի՞ հարկանի շենք կամ շենքեր էին կառուցվելու, իսկ Կոնդի բնակիչները, լինելով բնակարանի խիստ կարիքավորներ, բնականաբար հավատալով այդ ընկերությանը, շտապեցին և կամովին կնքեցին այդ առարկայազուրկ պայմանագրերը և կանգնեցին փաստի առաջ:

«Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը մի քանի տարի շարունակ՝ սկսած 2007 թվականից սկսեց իրացնել և փորել Կոնդի Թափաբաշ և Ֆրիկ փողոցների հողատարածքները, այդ թաղամասերի չորս կողմերը փորելուց հետո և պարզելով, որ տվյալ տարածքների հողի ռելիեֆային շերտը թույլ չի տալիս իրականացնել շինարարություն, որոշեց անավարտ թողնել և անցնել իրացնելու Դվին հյուրանոցի հարևանությամբ գտնվող տարածքը, կրկին առանց մասնագիտական եզրակացության ու քաղաքաշինական փաստաթղթերի այնքան փորեց, որ հասավ մինչև Սուրբ Հովհաննես եկեղեցու և հարակից երկու բնակելի շենքերի սահմանագծերին, քաղաքաշինական տեսանկյունից՝ դարձնելով դրանք խոցելի:

Ժամանակին մեր կազմակերպությունը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին, որ՝ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի գործողություններն ուղղակի ապօրինի են, ըստ որի՝ չունի հատակագիծ և քաղաքաշինական փաստաթղթեր, հայտնի չի թե քանի՞ շենք և քանի՞ հարկ ունեցող շենքեր են կառուցվելու, տվյալ տարածքի շինհրապարակում բացակայում էր կառուցապատում/շինարարություն իրականացնելու վերաբերյալ վահանակը (առ այսօր այն բացակայում է), ինչն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր էր ունենալ և փակցնել մարդկանց համար տեսանելի վայրում: Նայելով այդ անավարտ կառույցի տեսքին, նույնիսկ հասկանալի չէ, թե դա ի՞նչ տեսք է ունենալու, արդյո՞ք պահպանված են քաղաքաշինական նորմերը, թե՝ ոչ: Սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չձեռնարկվեց «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու և ապօրինի շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ: Մեզ համար պարզ դարձավ, որ այդ ամենը կատարվում էր ուղղակի Երևանի քաղաքապետարանի անմիջական թողտվությամբ:

Այնուամենայնիվ, 2014թ. օգոստոս ամսվա դրությամբ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը, առանց համապատասխան հաստատված հատակագծի և քաղաքաշինական փաստաթղթերի, կառուցեց անհայտ մի կառույցի 0 նիշը, երկու հարկը և առանց որևէ իրավական ու մասնագիտական հիմնավորումների դադարեցրեց շինարարությունը՝ այդ անհայտ կառույցը թողնելով անավարտ վիճակում, իսկ տարածքի բնակիչներին՝ խաբված և անտուն: 

Հարկ է նկատել նաև, որ դեռևս 2013թ. հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն էր տվել Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում ավելի քան 1000/հազար քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Երևան, իմ սեր» հիմնադրամին՝ բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով, նախատեսվում էր կառուցել երեք ցածրահարկ շենք, որոնք հետագայում համարվելու էին Սուրբ Հովհաննես եկեղեցուն օժանդակ կառույցներ: Սակայն «Երևան, իմ սեր» հիմնադրամի կառուցապատումն այդպես էլ չմեկնարկվեց և չավարտվեց ժամանակին, հավանաբար «Երևան, իմ սեր» հիմնադրամին հատկացված հողամասը համադրվում էր «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ին կառուցապատման նպատակով հատկացված հողամասին:

Փաստորեն, Կոնդ թաղամասի կառուցապատման այս երկու ծրագրերի իրականացումը ձախողվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության կողմից:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկության՝ Կոնդ տարածքի թվով 909 գույքային միավորից իրացված է միայն 198-ը (35.000 քմ տարածք) և արդեն մի քանի տարի է, ինչ բանակցություններ  չեն վարվում, պայմանագրեր չեն կնքվում, իսկ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն գործողությունները 2012թ. հունվարի 1-ից կասեցվել են և փոխանցվել են «Ամերիքն բիլդինգ դիվելփմենթ» ՍՊԸ-ը, որի պարտականությունների մասին տեղեկություն չունեն Կոնդի բնակիչները: Միայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջից պարզեցինք, որ «Ամերիքն բիլդինգ դիվելփմենթ» ՍՊԸ-ն ունի շինարարության թույլտվություն Երևանի Հովսեփյան 24/30 հասցեում՝ բնակելի և հասարակական կառուցապատում իրականացնելու համար, իսկ Կոնդ թաղամասի վերաբերյալ չկա նշում: Ենթադրվում է, որ այս ընկերությունը բացարձակ պատասխանատվություն չի կրում Կոնդի բնակիչների առջև և չի պատրաստվում նրանց բնակարաններով ապահովել կամ շարունակել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի կողմից անավարտ թողած շինարարությունը:

Հետաքրքիրն այն է, որպես կանոն գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում՝ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն իրացման հարցերով զբաղվող Գնել Քոչարյան անուն ազգանունով անձը աշխատում է «Ամերիքն բիլդինգ դիվելփմենթ» ՍՊԸ-ում, ըստ նրա հայտարարության՝ նախորդի դեպքում կրում էր պարտականություններ, իսկ այս դեպքում՝ չի կրում:

Կոնդի բնակիչներն անորոշության մեջ են հայտնվել՝ նրանք տեղեկացված չեն վերջապես ո՞վ, ո՞ր մարմինը կամ ընկերությունն է փոխհատուցելու իրենց կամ ապահովելու բնակարաններով, արդեն յոթը տարի է սպասողական վիճակում են: Բազմաթիվ բողոքներով դիմել են պետական և տեղական իրավասու մարմինների, սակայն այդպես էլ չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները, ըստ որի ինչո՞ւ են կասեցվել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի գործողությունները և շինարարության գործընթացը, իսկ «Ամերիքն բիլդինգ դիվելփմենթ» ՍՊԸ-ն ի՞նչ պարտականություններ է ստանձնել իրենց առջև: Զարմանալին այն է, որ այդ ընկերությունը շարունակում է անօթևան ընտանիքներին վճարել վարձի գումար՝ յուրաքանչյուրին 60.000 ՀՀ դրամ, նույնիսկ երբեմն բնակիչները դրանք ստանում են բավականին ուշացումներով:

Բոլորիս հայտնի է, որ Կոնդի ոչ օտարված տարածքների բնակիչների մեծ մասի կենցաղային պայմանները չեն համապատասխանում սանիտարական նորմերին, բացի այդ չեն կարողանում իրենց հնարավորությունների սահմաններում բարեկարգել իրենց տները, քանի որ Երևանի քաղաքապետարանից չեն ստանում շինարարության թույլտվություններ, միևնույն ժամանակ էլ նրանցից շատերը չեն կարողանում գործարքներ կնքել, քանի որ իրենց սեփականության իրավունքի վկայականները գտնվում են տարածքի ձեռք բերող «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի մոտ: Կոնդ տարածքի և նրա բնակիչների բնակարանային և կենցաղային պայմանների, ինչպես նաև նրանց նկատմամբ ցուցաբերած անտարբերության մասին կարելի է գրել էջերով, ինչի մասին քաջ տեղյակ են ՀՀ պետական և տեղական բոլոր կառույցները:

Ու այս ամենի հետ մեկտեղ էլ, Երևանի քաղաքապետարանը բնակիչներին տրված գրավոր պատասխանում նշում է, որ Կոնդի օտարման գործընթացի մասով Երևանի քաղաքապետարանը «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի և բնակիչների միջև կնքված պայմանագրերի երաշխավոր չի հանդիսանում, բնակիչների հանդեպ որևէ պարտավորություն չի ստանձնում, իսկ «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն գործողությունների կասեցման կամ սնանկության մասին տեղեկություն չունի: Իսկ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել տարբեր հասցեներում՝ վարձակալի կարգավիճակում, իսկ ոմանք արդեն մահացել են, ոմանք էլ լքել են Հայաստանը:

Վերոշարադրյալից բացի, Երևանի քաղաքապետարանը 2012թ. հոկտեմբերին Կոնդի թվով 70 ընտանիքի գրավոր տեղեկացրել է ՀՀ կառավարության 27.09.2012թ. «Երևան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին» հ. 1237-Ն որոշման մասին: Համաձայն որի՝

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Կոնդ թաղամասում չիրացված սեփականության մասով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը անվավեր ճանաչելու համարվելու կապակցությամբ, վերացվել է չիրացված անշարժ գույքերի նկատմամբ նախկինում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապված սահմանափակումները: «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն իրացված, սակայն չքանդված անշարժ գույքերի մասով լուծելու է իրացման պայմանագրերը և անշարժ գույքերը սեփականության իրավունքով անհատույց օտարելու է նախկին սեփականատերերին՝ իր հաշվին կրելու գործարքների նոտարական վավերացման և ստացողի իրավունքների կադաստրային գրանցման ծախսերը:

Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով՝ ՀՀ կառավարությունն առաջարկել է Երևանի քաղաքապետին լուծել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի հետ Հայաստանի Հանրապետության անունից 10.02.2009թ. կնքված պայմանագիրը՝ չիրացված տարածքների մասով: Սույն որոշումն ուժի մեջ է մտել 20.10.2012թ.:

Սակայն արդեն 2014թ. օգոստոս ամիսն է «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ը չի կատարել ՀՀ կառավարության 27.09.2012թ. հ. 1237-Ն որոշման 2-րդ կետով իր վրա դրված պարտականությունները, փաստացի հրաժարվում է իր հաշվին կրելու գործարքների նոտարական վավերացման և ստացողի իրավունքների կադաստրային գրանցման ծախսերը, փոխարենը պահանջում է քաղաքացիներից, որպեսզի իրենք անձամբ հոգան այդ ծախսերը, որը կազմում է մոտ 50.000-60.000 ՀՀ դրամ: Ըստ որոշ բնակիչների հայտարարության՝ 70 ընտանիքից եղել են մարդիկ, ովքեր ստիպված գնացել են այդ քայլին, միայն թե ետ ստանան իրենց սեփականության իրավունքի վկայականները:

Փաստորեն «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի անգործության ու ապօրինի գործողությունների արդյունքում տուժում են Կոնդի ողջ բնակչությունը, մի կողմից՝ մոտ 200 ընտանիք «պետության կարիքների» և «բացառիկ գերակա շահ»-ի զոհ են դարձել, իսկ թվով 70 ընտանիք չի կարողանում «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ից Օրենքի և ՀՀ կառավարության որոշման հիման վրա հետ ստանալ իրենց սեփականության իրավունքի վկայականները, բնակիչների մյուս զանգվածն էլ գտնվում է անորոշ կարգավիճակում, միևնույն ժամանակ էլ՝ գործարքներ կնքելու իրավունքերից զրկված:

Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա առաջարկում եմ Ձեզ անհապաղ քննարկման առարկա դարձնել սույն գրությամբ բարձրացված բոլոր հարցերը և իրավական լուծումներ տալ դրանց: Միևնույն ժամանակ.

  1. ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկել Երևանի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմի վերացման և բնակիչների իրավունքների պաշտպանվածության հարցերը,
  2. Կոնդ թաղամասի որոշ տարածքների նկատմամբ ձեռք բերող «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության 27.09.2012թ. հ. 1237-Ն որոշման պահանջը չկատարելու համար նրան վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը,
  3. Պարտավորեցնել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ–ը կարճ ժամկետում լուծել Կոնդ թաղամասում չիրացված 70 միավոր անշարժ գույքերի մասով իրացման պայմանագրերը և սեփականության իրավունքով անշարժ գույքերն անհատույց օտարել նախկին սեփականատերերին և գործարքների նոտարական վավերացման և ստացողի իրավունքների կադաստրային գրանցման ծախսերը կատարել իր միջոցներով, իր հաշվին, այլ ոչ թե պահանջել քաղաքացիներից, որի իրավունքը չունի:
  4. Վերջնականապես լուծել և/կամ կարգավորել Երևանի Կոնդ թաղամասի իրացման գործընթացում ծագած հիմնախնդիրները, սահմանել Երևանի քաղաքապետարանի դերն այդ գործընթացում, նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության չափը տվյալ տարածքի բնակչության առջև:

Ակնկալում եմ Ձեր գործուն միջամտությունն ու աջակցությունը սույնով բարձրացված հիմնախնդիրներն առարկայական քննարկելու, ինչպես նաև և՛ իրավական, և՛ տրամաբանական լուծումներ տալու հարցում:

Արդյունքների մասին, խնդրում եմ տեղեկացնել մեր կազմակերպությանը»:

Մեկնաբանություններ (2)

Անահիտ Հովհաննիսյան
Շնորհակալ ենք բոլոր նրանց,ովքեր բարցրացնում են այս հասարակ ժողովրդի (իրենց համար) փոքրիկ,բայց մեզ համար շատ մեծ ու կարևոր հարցը:
Մարթա Աղախանյան
Պ-ն Ներսիսյան շատ շնորհակալ եմ կոնդի հարցը բարձրացնելու համար.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter