HY RU EN

Վահե Սարուխանյան

Հայ ազատոճայինները ձեռնունայն կվերադառնան տուն

Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր անհաջող ելույթներ ունեցան մեր մյուս երկու մասնակիցները: Հիշեցնենք, որ երեկ պայքարից դուրս էին մնացել Գարի Բարսեղյանը (57 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ):

Այսօր էլ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանն իր առաջին մրցամարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոգոմոեւին, որն էլ երկու փուլից հետո զիջեց կուբացի Բոննեին. այդպիսով՝ Ֆրանգուլյանը զրկվեց նաեւ երրորդ տեղի համար պայքարելու հնարավորությունից:

Հույսերը մեծ էին 2013 թ. Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանից, որը, սակայն, 1/16-րդում հաղթելով կանադացի Վերալեսին, 1/8-րդում պարտվեց մոնղոլ Գանզորիգին: Եվ քանի որ վերջինս էլ հաջորդ իսկ մենամարտում տանուլ տվեց ռուսաստանցի Ռամոնովին, Դավիթը լքեց պայքարը: 

Վաղն ասպարեզ դուրս կգա կանանց մրցաշարի մեր միակ ներկայացուցիչը՝ 69 կգ քաշային Կարինե Շադոյանը, իսկ ամսի 12-14-ին մեդալների համար կմրցեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Նշենք, որ երեկ ազատոճայինների պայքարում 57 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Հյուսիսային Կորեայի ըմբիշ Կյոն Յանը, 70 եւ 86 կգ կարգերում առաջինը եղել են ռուսաստանցիներ Խետիկ Ցաբոլովն ու Աբդուլռաշիդ Սադուլաեւը, իսկ գերծանր կարգում (125 կգ) լավագույնը թուրք Թահա Ալգյուլն էր: