HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինսկյան եւ բիշքեկյան արձանագրությունների նրբերանգները

Էդգար Վարդանյան

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքվեց մի արձանագրություն, որով պաշտոնական Կիեւը եւ Ուկրաինայի որոշ արեւելյան շրջաններ վերահսկող պրոռուսական անջատողականները համաձայնվեցին հրադադար կնքել։ Քսան տարի առաջ` 1994 թվականի մայիսի 5-ին, Բիշքեկում ընդունվեց մի արձանագրություն, որից հետո կնքվեց «Հրադադարի մասին պայմանագիր», ինչի արդյունքում ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատվեց հրադադարի ռեժիմ։ Թեեւ վերոնշյալ երկու հակամարտությունները շատ առումներով խիստ տարբերվում են միմյանցից, սակայն Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ռեժիմ հաստատող արձանագրությունների ընդունման փաստն արդեն իսկ ընդհանուր տարր է մտցնում այս հակամարտությունների միջեւ։ Արձանագրությունները նման են միմյանց նաեւ այն առումով, որ երկուսում էլ առկա են այնպիսի սուբյեկտներ ներկայացնող անձանց ստորագրություններ, որոնց որպես սուբյեկտ չեն ճանաչում նրանց հակառակորդները։ Բիշքեկյան արձանագրությունում առկա է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցչի, իսկ մինսկյան արձանագրությունում՝ պրոռուսական Լուգանսկի ժողովրդական հանրապետության եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչների ստորագրությունները։

Ուկրաինական ճգնաժամը կարող է նաեւ մեկ այլ զուգահեռ ունենալ ղարաբաղյան հակամարտության հետ՝ այն, ինչպես ղարաբաղյան կոնֆլիկտը, կարող է սառեցվել, եթե մոտ ապագայում չկնքվի խնդրի լուծման համաձայնագիր։ Սառեցված հակամարտության պայմաններում, ամենայն հավանականությամբ, ժամանակ առ ժամանակ խախտվելու է հրադադարի ռեժիմը, եւ կողմերը մեկը մյուսին մեղադրելու են այդ ռեժիմը առաջինը խախտելու համար։ Սառեցումը նշանակելու է, որ հակամարտությունը վերածվելու է ներքաղաքական  եւ աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների գործիքի։ Սառեցումը նաեւ հանգեցնելու է տարածաշրջանում մշտական լարվածության առկայության։

Սակայն, ի սկբանե, վերոնշյալ երկու հակամարտությունները հիմնականում տարբերվել են նրանով, որ Ուկրաինայի արեւելյան շրջանների կոնֆլիկտը, ի տարբերություն ղարաբաղյանի, շատ առումներով արհեստածին է։ Ղարաբաղյան խնդիրը հիմնականում առաջացել է այն պատճառով, որ իրենց կոմպակտ ապրելու վայրում` ԼՂԻՄ-ում, ղարաբաղցի էթնիկ հայերը, այն բանից հետո, երբ ցանկացել են գնալ ժողովրդավարության խաղաղ, օրինական մեխանիզմներով ՀԽՍՀ-ին միանալու ուղիով, զանգվածային բռնությունների, էթնիկ զտումների են ենթարկվել ավտորիտար իշխանությունների կողմից։ Ուկրաինական կոնֆլիկտում այս առումով ճիշտ հակառակն է՝ հակամարտությունն առաջացել է այն ժամանակ, երբ իր խոստումը դրժած ավտորիտար վարչախմբի, ուժայինների ռեպրեսիաների դեմ ժողովրդավարական կոչերով դուրս եկած հանրությունը հաղթել է Ուկրաինայում, իսկ երկրի արեւելյան շրջաններում պրոռուսական որոշակի խմբեր չեն ենթարկվել նոր իշխանություններին եւ Կրեմլի տարատեսակ աջակցությամբ զենքի ուժով վերահսկողություն են սահմանել Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանների նկատմամբ։

Այս իրողությունը որոշակիորեն արտացոլվել է նաեւ մինսկյան արձանագրությունում։ Բիշքեկյան համաձայնագրում կոչ է արվում հաստատել հրադադար եւ ամրապնդել այն «հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման  մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրս բերում եւ հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ»: Ոչինչ չի խոսվում նախկին ԼՂԻՄ տարածքի մասին, ինչը կարող է նշանակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` որպես սուբյեկտի գոյության ընդունում։ «Գրավված տարածքներից» զորքերի դուրս բերման դրույթը չի վեաբերում նախկին ԼՂԻՄ տարածքին, ինչի մասին վկայում են նաեւ հետագայում միջնորդների առաջարկած կարգավորման փաթեթները, որոնցում, ի թիվս այլ դրույթների, խոսվում է միայն «նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքներից» զորքերի դուրս բերման անհրաժեշտության մասին։ Անկախ նրանից, թե որքանով է մեզ համար ընդունելի զորքերի դուրս բերման այս դրույթը, պետք է փաստել, որ այն փաստացի հաստատում է Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ սուբյեկտի գոյությունը։

Մինսկյան արձանագրությունում պատկերը այլ է։ Լուգանսկը եւ Դոնեցկը ճանաչվում են Ուկրաինայի տարածք։ Արձանագրությունում նշված է, որ անօրինական զինված խմբավորումները պետք է դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից։ Ստացվում է, որ ուկրաինական զինված ուժերին զենքով դիմակայող անջատողականների խմբերը ճանաչվել են անօրինական։ Փաստաթղթում նաեւ նշված է, որ անհրաժեշտ է իրականացնել իշխանության ապակենտրոնացում, այդ թվում` Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանների որոշ հատվածներում տեղական ինքնակառավարման ժամանակավոր կարգավիճակի մասին Ուկրաինայի օրենքի ընդունում (փակագծերում գրված է` «հատուկ կարգավիճակի մասին օրենք»)։ Այսինքն, Կիեւի վերահսկողության տակ չգտնվող Լուգանսկի եւ Դոնեցկի շրջաններին տրվում է Ուկրաինայի կազմում հատուկ կարգավիճակ, ըստ որի` այդ շրջանների տեղական ինքնակառավարման մարմիններն ունենալու են լայն լիազորություններ։ Այսինքն, արձանագրությունով ընդունվում է պրոռուսական ուժերի` Ուկրաինայի արեւելյան որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման բարձր մակարդակ ունենալու, այլ ոչ թե անկախ պետություն ստեղծելու իրավունքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter