HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ի՞նչ զինվորներ անձնական շահի գերիներից

Շաբաթ օրն անցկացված ՀՀԿ խորհրդի նիստն ավելի շատ հիշեցնում էր ոչ թե կուսակցական ժողով, այլ դպրոցի առաջին դասարանցիների հետ սեպտեմբերմեկյան հանդիպում: Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորներին բացատրում էր, թե որոնք են լինելու նրանց պարտականությունները և ի՞նչ պետք է անեն տնօրինության համակրանքին արժանանալու համար: 

Նախագահի առաջին դասը վերաբերում էր պատգամավորների` իրենց պարտականություններն ամբողջ պատասխանատվությամբ ըմբռնելուն: Նա դեմքի լուրջ արտահայտությամբ հանգամանալից և բավականին պատկերավոր համեմատություններով պատգամավորներին բացատրում էր, որ խորհրդարանը օրենսդրական գործունեություն իրականացնելու` երկրի բարձրագույն իշխանության մարմինն է, իսկ պատգամավորներն այնտեղ պետք է զբաղվեն նրանով, ինչի համար մանդատ են ստացել և ինչի համար աշխատավարձ են ստանալու դեռ մոտ երկուսուկես տարի շարունակ: «Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը»,-ասում է Սերժ Սարգսյանը հանրապետականներին:

Այս հայտարարությունը երկու հնարավոր եզրակացության է հանգեցնում: Կամ նախագահն իսկապես համոզված է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները  չգիտեն` իրենք ինչի համար են խորհրդարանում, կամ իշխանական էլիտան առ այսօր առաջնորդվել է այն մտածողությամբ, որ օրենսդրական գործուենությունը ի պաշտոնե պատգամավորի ամենակարևոր առաքելություններից մեկը չէ, եթե ոչ` ամենակարևորը: Բայց անկախ նրանից, թե այս երկու իրողությունններից որի հետ գործ ունենք, ըստ էության, նախագահն անում է չափազանց կարևոր մի խոստովանություն. օրենսդրական գործունեությամբ զբաղվելը իշխող կուսակցության համար եղել է երկրորդական կամ գուցե չորրորդական խնդիր, և դա համարվել է նորմալ, բնական երևույթ:

Սա, իհարկե, նորություն կամ սենսացիա չէ: Նախորդ տարի մարտին ԶԼՄ-ների համար հրավիրված ասուլիսի ժամանակ նախագահ Սարգսյանն ասել էր, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն հասարակության բոլոր շերտերը, խավերը: ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակն էլ, թերևս, կազմվել է այս գաղափարական առանցքի վրա: Արդյունքում ԱԺ-ում հայտնվել են երկու կատեգորիայի տիպեր` ամբիոնից խոսողներ, որոնք կոչված են պահելու ՀՀԿ-ի դեմքը և ինտելեկտուալ հողի վրա պաշտպանելու կոնյունկտուրայի շահերը, և կոճակ սեղմողների մի համաստեղություն, որը նույնիսկ խորհրդարանում գործում է այսպես կոչված փողոցային մշակույթի «լավագույն ավանդույթներով», և որն ազատված է էթիկական զսպվածության տարրական բարոյական նորմերով առաջնորդվելու թե́ ներքին և թե́ արտաքին կապանքներից:

Նախագահի մյուս կարևոր խոստովանությունն այն է, որ, փաստորեն, ոչ միայն օրենսդրական գործունեությունը պատգամավորների համար չի եղել գլխավորը, այլև որ առ այսօր նրանք առաջնորդվել են անձնական շահով: «Ես առաջին հերթին դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը»,- ահա թե ինչպես է այս իրողությունը բացահայտում նախագահը: Փաստորեն, պարզվում է, որ պատգամավորներն անձնական շահերը միայն այսօրվանից պետք է դնեն մի կողմ: Հետաքրքրականն այն է, որ սա միայն գործող նախագահի պատկերացումը չէ: Նախորդ ամիս Մոսկվայում լույս տեսնող «Ноев ковчег» հայկական պարբերականին տված հարցազրույցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես Հայաստանը ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր դրությունից հանելու միջոց շեշտում է. «Մի քանի տարով հեռավոր հետին պլան մղել անձնական շահերը, իսկ ավելի լավ է` մոռանալ դրանց մասին»: Ընկալումների այս նմանությունը պատահական համընկնում չէ: Սա ոչ միայն ցույց է տալիս երկու` նախորդ ու ներկայիս իշխանությունների արժեքային գենետիկական կապը, այլև իշխանության իրացման և պետական համակարգի գործառույթների մասին ունեցած ընկալումների մշակութային նույնական հիմքն ու ժառանգականությունը: Զարմանալին այստեղ ոչ թե արդեն բացահայտի ավելորդ բացահայտումն է, այլ այն թեթևությունը, պատասխանատվության այն դեֆիցիտը, որով խոսվում է պետության հիմքերը քանդող այս երեւույթի մասին` կամա թե ակամա լեգիտիմացնելով այն:

Այս տեսանկյունից անձնական շահերը հետին պլան մղելու, ժամանակավորապես մոռանալու մասին կոչերը դառնում են պոպուլիստական: Որովհետև խնդիրը ոչ թե պատգամավորների մեջ է, այլ այդ հակամշակույթի, որով շնչում ու արտաշնչում է իշխանական համակարգը, որն այդ իշխանության հիմնական բնութագրիչն է, նրա էության մի կարևոր բաղադրիչը, որի ապառաժներին բախվելով` ջարդուփշուր են լինում բոլոր արժեքներն ու սպասումները:

Օրինակ` նախագահը ՀՀԿ-ական պատգամավորներից ակնկալում է լինել զինվորներ` հայտարարելով. «Մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի»:

Նախ`պետք է հասկանալ, թե արդյոք նախագահն իր կուսակիցներից ակնկալում է լինել երկրի՞, կուսակցությա՞ն, թե՞ անձամբ իր զինվորները: Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի և իշխանության ժառանգման հարցերի հասունացումը` թվում է, թե խոսքը վերաբերում է վերջին երկուսին, որոնք էությամբ այնքան էլ տարբեր չեն: Բայց խնդիրն այդ չէ, այլ այն, որ նախագահը բոլորովին սխալ տեղ է «զինվորներ» փնտրում, և որ սխալ է ինքնին հարցադրման հիմքը: Այն համակարգը, որը դաստաիրակում է  անձնական շահերով առաջնորդվողների էլիտա, և որն ինքնին դառնում է այդ շահի սպասավորը, չի կարող զինվոր ունենալ, քանի որ այն ենթադրում է բավարար նվիրվածություն, գաղափարականություն, ազնվություն, որոշակի արժեքային կոդեր, քանի որ զինվորի համար սեփական եսը, անձնական շահը ամենավերջին տեղում է: Նման համակարգը առավելագույնը կարող է ունենալ վարձկաններ, որոնց համար միակ արժեքը, միակ մոտիվացիան, միակ խրամատը անձնական շահի բավարարումն է: Եվ գուցե դա էր պատճառը, որ ԱԺ այս նստաշրջանի հենց առաջին օրն այդ «զինվորների» մի մասը հոգու նույն թեթևությամբ, առանց իր վրա կուսակցության և երկրի ղեկավարի հորդորների, պահանջների բարոյական ճնշումը զգալու միանգամից դարձավ դասալիք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter