HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ` գլխավոր դատախազին. «Խնդրում եմ վերջ դնել անօրինականություններին, վերականգնել իմ ոտնահարված իրավունքները»

Նունե Եփրեմյանը բաց նամակով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պ-ն Կոստանյան,

Իմ սեփական տան տարածքում` Աբովյան 44 բազմաբնակարանային սեփական շենքում, կատարվել է բացահայտ հանցագործ գործարքների շարք` ուղղված իմ սեփականության դեմ (գործի էությունը մանրամասն կնակարագրվի ստորև):

Շենքի հետ կապված ոչ մի գործարքի մասին շենքի հիմնադիր-անդամ իմ ընտանիքը չի տեղեկացվել: Կայացել են շենքի ընդհանուր ժողովներ, որոնց մասին ես չեմ իմացել և բոլոր որոշումներն ընդունվել են, խախտելով օրենքը, առանց իմ բնակարանի բնակիչների մասնակցության: Շենքի բնակիչների, կողքի շենքերի բնակիչների կողմից կատարվել են բազմաթիվ գործարքներ, որոնք ուղղված են եղել իմ ընտանիքի սեփականության զավթմանը: Այսօր շենքը չունի լիազոր, կատարվող և օրեցօր ավելացող անօրինականությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Փաստորեն կատարվել է իմ` շենքի հիմնադիր-անդամի սեփականության զավթում և վերաբաշխում:

Խնդրում եմ վերջ դնել այդ անօրինականություններին, վերականգնել իմ ոտնահարված իրավունքները, ինչպես նաև պարզել.

ա) շենքի կարգավիճակը /սեփական թե պետական/,

բ) շենքում գրանցված սեփականատերերի ցանկը /կադաստրից և առանձին`թաղապետարանից, քանի որ, իմ տվյալներով, այդ ցուցակները չեն համընկնում/ և սեփականաշնորհման հիմքերը:

գ) հարցում կատարել իմ դիմումի հիման վրա ՀՀ Դատախազությունից «Նորք-Մարաշ» դատարանին  վերահասցեագրված գործի վերաբերյալ (կից տրվում է պատասխանի պատճենը):

Նկարագրեմ գործի էությունը:

Մեր շենքը կառուցվել է 1939 թվականին մեծանուն Ալեքսանդր Թամանյանի տան տարածքում նրա որդու` Գևորգ Թամանյանի գլխավորությամբ 12 անդամներից կազմված կոլեկտիվի կողմից, որոնք մասնակից էին քաղաքի նոր` թամանյանական կերպարի ստեղծմանը: Շենքը, որի հիմքում դրված են նաև Ա. Թամանյանի քանդված տան քարերը, կառուցված է կոլեկտիվի անհատական միջոցներով, նրանց անմիջական մասնակցությամբ, պետությունը չի ծախսել շենքի կառուցման վրա և ոչ մի լումա: Այսինքն` 5-հարկանի մեր բազմաբնակարային շենքը հանդիսանում է կոլեկտիվ հիմունքներով կառուցված սեփական շենք և իրավահասար է սեփական տներին: Շենքն ունի կիսանկուղային տարածք, որից օգտագործման իրավունքով բաժին ունի նաև իմ` թիվ 4 բնակարանը: Օգտագործման իրավունքը իրականացվում է ըստ հատակագծի (հատակագծում ինձ տրամադրված հատվածը նշված է պապիկիս` Անդրանիկ Հարությունյանի անունով, որից ես բնակարանը նվիրատվություն եմ ստացել):

Անկախ Հայաստանի հռչակման առաջին տարիներին մեր նկուղում բարեկամիս կողմից բացվել է կոմպյուտերային խաղերի սրահ, որը, սակայն, մի քանի ամիս անց հիմնատակ կողոպտվել է, հանցագործությունը մինչ օրս չի բացահայտվել: Դրանից հետո մեկ տարի անց, 1992-ին, տարացքը հանձնել ենք վարձակալության Արթուր և Արմեն Առուստամյաններին, որոնք մինչ օրս վարձակալում են այդ տարածքը, մսամթերքի խանութ աշխատացնելով (մեզ վճարելով չնչին գումար ամսեկան վարձ): Համարելով, որ այդքան տարվա ներկայությունը իրենց տալիս է մեծ իրավունքներ, այդ երիտասարդները թաղային հեղինակությունների օգնությամբ կազմակերպել են տարածքի(տարիների ընթացքում հարևանների անօրինական գործողությունների հետևանքով զգալիորեն փոքրացած) զավթումը թաղապետարանի կողմից: Մեր ձեռքերուվ և միջոցներով կառուցված շենքում այդ տարածքը հայտարարվում է համայնքի սեփականություն: Այսինքն` Խորհրդային Հայաստանը նպաստում էր քաղաքացիների մասնավոր սեփականություն ձեռք բերելուն, իսկ այսպես կոչված «դեմոկրատական», հետխորհրդային Հայաստանը օրը-ցերեկով առանց որևէ հիմքերի օտարում է սերունդներով բնիկ երևանցու, այս քաղաքը կառուցողի ժառանգի սեփականությունը: Ավելին` տարածքը դրվում է գաղտնի աճուրդի: Բառացիորեն հրաշքով բացահայտելով այդ փաստը, ես դիմեցի ՀՀ Կառավարություն, որը` դիտարկելով կատարվածի անօրինականության փաստը, արգելեց աճուրդում իմ տարածքի վաճառքը: 2012 թվականին ես կրկին դիմեցի կադաստր` խնդրելով գրանցել իմ սեփականության իրավունքը նկուղիս վերաբերյալ: Նորից ստացա անհեթեթ պատասխան, որ իմ սեփականությունը   «չի իդենտիֆիկացվում», չնայած ուղարկել էի բոլոր փաստաթղթերը, այդ թվում նկուղների նախագիծը, գույքահարկի անդորրագրերը և հարևանների ստորագրությունները: Դատարան դիմելու իմ բոլոր ջանքերն ապարդյուն եղան, քանի որ ես չգտա այնպիսի իրավապաշտպան, որը կհամարձայներ պետական ատյանի դեմ դատական գործում պաշտպանել իմ շահերը: 

Եվ ահա, սույն թվականի հունիսի 3-ին, ստանում եմ նամակ, որով ինձ հրավիրում են «Կենտրոն և Նորք-Մարաշ» առաջին ատյանի դատարան որպես պատասխանող կողմ: Խոսքը հարևանիս` Գագիկ Յաղջյանի նկուղի սեփականաշնորհման մասին է, ընդ որում, չի հասկացվում, թե կոնկրետ որ տարածքն է նա պատրաստվում օտարել շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող նկուղային տարածքից: Այսինքն անհայտ է, թե ինչպես մեկ շենքի պարագայում իմ տարածքը հայտարարվում է օտարված, չնայած ես մինչ օրս էլ գույքահարկ եմ վճարում, իսկ իրենը` սեփական, չնայած նա երբեք գույքահարկ չի վճարել:

Ավելին, Գագիկ Յաղջյանի գործին կցված է մի փաստաթուղթ /Գործ հա. ԵԿԴ/1265/02/14/, որի տակ կա իմ ստորագրությունը /կից ներկայացվում է պատճենը/: Այդ փաստաթղթի տակ իմ ստորագրությունը վերցված է խաբեությամբ, չարաշահելով իմ վստահությունը, բարիացակամ վերաբերմունքը հարևանի` Զինա Սիմոնյան-Յաղջյանի նկատմամբ: Ստորագրել եմ առանց կարդալու` կարծելով, որ իր նկուղը ճիշտ է նկարագրված: Իր ներկայացմամբ չեմ նկատել, որ նշված է շենքի ճակատային մասի մասին, որտեղ Յաղջյանը երբեք նկուղ չի ունեցել: Փաստորեն, նա ինձ է տվել ստորագրության մի փաստաթուղթ, որտեղ տիրանում է հենց իմ նկուղին /այն նախագծում նշված է պապիկիս անունով` Անդրանիկ Հարությունյան/:

Այս ամենի վերաբերյալ դատարանին ներկայացրել եմ հայտարարագիր, կցելով նկուղն իմ սեփականությունը հանդիսանալու մասին մի քանի փաստաթուղթ, սակայն այդ փաստաթղթերը գործին չեն կցվել և անհայտացել ել: Ուստի նյութերը դատարանին ներկայացրել եմ կրկնակի:

Բոլորովին վերջերս իմացա, որ հայտվել է արդեն Աբովյան 44 շենքի մուտքի սեփականատեր, որն իբրև թե աճուրդով գնել է բնակիչների ընդհանուր տարածք հանդիսացող մեր սեփական բազմահարգ տան մուտքը: Բնակիչներից մեկը առաջարկեց վարձել փաստաբան և այդ հարցով հայց ներկայացնել դատարանին: Սակայն եթե նույնիսկ մենք կարողանանք այս հարցում պաշտպանել մեր իրավունքները, կարո՞ղ է արդյոք երաշխիք լինել, որ վաղը ընդհանուր սեփականության մի ուրիշ տարածք չի դրվի աճուրդի:

Բացահայտ անօրինականության շարքից է նաև քաղաքապետ  Տարոն Մարգարյանի ստորագրությամբ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության նախագահ Անահիտ Բախշյանին ուղղված նամակի բովանդակությունը, որտեղ

  1. Բոլոր տարիների իմ նկուղի գույքահարկի վճարման անդորրագրերը հայտարարվել են գոյություն չունեցող այն դեպքում, երբ նույնիսկ ընթացիք 2014 թվականի գույքահարկը վճարված է և անդորրագրերը պահպանված է:
  2. Սեփական տան նկուղը հայտարարված է օտարված այն հիման վրա, որ սեփական տան հիմնադիր-անդամ Անդրանիկ Հարությունյանը նվիրատվություն է կատարել բնակարանը իր թոռնուհուն, Նունե Եփրեմյանին: Բայց քանի որ նկուղը հանդիսանում է շենքի բնակիչների ընդհանուր սեփականություն, ըստ գործող օրենքի այն չի կարող սեփականացվել: Սակայն նկուղն որպես բնակարանին կից սեփականություն նշված է բազմաթիվ փաստաթղթերում:
  3. Նկուղը օտարված է համարվում այն պատճառով, որ այն ոչ թե նկուղ է, այլ կիսանկուղ է, սակայն նույն բարձրության վրա գտնվող կողքի նկուղներն օտարված չեն համարվում, այլ շարունակում են մնալ շենքի բնակիչների սեփականություն:
  4. Մեզ համար անհայտ պատճառներով և անհայտ անձանց կողմից շենքը մտցվել է համայնքի սեփականության ցանկ, դրա հիման վրա կատարվել են գործարքներ: Այն այսօր էլ հայտարարվում է համայնքի սեփականություն, որը ենթակա է վաճառքի աճուրդի միջոցով, սակայն որպես սեփական շենք չի գտնվում և չի կարող գտնվել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում:

 

Այդպիսի օտարված տարածքներից է նաև շենքի մուտքը, որը բոլորովին վերջերս վաճառվել է աճուրդով: Ինչպես նաև սեփականաշնորհված է շենքի ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող կտուրը:

Փետրվարի առաջին օրերին ես` թիվ 4 բնակարանի սեփականատեր Նունե Եփրեմյանս, եղել եմ թաղապետարանում գույքահարկի վճարման կապակցությամբ: Այդ ընթացքում իմ անձնագիրը անհայտացել է, անձնագրի կորուստը նկատել եմ մոտ երկու ամիս հետո, ինչի մասին նշված է ոստիկանություն ուղարկված իմ դիմումում: Թաղապետարանում իմ անձնագրի մասին իբրև թե չեն լսել, այն դեպքում, երբ ես հստակ հիշում եմ, որ հենց այնտեղ եմ կորցրել անձնագիրս: Խնդրում եմ ստուգել, թե այդ ժամանակաշրջանում ինչ գործարքներ են կատարվել իմ անձնագրի տվյալների օգտագործմամբ:

Բակի կողմից շենքի նախկին լիազոր Էդիկ Վրթանեսյանը կողմից մեզանից գողացվել է գարաժը, պատճառաբանելով, որ մեքենա չունենք, «հո վեդրո չեք դնելու»: Բոլորովին վերջերս նա, ինչպես նաև իր կինը, մահացել են: Նրանց երկու որդիները, հրաժարվելով տրամադրել մեզ մեր հասանելիք տարածքը, ասացին, որ «պապան ասել ա, չտաք»: Շենքի նախկին լիազոր Վրթանեսյանը ստորագրել է բոլոր անօրինական գործարքները, որոնք կապված են ընդհանուր սեփականության տարածքի վաճառքի հետ:

Շենքի մուտքը տարիներ շարունակ անհայտ հիմունքներով օգտագործում է Էջմիածնի շրջանի բնակիչ Քյարամ Իբոյանը: Երբ բազմաթիվ բողոքների հետևանքով 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոստիկանությունում գործ հարուցվեց մուտքի անօրինական օգտագործման վերաբերյալ /ոստիկանի անունը Խաչիկ էր/, թիվ 5 բնակարանի բնակիչ Գագիկ Յաղջյանը գրեց և նաև իմ անունից ներկայացրեց մի փաստաթուղթ, ըստ որի մեր շենքի բնակիչները չունեն որևէ բողոք մուտքը քաղ. Քյարամի կողմից օգտագործելու հետ կապված: Անմիջապես դրանից հետո Յաղջյանը կապիտալ վերանորոգում է կատարել իր տանը, ինչը վկայում է նյութական զգալի միջոցներ ստանալու մասին:

Շենքի մուտքի դուռը տարիներ շարունակ կողպված է եղել, ես բանալի չեմ ունեցել և հնարավորություն չեմ ունեցել հսկելու կատարվելիք անօրինական  փոփոխությունները, նոր պատեր շարելը, միջանցքը փոքրացնելու հետ: Սակայն Գագիկ Յաղջյանը վերջերս, որպեսզի քողարկի իր և իր իմացությամբ կատարված անօրինականությունները` անպարկեշտ բառեր օգտագործելով, գոռալով հայտարարեց, որ իբրև թե ես եմ ծածկել դեպի նկուղ տանող միջանցքը:

Ինչպե՞ս բացատրել, որ իմ ճակատային մասում գտնվող նկուղը համարակալվում է անընդհատ և տարբեր կերպ առանց ինձ տեղեկացնելու: Կենտրոն համայնքը տարածքն օտարել է 30 համարի տակ, իսկ շենքի բնակիչներն առանց ինձ տեղեկացնելու համարակալել են (ընդ որում, երկու տարբեր կերպ) նկուղները, իմ նկուղը նշել են թիվ 2, և թաղապետարանում միանգամից երեք հոգի գրանցվել են 44/2 տարածքում. Թամանյան, Յաղջյան, Մալումյան: Հենց «Ֆոտո»-յի սեփականատեր Ռոզա Մալումյանի շենք մտնելուն պես Աբովյան 44-ում սկսվեցին բազմաթիվ անօրինականությունները, այդ թվում աղաղակող էկոլոգիական աղտոտման, քիմիական նյութերի տարածման, բազմաթիվ ահռելի օդարակիչներ հենց իմ պատուհանների տակ տեղադրելու, շենքի հարկերի միջև շաշկերը փոխելու անվան տակ իր տանիքը իմ հաշվին բարձրացնելու և այլ հանգամանքների հետ կապված: Սակայն ամենաստոր քայլերից էր այն, որ Ռոզա Մալումյանը ձևակերպել է իմ նկուղը իբրև «1բ» տարածք, ասել է թե իրեն պատկանող բնակարանի բաղկացուցիչ մասը, ինչի մասին ես վերջերս իմացա, նկատելով, որ մսի խանութի էլեկտրականության հաշվիչի վրա գրված է «1բ-միս»:

Խնդրում եմ կասեցնել անօրինականությունների այս շարանը, վերականգնել իմ սեփականության իրավունքը որպես շենքի հիմնադիր-անդամ նկուղային տարածքների նկատմամբ: Բացահայտել այս իրավիճակի մեղավորներին` լինեն դրանք շենքի բնակիչներ թե այլ անձինք:

Հավելեմ, որ տարիներ շարունակ այս հարցերին ոչ մի կերպ  պատասխան չի գտնվում, և եթե Դուք կարողանաք դրանցում պարզություն մտցնել, ես դա կհամարեմ  հրաշագործություն և միաժամանակ`գալիք Հայաստանի արդար և օրինական նկարագրի արդեն տեսանելի ուրվագիծ:

 Նունե Եփրեմյան, հասցե` Աբովյան 44, բն.4 ,  հեռախոս. 010-522932»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter