HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հայ ժողովուրդը iPhone-ով, պլանշետով ոչ խոպան է գնում, ոչ տուալետ»

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 1985թ. և այս տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել: Հերթական փոփոխության հեղինակը ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է:

Վերջինիս նախաձեռնությամբ այսուհետ որոշ իրավախախտումների վերաբերյալ, ինչպիսիք են, օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային, ներառյալ` հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը և այլ գործերով ընդունված որոշումները, պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը:

Օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկվում է առաջին ընթերցումից հետո 24-ժամյա ռեժիմով ընդունելու ընթացակարգով: Այսօր պատգամավորները 112 կող, 0 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով ընդունեցին օրենքի փոփոխությունն առաջին ընթերցմամբ:

Ըստ օրենքի՝ «Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին։ Եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ ճիշտ չի նշել հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը եւ ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաեւ տեղադրվում է Հայստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»:

Տեղեկացնենք, որ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը www.azdarar.am-ն է:

Մարդուն զրկում են հաց գնելու հնարավորությունից 

Նախագծի հեղինակ Ա. Հովհաննիսյանը պատգամավորներին ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները: Վերջիններս նշում էին, որ սա մի քայլ առաջ է և ողջունելի, սակայն մտահոգվում էին, որ խնդիրը լուծելու համար համակարգային մոտեցում է պետք:

ԱԺ պետական իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը, ով հարակից զեկուցող էր, ասաց, որ 24-ժամյա ռեժիմ են ընտրել, որպեսզի օր առաջ լուծվեն քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով հարակից զեկուցողին, ասաց, որ նախագիծն էական ու կարևոր է, բայց չի լուծում այն խնդիրը, որի մասին խոսում են բոլորը: Նրա խոսքո`վ՝ փոփոխությունը կատարվում է վարչական տուգանքի մասին որոշումը հասցեատիրոջը հասցնելու վերաբերյալ, բայց մինչ այդ, ըստ էության, պետք է գործի անձին լսելու, փաստարկները համապատասխան վարչական մարմնում քննարկելու մեխանիզմը:

«Դեռևս ոչ ոք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 32-րդ հոդվածը չի վերացրել, որով հստակ ասվում է՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Ասացեք խնդրեմ` մինչև տուգանքի մասին որոշում կայացնելը, ինչպե՞ս է վարչական մարմինը սա հաշվի առնում, որ դրանից հետո էլ քննարկենք՝ կայացված որոշումը ոնց պետք է տեղ հասնի»,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Նա ավելացրեց, որ վարչական մարմինը անձին պետք է հայտնաբերի մինչև տուգանքի մասին որոշում կայացնելը: Ըստ Մինասյանի՝ հարցը քննարկվում է վերջից՝ «քանի որ տուգանել ենք, պետք է որոշումը տեղ հասցնենք»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ պատգամավորի բարձրացրած հարցը համակարգային խնդիրներին է վերաբերում, ոչ թե այն կարգավորմանը, որը հեղինակներն այս փոփոխությամբ են առաջ քաշում: Է. Մարուքյանի խոսքով՝ վարչական մարմինների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումներ կայացնելու և դրանց իրականացման հետ կապված չկա միասնական իրավակիրառ պրակտիկա:

Օրինակ` եթե որևէ համայնքի վարչական հանձնաժողովն է տույժի ենթարկում քաղաքացուն, ասենք՝  անօրինական շինարարություն կատարելու համար, առաջինը քաղաքացուն է ծանուցում և հրավիրում համայնքապետարան՝ վարչական հանձնաժողովի նիստին, որտեղ քաղաքացին կարող է ներկայացնել իր հակափաստարկները կամ ընդունել օրինախախտումը: Դրանից հետո է միայն հանձնաժողովը պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնում և ուղարկում հասցեատիրոջը: Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին, ապա կա երկու տարբերակ.

  1. Երբ խախտում թույլ տալու պահին վարորդին կանգնեցնում է ճանապարհային ոստիկանը, որի հետ հնարավոր է քննարկել խախտումը, և քաղաքացու դեպքում ապահովվում է լսված լինելու իրավունքը, ինչից հետո վերջինս տուգանվում է կամ ոչ:
  2. Երբ իրավախախտումն արձանագրվում է տեսանկարահանող սարքի կամ արագաչափի կողմից, լսված լինելու իրավունքը չի պահպանվում:

Հարակից զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ևս ներկայացրեց կառավարության դիրքորոշումը՝ ընդունելի համարելով պատգամավոր Հովհաննիսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը:

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատմեց, որ օրեր առաջ, իր տան դռան վրա հայտնաբերել է փակցված մի գրություն այն մասին, որ նա նամակ ունի: Պատգամավորը ենթադրում է, որ տուգանքի վերաբերյալ նամակ է, ուստի նախարարի տեղակալից հետաքրքրվեց, արդյո՞ք ինքը պատշաճ ծանուցված է և արդյոք պարտավո՞ր է գնալ փոստային բաժանմունք և ստանալ նամակը: Արսեն Մկրտչյանը փարատեց պատգամավորի կասկածները`ասելով, որ այս նախագծի ընդունման դեպքում պատշաճ ծանուցումը չի համարվի:

Ստեփան Մարգարյանին նաև անհանգստացնում էր հաշվառման հասցեով նամակ ուղարկելը, որն, ըստ նոր փոփոխության, համարվելու է պատշաճ ցանուցում: Պատգամավորի խոսքով՝ կարող են լինել իրավիճակներ, երբ քաղաքացին, օրինակ՝ բուժման նպատակով մի քանի ամսով մեկնի Հայաստանից և փոստատարը անձամբ չկարողանա նրան հանձնել նամակը, ուստի հաջորդ քայլը լինելու է քաղաքացու հաշվառման հասցեին նամակ ուղարկելը և ԴԱՀԿ ծառայության միջոցով նրա բանկային հաշիվների վրա կալանք դնելը:

«Եթե մենք առանց դատարանի կալանք ենք դնում, մարդուն զրկում ենք վերադառնալուց հետո հաց գնելու հնարավորությունից: Դատարանը կարող էր, ասենք, հաշվի առնելով մարդու վիճակը, այլ որոշում կայացնել, բայց քանի որ մեխանիկորեն գործում է մի գործընթաց, մարդուն զրկում ենք ամեն ինչից: Արդյոք ձև չկա՞ սա շտկելու»,- դիմելով Արսեն Մկրտչյանին` ասաց պատգամավորը:

Նշենք, որ հիմնականում պատգամավորները պահանջում էին համակարգային մոտեցում ցուցաբերել և միատեսակ կարգավորումներով հարցը լուծել: Արսեն Մկրտչյանն ասաց, որ կառավարությունը առաջիկայում հանդես է գալու օրենսդրական փաթեթով, և բարձրացված որոշ հարցեր լուծում կստանան:
Նախարարի տեղակալը նշեց, որ եթե անձը ստացել է վարչական ակտը և չի բողոքարկել, իսկ վարչական ակտը մտել է օրինական ուժի մեջ, ապա իրավական պետությունում, չբողոքարկված, չվիճարկված վարչական ակտը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել:

Իր ելույթում Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ հայ ժողովուրդը iPhone-ով, պլանշետով ոչ խոպան է գնում, ոչ «տուալետ». ոչ էլ սար, որ կարողանան ինտերնետային կայքէջերի միջոցով տեղեկանալ ծանուցումների մասին: Ընդհանուր առմամբ, ընդիմադիր պատգամավորը դրական գնահատեց այս նախագիծը և արդարացրեց հապճեպ ընդունումը՝ պատճառաբանելով, որ երեկ, դրա առաջին օրը, այսօր այդ խախտումները շարունակվում են, և ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները: «Ինչքան շուտ սա ընդունենք, այնքան շուտ սրանից կազատվենք»,-ասում է Գ. Ջհանգիրյանը` խորհուրդ տալով պատգամավորներին իրենց գիտելիքներն ի ցույց չդնել եւ «օգնելով Արփինե Հովհաննիսյանին», արագ քննարկել ու քվեարկել նախագծի օգտին:

Արծվիկ Մինասյանը դարձյալ կարևորելով համակարգային փոփոխությունները վեր հանեց օրենքի հակասությունները՝ հատկապես ժամկետների առումով: Պատգամավորն այդ համատեքստում ընդգծեց նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որի անունից հասկացվում է, որ պետք է կատարի դատարանի ակտերը, այս դեպքում կատարում է վարչական մարմնի որոշումները:

«Եթե լուծում ենք, լուծենք ըստ էության: Շատ լավ նախաձեռնություն է, բայց ասածս հետևյալն է՝ նախաձեռնությունը զարգացնենք, բայց մինչ այդ չստեղծենք պատրանք, թե հարցը լուծել ենք: Հանրությունը, երբ լսում է այս ամենը, տպավորություն կարող է ստեղծվել, որ իրենց հարցերը այս մասով լուծվեցին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ չենք լուծել»,-ավելացրեց Արծվիկ Մինասյանը:

Քննարկումներից հետո նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այն կարգավորումները, որոնք այսօր քաղաքացիներին մեծ անհարմարություններ են պատճառում, ընդունվել է դեռևս 2012թ-ին, և ԱԺ-ում բոլորը կողմ են քվեարկել: Ա. Հովհաննիսյանի կարծիքով՝ նախագծով արել է առավելագույնը, որպեսզի խնդիրը լուծվի, իսկ եթե կան այլ առաջարկներ, որոնք կբարելավեն վիճակը, պատրաստ է ընդունել՝ չակընկալելով ծափահարություններ և ջերմ խոսքեր իր հասցեին:

Նշենք, որ մինչև երկրորդ ընթերցումը նախագծում փոփոխություններ են լինելու: Մասնավորապես, առաջարկվում է ավելացնել նաև տեխնիկական այլ միջոցներով՝ բջջային հեռախոսին, էլ. փոստին հաղորդագրություն ուղարկելը, ֆաքսով ուղարկելը և այլն, համարել ծանուցումն անձամբ ստացած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter